Պատասխանատվությո՞ւն, թե՞ պիղատոսություն

Պատասխանատվությո՞ւն, թե՞ պիղատոսություն
"Ղարաբաղ" կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը  Հայաստանի պետականության պահպանման ու հարատեւման հարցը համարում է ինչպես իր անձնական, այնպես էլ երկրի ամեն մի քաղաքացու առանձին խնդիրը, որը լուծելու միակ ճանապարհը համախմբումն է:



- Պարոն Ղազարյան, 88-ի եւ 2008-ի շարժումները շատ են նույնացնում այն իմաստով, որ երկու դեպքում էլ ժողովրդի զարթոնքն ակնառու էր. առաջին անգամ՝ ազգային խնդիր  լուծելու, այժմ՝ ներքին: Երկու դեպքում էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն առանցքային դերակատարություն ուներ: Բայց եթե 88-ին նրա շուրջը կային մարդիկ, թիմ, որի  յուրաքանչյուր անդամը հասարակության կողմից ընկալվում էր որպես առանձին վերցրած առաջնորդ ու վայելում էր ժողովրդի վստահությունն ու համակրանքը, ապա այս անգամ, անկեղծ ասած, Միայն Տեր-Պետրոսյանն է այդպիսին ընկալվում ու շատ դեպքերում դիտվում է որպես մի շատ ծանր բեռ ուսերին առած մարդ, Աստծո մենակը` ես կասեի: Ի՞նչ եղավ այն թիմը, որը ժամանակին բովանդակ պատասխանատվությունը կրում էր իր ուսերին:



- Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը նախկին թիմով հնարավոր չէր: Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումը, ցավոք, արդյունք չտվեց: Ես չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ: Ռաֆայել Ղազարյանը մահամերձ վիճակում կանգնեց նրա կողքին: Աշոտ Մանուչարյանի մոտեցումները, փիլիսոփայությունը, աշխարհայացքը թեպետ տարբերվում է, բայց վկայում եմ, որ Մանուչարյանն առաջին օրվանից աջակցել է ընդդիմությանը: Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած մարդկանցից շատերը լուրջ գործոն են քաղաքական դաշտում: Նրանցից Ղարաբաղի հարցում ես պատասխանատու համարում եմ, օրինակ, Արամ Սարգսյանին, իսկ ահա Ստեփան Դեմիրճյանին, որը հաղթած նախագահ է, ես չեմ կարող ծանրաբեռնել պատասխանատվությամբ՝  ղարաբաղյան շարժման առումով: ՀԱԿ-ում հավաքված քաղաքական ուժերը, հասարակական նախաձեռնություններն ու անհատներ շատ կարեւոր գործոն են իրականում, ու նրանց շնորհիվ կայացավ միակ ընդդիմությունը՝ ավգյան ախոռները մաքրելու եւ ավազակապետիկներից ձերբազատվելու նպատակով:



- 2008-ի մարտի մեկից հետո իրավիճակ փոխվեց: Հանրահավաքները  դադարեցրին Ղարաբաղի հարցի լուծմանը չխոչընդոտելու եւ ներքին ցնցումներից երկիրը զերծ պահելու ու վտանգավոր ելքերը ընդդիմությանը չվերագրվելու մտայնությամբ:  Սեպտեմբերից նորից սկսում են հանրահավաքների սեզոնը` այսպես ասած: Ձեր կարծիքով, ի՞նչ կոչ պիտի հնչեցնի առաջնորդը, որին պիտի արձագանքի ժողովուրդը: Ի վերջո մարդիկ, այսօր ռեժիմի գործունեության մասին գնահատականներ ու արձանագրություններ լսելուց բացի, կոնկրետ քայլեր են ակնկալում:



- Նախ պիտի ասեմ, որ աշնանային հանրահավաքները սկսելուց առաջ պետք է համալրել ընդդիմության շարքերը: Իրավիճակն իրոք, թեկուզ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի տրամաբանությամբ, օրհասական է, ու ստի համախմբման հարցը դառնում է հրամայական` համակարգային փոփոխություններ կատարելու առումով: Ես կարծում եմ, որ այս անգամ հարթակում պիտի լինի նաեւ այն մարդկանց խումբը, որոնք 88-ից են պատասխանատու: Որովհետեւ իրոք, պատասխանատվության բեռը, Տեր-Պետրոսյանից բացի, այլ անձանց վրա բաշխելու անհրաժեշտություն կա: Իսկ ես տեսնում եմ այդ թիմը, կան այդ մարդիկ ու կգնան-կկանգնեն հարթակում, ու ժողովուրդը կտեսնի առավել վճռական թիմ:



- Իսկապես: Երբ խոսում եմ մարդկանց հետ, երբ նրանք հանրահավաքների տպավորությունից դուրս են գալիս, ու ամեն մեկն իր տանը սկսում է մտածել այս շարժման հեռանկարի մասին, ցավով արձանագրում է, որ այդ պահին իրենց մասին, շարժման մասին, մտածում ու մենակ, իր գրասեղանի մոտ աշխատում է Տեր-Պետրոսյանը, այլ ոչ թե մի խումբ մարդիկ, որ նրա հետ միասին գրում են իշխանափոխության բանաձեւը:



- Պատասխանատվություն հասկացությունը շերտավոր է: Ես չէի ասի, որ նրա թիմակիցները խուսափում են պատասխանատվությունից, բայց նաեւ իրավիճակի համար  պատասխանատու են 88-ի առաջնորդները: Եվ Աստված մի արասցե, եթե իրականանան Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի կանխատեսումները, նրանք՝ անխտիր  բոլորը, պատասխանատու են լինելու պատմության առաջ, ինքը հատկապես: Բայց քանի որ համոզված եմ, որ այդ կանխատեսումների հետեւանքները հնարավոր է կանխել, անհրաժեշտ է պատասխանատվության բաշխում կատարել: Պատասխանատվության բեռը կիսելուց խուսափելը ոչ այլ ինչ է, եթե ոչ պիղատոսություն: Արդարացի չէ բեռը դնել մեկ մարդու ուսերին:



- Եթե Ղարաբաղի հարցի լուծման բանալին, ըստ Տեր-Պետրոսյանի, գտնվում է  Ռուսաստանի ձեռքում ու մինչեւ չլուծվի, Հայաստանի հետագա զարգացում չի լինի,  ռեժիմի հրաժարականի պահանջն էլ արդեն ներկայացվել է ու արդյունք չի տվել, ավելին՝ այդ նույն Ռուսաստանի դաբրոյով ճնշվել է, որովհետեւ այս իշխանությունները ձեռնտու են այդ երկրին, ապա ժողովուրդն այս անգամ ի՞նչ պիտի պահանջի, պիտի հավաքվի Ռուսաստանի դեսպանատան առջեւ ու պահանջի հարցի լուծումը, որ կարողանանք առա՞ջ շարժվել: Նորից կրկնեմ, որ հասարակությունը կոնկրետ քայլեր է ակնկալում, իսկ ահա ռեժիմի պրոպագանդան աշխատում է այն ուղղությամբ, որ ժողովուրդը հուսահատվի, որ իսկապես մտածի, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է թոշակի գնալ, որ նրա ետեւից գնացողների թվաքանակը կրճատվի:



- Ես ՀԱԿ-ի ասելիքի մասին իրազեկ չեմ, թեպետ կարող եմ ենթադրել ուղղվածությունը:  Բայց միանշանակ համոզված եմ, որ եթե կրկին խոսենք Ղարաբաղի հարցը լուծվում է-չի լուծվում, status-quo-ն պահվում է-չի պահվում խնդիրների շուրջ ու դրանով պայմանավորենք հանրահավաքի ուղղվածությունը, արդյունքի չենք հասնի: 2007-ից, երբ պայքարը հանուն մարդու ու քաղաքացու էր, ու դա էր ճիշտը, եւ եթե այդ նպատակին հասնելու խնդիրը չշարունակենք հետապնդել, ապա ներքին status-quo-ն կմնա նույնը:



- Լավ, Եղիազար Այնթապցու մասին ակնարկի տրամաբանությամբ հնարավո՞ր է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը Սերժ Սարգսյանին առաջարկի հանդիպել ու խոսել, համոզի նրան,  որ հրաժարական տա հանուն պետականության ու ժողովրդի շահի: Առավել եւս, որ նրանց գաղտնի բանակցությունների մասին առասպելներ են շրջանառվում: Սահմանադրական ճանապարհով իշխանափոխության գաղափարն էլ կարծես թե սպառել է իրեն:



- Հրաժարականն էլ է Սահմանադրական ճանապարհ, թեպետ դեռեւս երդմնակալության օրը՝ 2008-ի  ապրիլի 9-ին, ես իմ հարցազրույցներից մեկում ասել եմ, որ Սերժ Սարգսյանին թույլ չեն տա հրաժարական տալ, եթե անգամ ինքը երկրի շահը գիտակցելով ուզենա հրաժարվել նախագահի աթոռից:  Արտաքին քաղաքական իրավիճակն այժմ փոխվել է: Օրինակ՝ "վերաբեռնում" հասկացությունը... Եթե 88-ին ղարաբաղյան շարժման լիդերներս, այդ թվում նաեւ Ղարաբաղից Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը, կենտրոններից հնչող ազդակներին ի պատասխան ասում էինք. եթե աշխարհն այս է ուզում, այն է ուզում, բա մե՞նք ինչ ենք ուզում...: Հիմա, երբ իրավիճակն օրհասական է, իհարկե կուզենայի, որ հանդիպեին ու խոսեին, ինչպես "մենք" 88-ին: Ի վերջո, եթե Լեւոնն ընդդիմության դաշտում է մենակ, ինչպես դու էիր պնդում, նույն կերպ Սերժ Սարգսյանն է մենակ իշխանության մեջ՝ երկրի ապագայի համար պատասխանատվության առումով: Բա հո օլիգարխնե՞րը չեն պատասխանատու: