Նախարարության շենքը "Ռօսիչ ինվեստին"

Նախարարության շենքը "Ռօսիչ ինվեստին"
Հայաստանի կառավարությունը որոշել է կյանքի կոչել Թամանյանի եւս մեկ նախագիծ` կառավարության շենքի բակում աշտարակ կառուցել, որը, ըստ Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, եղել է Թամանյանի նախագծերում, սակայն գումարի բացակայության պատճառով կյանքի չի կոչվել 30-ական թվականներին: Թամանյանական գաղափարն իրագործելը մեր օրերում կարժենա մոտ 10 մլն. դոլար: Այդ գործի համար ՀՀ կառավարությունը, որպես սեփականություն, ռուսական "ՌՕՍԻՉ ինվեստ" ընկերությանն է տվել մոտ 2 տարի առաջ այրված արդարադատության նախարարության ողջ շենքը՝ 3 հազար 176,85 քմ ընդհանուր մակերեսով, ու հողը՝ 1.219 քմ հողատարածքով, որը գտնվում է Վազգեն Սարգսյան փողոցում՝ Երեւանի սրտում: Այսքանով, սակայն, կառավարությունը չի սահմանափակվել: Ըստ կառավարության որոշման՝ նույն ռուսական "ՌՕՍԻՉ ինվեստ" կազմակերպությանն է տրվել նաեւ Զաքյան փողոցում գտնվող կաթսայատան շենքը` 9.700 խմ ծավալով, եւ 1939,2 քմ զբաղեցրած հողատարածքով, բացի դա՝ նաեւ Զաքյան փողոցում գտնվող լաբորատոր շենքը` 7000 խմ ծավալով, եւ 347 քմ զբաղեցրած հողատարածքով։



Հետաքրքրականն այն է, որ "ՌՕՍԻՉ ինվեստ" ՓԲԸ-ն ռուսական պետական ընկերություն է, որը տեղեկություն է տրամադրում ՌԴ իրավաբանական անձանց գրանցման մասին՝ ՌԴ հարկային ծառայության տվյալների հիման վրա: Այն Երեւանի կենտրոնում բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցելու: Այսպիսով, կառավարությունն ի վերջո լուծեց արդարադատության նախարարության այրված շենքի հարցը: Հիշեցնենք, որ տարբեր վարկածներ կային շենքի վաճառքի հետ կապված. նախկինում կառավարությունը այլ ընկերության՝ "Բարայ Դեւելոփմընթ"-ին էր կառուցապատող ճանաչել, այժմ կառավարության որոշմամբ կառուցապատողը փոխվել է:



Երեկ Շինարարի օրվա առթիվ "Երեւան թյուլիփ" հյուրանոցում կայացած միջոցառմանը հանդիպեցինք Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, որն անմիջապես զբաղվում է նոր կառույցի իրականացման հարցերով: Մեր հարցին, թե ի՞նչ անհրաժեշտություն կար կառավարության շենքի բակում աշտարակ կառուցել, գլխավոր ճարտարապետը պատասխանեց. "Իմպերատիվ անհրաժեշտություն": Ապա՝ "Այսինքն, Հանրապետության հրապարակը պետք է իր հիմնական տեսքը ստանա, եւ կառավարության շենքը պետք է ստանա իր հիմնական ձեւը, եւ դա հրապարակի ճարտարպետության վրա էական ազդեցություն կունենա: Այն ուղղակի ֆինանսական պատճառով չի կառուցվել 30-ական թվականներին, եւ հիմա հնարավորություն արդեն կա, եւ դա կկառուցվի":



Գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ժամանակ առաջ, որպես Թամանյանի ծրագրերի շարունակություն, իրականացրեց նաեւ Հյուսիսային պողոտայի կառուցումը: "Հնարավո՞ր է այս շենքի կառուցապատման արդյունքում էլ պարզվի, որ սա էլ է հեռացել թամանյանական նախագծից, այնպես, ինչպես Հյուսիսային պողոտան": Նարեկ Սարգսյանը պատասխանեց. "Չէ: Պողոտան ավելի լայն է, քան նախատեսված էր Թամանյանի նախագծով՝ 24 մետրի փոխարեն արված է միջին հեռավորությունը 32 մետր: Ինչ վերաբերում է բարձրությանը, Թամանյանը կառուցել է դարի սկզբում, այն ժամանակ շենքերի բարձրությունը 3-4 հարկ էր: Իսկ այս նախագիծը կապ չունի, նույնությամբ ուղղակի կրկնում է Թամանյանի նախագիծը: Նաեւ՝ Թամանյանի մոտ Հյուսիսային պողոտայի նախագիծ գոյություն չի ունեցել: Ընդամենը գլխավոր հատակագծում փողոցն է ցույց տրված եղել: Այլ բան չկա: Նախագիծ, որպես այդպիսին, չի եղել: Իսկ էստեղ նախագիծը կա կառավարության շենքի վրա, եւ դա շատ գեղեցիկ, կարեւոր էլեմենտ է, որը պետք է լինի":



Կառավարության որոշման համաձայն՝ ռուսական ընկերությանը տրված արդարադատության նախարարության նախկին շենքի եւ հարակից կառույցների հողատարածքի արժեքի վճարումն իրականացվելու է "Երեւան քաղաքում Հայաստանի Հանրապետության Կառավարական N1 շենքի բակում բազմահարկ վարչական շենքի կառուցման նախագծի համալիր իրականացման միջոցով": Կառուցապատողն իր միջոցների հաշվին 18 ամսում կառավարության շենքի բակում կառուցելու է 10 մլն. դոլար արժողությամբ բազմահարկ վարչական շենք, որը դառնալու է կառավարության սեփականությունը: Մեր ունեցած տեղեկություններով՝ այստեղ են տեղակայվելու արդարադատության եւ սփյուռքի նախարարությունները: Այլ հարց է, որ կառավարության շենքի շուրջկալի մեջ հայտնված նախարարություններ քաղաքացիների մուտքը թերեւս շատ կդժվարանա: