Ամառն ու "մերոնց" հանգիստը
Արցախի կառավարությունում, եթե դատելու լինենք վերջինիս պաշտոնական կայքից, վերջին անգամ կենդանության նշաններ են երեւացել օգոստոսի 2-ին, երբ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ստորագրած որոշմամբ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ: Արցախի նախագահի ամառային առօրյան ավելի հագեցած է եղել՝ օգոստոսի 4-ին Տիգրան Կարապետիչի հետ "ներհայկական կապերն" ամրապնդելուց հետո հաջորդ օրն անմիջապես հրամանագիր է ստորագրել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանելու վերաբերյալ։
Այդ հանձնաժողովի կազմում են Արցախի նախագահի 3 ներկայացուցիչ, 2-ական ներկայացուցիչներ էլ "Ազատ հայրենիք", ՀՅԴ կուսակցություններից ու Արցախի ժողովրդավարական կուսակցությունից։ Բարեբախտաբար, Ղարաբաղում ընդդիմություն չկա, բոլոր քաղաքական ուժերը "մերոնք" են, ուստի հարկ չկար չեղած բանից մարդիկ ընդգրկել նորընտիր հանձնաժողովի կազմում։ Մոտակա տարիներին ինչ ընտրություններ էլ լինեն, Արցախում մշտապես "մերոնք" են ընտրվելու, իսկ դա նշանակում է, որ առնվազն մոտակա հնգամյակում երկրի ապագան հուսալի ձեռքերում է լինելու։
Իսկ հիմա Արցախում շոգ ամառ է. "մերոնք" հանգստանում են։
Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կարծիքներ