Աշխարհի ամենալավ ոստիկանապետը

Աշխարհի ամենալավ ոստիկանապետը
Որքան սրվում է երկրում կրիմինոգեն վիճակը, այնքան ավելի ակտիվանում են ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի վոյաժները մարզերում: Երեկ, շարունակելով մարզային այցելությունները, նա հանդիպումներ է ունեցել Եղեգնաձորի, Վայքի ու Ջերմուկի ոստիկանների հետ: Եղեգնաձորում ոստիկանության աշխատողներին է ներկայացրել նոր պետին. նախկին պետն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից ոստիկանության կոլեգիայի վերջին նիստում: Ապա դասախոսություն է կարդացել մարզերի ոստիկանների համար՝ խոսելով "հանցավորության դեմ պայքարում մարզի ստորաբաժանումների արձանագրած անբավարար արդյունքների եւ դրանց պատճառների մասին", հետո հանձնարարականներ է տվել, թե ինչպես բարելավել "անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտը", բարձրացնել "բացահայտման աշխատանքների արդյունավետությունը", վերականգնել "ոստիկանության լավագույն ավանդույթները":



Ոստիկանապետը կրկին անդրադարձել է իր սիրած թեմային՝ ոստիկանության հեղինակության բարձրացմանը: Եվ հանձնարարել է "ամեն ինչով աջակցել քաղաքացիներին, ընդգծված վերաբերմունք ունենալ ոստիկանի պահվածքի ու վարվելակերպի հանդեպ, անել առավելագույնը` հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ": Իսկ վերջում, "արդեն ձեւավորված ավանդույթին ու իր սկզբունքներին հավատարիմ", Ալիկ Սարգսյանը շրջել է Ջերմուկում, հանդիպել բնակիչների եւ հանգստացողների հետ, որոնք, ըստ ոստիկանության հաղորդագրության, "իրենց գոհունակությունն են հայտնել ոստիկանների ծառայության կապակցությամբ": Մնում է այդ գոհունակություն հայտնողներից մեկն էլ պատահմամբ մեզ հանդիպի: