Բանակն էլ է այլասերվել

Բանակն էլ է այլասերվել
Հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ



- Մարտունիում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ վեց զինծառայող զոհվեց (մի զինվոր կրակել էր հինգ հոգու վրա, ապա ինքնասպան եղել), շատ ուշ կհասներ հասարակությանը, եթե այդ մասին Դուք չահազանգեիք: Ե՞րբ եւ ինչպե՞ս եք իմացել այդ միջադեպի մասին, ումի՞ց:



- Սպանվածներից մեկը վանաձորցի էր, այդ ինֆորմացիայի հիման վրա ճշտել եմ, որ համապատասխանում է իրականությանը, հուլիսի 29-ին եմ ես իմացել:



- Դուք տարիներ շարունակ զբաղվում եք իրավապաշտպան գործունեությամբ եւ հատկապես բանակի դեպքերով: Ձեր կարծիքով նման դեպքերն ինչի՞ հետեւանք են:



-  Խնդիրն այն չէ, թե խաղաղ պայմաններում ու 2 օրվա մեջ 7 զոհ, եթե ընդունենք Պետդեպարտամենտի զեկույցը, որ 42 մահվան դեպք է գրանցվել 2009-ին, ապա դուրս է գալիս, որ ամսվա մեջ 3-4 մարդ է զոհվել, ու շաբաթական 1 հոգու մահը բավականին մեծ թիվ է: Անցած տարվա 42 մահացության դեպքերի մասին միայն ունենք պաշտոնական տեղեկություններ, բայց մենք դրան չենք վստահում ու մեծ կասկածներ ունենք պաշտոնական տվյալների կամ մահվան հանգամանքների վերաբերյալ: Խաղաղ պայմաններում 42 մահվան դեպքն էլ պակաս շոկային չէ, դրան էլ գումարած այն բազմաթիվ ծնողները, որոնք քանի տարի է իրենց երեխաների մահվան  դեպքերի հետ կապված՝ անորոշության մեջ են: Սա առաջին հերթին զինված ուժերում տիրող իրավիճակի տրամաբանական շարունակությունն է, մյուս կողմից էլ պաշտպանության նախարարության նմանատիպ դեպքերի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի, կոծկելու, սվաղելու տարբերակն է: Եթե բարձրաստիճան հրամանատարները ժամանակի ամբողջ մասը չեն ծախսում իրենց անմիջական պարտականությունների վրա, այլ ծախսում են բիզնեսի վրա, դա, բնականաբար, պետք է բերեր նման տխուր հետեւանքների:



Բազմաթիվ են դեպքերը, երբ ոչ կանոնադրական հարաբերությունները զինված ուժերում, հանցագործությունները, պատասխանատուների անգործությունը, նրանց սերտաճումը բիզնեսի հետ հանգեցնում են նրան, որ ստեղծված է հանցագործությունները կոծկելու, իրական կատարողին թաքցնելու եւ անպատժելիության մթնոլորտ:



- Իսկ որտեղի՞ց է սկսվում բանակի խնդիրների շարանը:



- Չի կարելի արհեստականորեն տարանջատել. իհարկե, զինված ուժերը չենք կարող մեկուսացնել երկրում: Քաղաքական ղեկավարությունը, որն այդ նույն զինված ուժերին օգտագործում է խաղաղ ցուցարարների դեմ, բնականաբար, դա էլ է բերում այլասերման: Ըստ էության, զինվորին նրանք պետք է դաստիարակեն որպես հայրենիքի պաշտպան, բայց երբ նրան օգտագործում են սեփական քաղաքացիների դեմ, սա եւս չի կարող չայլասերել զինված ուժերը: Իշխանությունն այսօր իր գործելակերպով մաֆիոզ բնույթ է կրում, այսինքն ոչ թե իրավական մեխանիզմներն են գործում, այլ կրիմինալ կանոններ, որի հետեւանքը նման դեպքերն են: Հարցն այստեղ միայն զոհերը չեն, իսկ բազմաթիվ վնասվածքները, բռնությունները, որոնց մասին էլ է ասվում, բայց համարժեք ուշադրության չեն արժանանում:



- Իսկ Ձեր կարծիքով որքա՞ն է բանակի ղեկավարության, պաշտպանության նախարարության եւ զինկոմիսարիատների մեղքը այս իրավիճակի համար:



- Զինված ուժերի պատկերը սկսվում է հենց զորակոչից, ճիշտ է, բազմիցս հավաստիացրել են, որ հիվանդ զորակոչիկներին բանակ չպետք է զորակոչել, բայց փաստը մնում է փաստ, որ առողջական լուրջ խնդիրներ ուղեցողներին էլ են զորակոչում: Կարգավորված չէ շարային եւ ոչ շարային ծառայությունը, չկա իրավական փաստաթուղթ մեկը մյուսից տարանջատելու համար: Կոնկրետ այս 6 հոգու դեպքում Կարո Այվազյանը, որ միակողմանի ծնողազուրկ էր, ո՞նց է հայտնվել Մարտունիում, իր բնակավայրից 100 կմ հեռավորության վրա: Նման դեպքեր եղել են ու կան: Էնպիսի մոտեցում կա, որ բանակի մասին պետք է ասել միայն լավը կամ ոչինչ:



- Բռնություններն արդեն նաեւ սպաների հանդեպ են նկատվում: Դրա մասի՞ն ինչ կասեք:



- Եթե մի 5-6 տարի առաջ հիմնականում ավելի շատ ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքներն ազդեցություն էին ունենում կարճաժամկետ զինծառայողների վրա, ապա հիմա արդեն զոհերի կարգավիճակում հայտնվում են նաեւ երիտասարդ սպաները: Ամեն մի դեպքի վերաբերյալ նախաքննություն արվում է, բայց խիստ կասկածելի: Ճշմարտությունը չի բացահայտվում, ու մեզ համար անհայտ է, թե ինչ հետեւությունների է հանգել պաշտպանության գերատեսչությունը այդ իրավիճակը շտկելու համար: Եթե վերլուծություններ արվեին, կքննարկվեին նման դեպքերը: Եթե մի ժամանակ գլուխ էինք գովում, որ Հայաստանում միակ կայացած ինստիտուտը բանակն է, նույնիսկ դա է հիմա ապաշնորհ ղեկավարման հետեւանքով քայքայվում ու տարրալուծվում: Չկա մի բնագավառ, որ ախտահարված չլինի: Սա լուրջ մարտահրավեր է, ու անտարբերությունը կամ պասիվ դիրքորոշումը երաշխիք չէ, որ դու անվտանգ կլինես:



- Ժողովրդական միջավայրում խոսվում է, որ բանակում այսօր գողականներն են տեր ու տնօրենը, եւ բեսպրեդել է տիրում:



- Մի անգամ ես այդ հարցը բարձրացրեցի, ասեցի՝ հրապարակեք բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների, դեպուտատների, խոշոր բիզնեսմենների, նրանց տղաների ցուցակները, որոնք վերջին 10 տարվա ընթացքում ծառայել են բանակում, ու որտեղ են ծառայել: Մինչեւ հիմա չեն հրապարակել: Եթե իրենք ուզում են վստահենք իրենց, թող հրապարակեն: Ցանկացած համագործակցություն առաջին հերթին փոխադարձ վստահություն է ենթադրում, իսկ դրա համար էլ առնվազն պետք է հավաստի տվյալների հաղորդում:



- Վերադառնանք Մարտունու դեպքին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ մինչեւ վերջին պահը պաշտոնապես ոչինչ չէին հայտնում:



- Դա հերթական անգամ խոսում է իրենց անպատրաստվածության եւ կամքի բացակայության մասին՝ լինել ազնիվ եւ աշխատել թափանցիկ: Միայն հասարակության ճնշման տակ, երբ տեսնում են, որ այլընտրանքային ճանապարհով տեղեկությունները դուրս են գալիս, ստիպված ընդունում են այն, ինչը որ կա: Եթե Դուք թերթում պատմել էիք այդ երեխայի մարմնի նեխածության մասին, արդեն իմ մոտ կասկած է առաջանում՝ արդյոք երեխան այդ ժամանա՞կ է սպանվել, թե՞ ավելի շուտ: Որովհետեւ այդքան կարճ ժամանակում դիակի հետ նման բան չէր կարող լինել:



- Անվտա՞նգ է այսօր զինվորը բանակում: Ինչպիսի՞ բանակ ունենք մենք այսօր եւ ուր ենք ուղարկում մեր տղաներին՝ երկու տարի ժամկետով:



- ՀՀ քաղաքացին, անկախ իր կարգավիճակից ու աստիճանից, չունի անվտանգության երաշխիքներ: Պետությունը չի տալիս անվտանգության երաշխիքներ: Սահմանամերձից բացի, ուրիշ տեղերում էլ են նման դեպքեր լինում: Տարիներ առաջ Վանաձորի ԴՈւՑ-ում մի զինվոր խեղդվեց, ինչո՞ւ, որովհետեւ խոզ էր պահում: Զինվորն ինչի՞ պետք է խոզ պահեր, ո՞վ դրանով հետաքրքրվեց կամ քննության առարկա դարձրեց: Դրա համար ո՞վ պատասխանատվություն կրեց: Ամեն մի կոնկրետ դեպք չի դառնում լուրջ ուսումնասիրման առարկա: Եթե հանցագործությունները ոչ թե բացահայտում են, այլ կոծկում, պարզ է, որ պետք է իրենց տրամաբանական շարունակությունն ունենան:



- Մարտունու դեպքի հետ կապված որքանո՞վ եք հավատում պաշտոնական վարկածին:



- Պաշտպանության նախարարությունը եւ նախաքննության մարմինները որեւիցէ հիմք չեն տվել մինչեւ հիմա իրենց գործելակերպով, որ վստահենք նրանց վարկածներին: Ավելի շատ չվստահելու հիմքեր են տվել: Ես որեւիցէ երաշխիք չունեմ, որ այս գործի քննության հետ կապված բռնություններ չեն կիրառվում այդ զոհվածների հետ ծառայող զինվորների նկատմամբ: Ինչի՞ չեն ասում այն զինվորի անուն-ազգանունը, որն այդ ժամանակ պոստում քնած է եղել, նա կենդանի է մնացել, մենք որոշ ժամանակ անց կասենք դա: Ես մտահոգություն ունեմ, որ այս ամենը կկոտրեն նրա վրա, կասեն, որ քո քնելու հետեւանքով այս ամեն ինչը կատարվեց:



Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Վանաձոր