ՀՀ ԱԳՆ պորտաբույծները հանուն ադրբեջանական ԶԼՄ-ների

ՀՀ ԱԳՆ պորտաբույծները հանուն ադրբեջանական ԶԼՄ-ների
Ռեժիմի բոլոր կառույցներում գոյություն ունեցող, այսպես կոչված՝ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունների միակ առաքելությունը լրագրողների նյարդերը քայքայելու եւ կառույցն ընդհանրապես ու շեֆերին՝ մասնավորապես, մեզանից պաշտպանելն է: Գերատեսչական այդ ցերբերները, ինչպես առասպելական տարտարոսի դարպասները հսկող արարածներ, անգամ հեռախոսով են հաջողում կրծել այն լրագրողի կոկորդը, որն իրենց ձեռնասուն "փիառշչիկը" չէ: Երեկ մենք զանգահարեցինք ՀՀ ԱԳՆ ու փորձեցինք ճշտել ՌԴ նախագահ Մեդվեդեւի այցելության ժամկետը՝ Երկիր Նաիրի, Հայաստան, էլի: Լրատվամիջոցների հետ աշխատելու համար արտաքին գերատեսչության կազմում գոյություն ունի "կադրերով" հագեցած կառույց, անունը հայտնի՝ մամուլի եւ տեղեկատվության վարչություն, որն ունի պետ, ավելի ճիշտ, պետի պաշտոնակատար՝ Տիգրան Մկրտչյան: Նույն տեղում՝ "Լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պ/կ" եւ տեղեկատվական բաժնի պետ: Սրանք ունեն խորհրդականներ, բաժնի աշխատողներ ու ստաժորներ, որոնց գոյությունը պահպանվում է պետական բյուջեից, այսինքն այն հասարակության հարկերի հաշվին, որին տեղեկություն տրամադրելու համար էլ լրագրողները դիմում են իրենց: ԱԳՆ-ն ունի նաեւ մամուլի խոսնակ՝ առանձին, լրագրողներին քաջ հայտնի Տիգրան Բալայանն է, Հայաստանի Սահմանադրության "պահապան հրեշտակի"՝ Կիմ Բալայանի որդին:



Երկու Տիգրանների մասին խոսելիս ԱԳՆ այլ աշխատակիցներ ասում են, որ շատ կիրթ երիտասարդներ են: Նրանց հետ մեր շփումները, որն իրականում չարչարանք է, հակառակն են ապացուցում:  Ցանկացած, նույնիսկ ամենատրիվիալ հարցը ճշտելիս, երբ նրանցից պահանջվում է ամենակարճ պատասխանը՝ "այո" կամ "ոչ", վերածվում է անլուծելի հարցի: Ռոբոտի պես անմիջապես միանում են. "Ձեր հարցերն ուղարկեք գրավոր": Մի կողմ թողնելով այն փաստը, որ գրավոր հարցերը նետվում են դանայան տակառն ու երբեք պատասխան չեն ստանում, անդրադառնանք Մեդվեդեւի այցի ժամկետների ճշտմանը:



Ադրբեջանական day.az-ը երեկ գրել էր, որ Հայաստանի ԱԳՆ-ում իրենց աղբյուրը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Երեւան կժամանի օգոստոսի 19-ին: Թեկուզ "հարեւան երկրի ջրաղացին" ջուր լցնելու ԱԳՆ-ի հերթական կշտամբանքը չստանալու նպատակով, վատնեցինք ամբողջ աշխատանքային օր, որպեսզի իրենցից ճշտենք այդ լուրն ու հղում չանենք day.az-ին: Մի կողմ թողնենք Հայաստանի ԱԳՆ-ում ադրբեջանական լրատվամիջոցի աղբյուրը հայտնաբերելու հարցը, որը ԱԳՆ ղեկավարության խնդիրն է, ներկայացնենք պաշտոնապես մեզ համար որպես աղբյուր հանդիսացողների վարքագիծը: Երեկ մեկ այլ հարցով արդեն զանգել էինք Տիգրան Բալայանի բջջային համարին ու ստացել սպառիչ պատասխան՝ "ես արձակուրդում եմ":



Հարգելով մարդու հանգստի իրավունքը, փորձեցինք կապվել մամուլի եւ տեղեկատվության վարչության հետ: Խոսափողը բարձրացրեց մեկն ու ասաց, որ ստաժոր է: Խնդրեցինք փոխանցել նրան, ով ստաժոր չէ: Հետո սկսվեց ԱԳՆ կոնցեպտուալ՝ ֆուտբոլային գործելաոճին ծանոթանալու չարչարող պրոցես: Բոլորը հերթով ասացին, որ իրավասու չեն պատասխանել իմ հարցին: Հարցն էլ հա՞րց լիներ՝ "ժամկետը հաստատվե՞լ է, թե՞ ոչ": Խնդրեցի միացնել պետի պաշտոնակատար Տիգրան Մկրտչյանին: Ասացին, որ դուրս է եկել: Աշխատանքային ժամ էր: Խնդրեցի տալ նրա բջջային հեռախոսը: Դիմադրեցին, բայց տվեցին: Կապվեցի: Իրոք դրսում էր: Փողոցի աղմուկի ֆոնին կրկին միացավ ԱԳՆ ցերբերի չիպը՝ "ձեր հարցերն ուղարկեք գրավոր": Բայց հարց չէ, ասում եմ, ընդամենը պետք է ճշտեմ:



Կրկին միացավ այդ "կիրթ երիտասարդի" ինքնապատասխանիչը: Ստիպված էի վեճի բռնվել, պահանջել, որ աշխատի: Սա գործի գցեց հաջորդ զենքը՝ արհամարհանքը, ու մուննաթ եկավ, թե` զանգել եք իմ ձեռքի համարին: Կրկին ստիպված էի հիշեցնել նրան, որ աշխատանքային ժամ է, ու եթե աշխատատեղում լիներ, կզանգեի քաղաքային համարով: Սա անդրդվելի էր: Հետո, իհարկե, պետք է միջնորդ գտներ, որը պիտի խնդրեր, որ "չփչացնեմ" այդ "կիրթ երիտասարդին", քանի որ անփորձ է, նորանշանակ, բայց, այնուամենայնիվ, կիրթ ու խոստումնալից: Վայրկյան անգամ չկասկածելով, որ նրանից դուրս կգա հերթական ցերբերը, ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի ԱԳՆ-ն ավելի հաճույքով ու օպերատիվ է աշխատում ադրբեջանական լրատվամիջոցների, քան մեզ հետ՝ այն պարզ պատճառով, որ ազերիներից չեն պահանջում հարցերը գրավոր ներկայացնել: Թեպետ" միգուցե պահանջո՞ւմ են: