Դատավորը ձգտում է Գայանե Բաբայանի գործով դռնփակ դատ անել

Դատավորը ձգտում է Գայանե Բաբայանի գործով դռնփակ դատ անել
Գայանե Բաբայանի սպանության գործով դատավարությունը սկսվեց ջղաձիգ մթնոլորտում եւ ավարտվեց սկանդալով: "Դատավորը կաշառք է կերել", "Սա կանխամտածված սպանություն էր", "Դուք սպանողի փաստաբանն եք, ոչ թե դատավոր",- բղավում էին դահլիճում հավաքվածները: Տեղ-տեղ ձեռնամարտ էր սկսվում Գայանեի հարազատների եւ նրան մեքենայի տակ գցող Եղիազարյանի ընկերների միջեւ: Այս պայթյունից հետո դատավորը փորձեց շարունակել նիստը, բայց Գայանեի հղի քույրը, որը նաեւ նրա իրավահաջորդն է դատարանում, իրեն վատ զգաց, ինչի պատճառով նիստը հետաձգվեց մինչեւ օգոստոսի 18-ը:



Բացի Գայանեի հարազատներից եւ ընկերներից, երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարան էին եկել ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ներկայացուցիչ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, լրագրողներ, ՀԱԿ ակտիվիստներ, որոնց հետ լրագրողն ընդհանուր պայքար ուներ՝ մարտի մեկին եւ դրանից առաջ Ազատության հրապարակում, Սարյանի արձանի մոտ, որոնց կողքին էր բողոքի երթերի եւ քաղաքական դատավարությունների ժամանակ: Արդար դատավճռի սպասող այս բազմությունը լարվեց այն բանից հետո, երբ ամբաստանյալ Վահան Եղիազարյանը, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մեջ մեղադրվող (քրօր. 242-րդ հոդված, երկրորդ մաս), ընդունեց իր մեղքը, ինչը որպես մեղմացուցիչ հանգամանք է գրանցվել մեղադրական եզրակացության մեջ, եւ հրաժարվեց դատարանին ցուցմունքներ տալուց:



Իհարկե, դա նրա դատավարական իրավունքն է, սակայն ներկաների ուշադրությունից չվրիպեց այն, որ դատավոր Լեւոն Ավետիսյանը նրա իրավունքների հատկապես այս մասը շատ հանգամանալի եւ տրամաբանական դադարներով բացատրեց: Իսկ Վահան Եղիազարյանն ուշադիր հետեւում էր դատավորի շուրթերին եւ կրկնում այն, ինչ նրանից սպասվում էր: Հետո դատավորը գլուխը տմբտմբացնելով եւ հաղորդավարի առոգանությամբ պատմեց, որ ամբաստանյալը կարող է հրաժարվել նաեւ հարցերին  պատասխանելուց, ու հարցրեց, թե հրաժարվո՞ւմ է արդյոք: Եվ պատասխան եղավ. "Հրաժարվում եմ": Հենց այս պահից էլ սկսվեցին անհանգիստ շարժումներն ու բացականչությունները դահլիճում եւ ավելի շիկացան, երբ Եղիազարյանի պաշտպան Կարինե Ավանեսյանը հարցրեց Գայանե Բաբայանի քրոջը, թե արդյոք ամբաստանյալի հարազատները Գայանեի հուղարկավորության ժամանակ նրան պսակ չե՞ն բերել:



"Ձեր հարցը ինձ վիրավորում է",- պատասխանեց Գայանեի քույր եւ իրավահաջորդ Աիդա Բաբայանը: Ապա փորձեց պաշտպանին բացատրել, որ վշտի մեջ չէր կարող նկատել նման մանրուքներ: Բայց պաշտպանը համառում էր. "Իսկ ճի՞շտ է, որ դուք ջարդել-դեն եք նետել այդ պսակը": "45 տարեկան տաղանդավոր ժուռնալիստ իմ քույրը միայնակ աշխատում էր, պահում էր իր ընտանիքը: Այդ օրը երջանիկ, աշխատավարձը ստացած, գեղեցիկ, հանճարեղ իմ քույրը, որը 5 տարեկանից բանաստեղծություններ էր գրում, որոշեց տոնական ընթրիք անել իր երեխայի եւ ամուսնու հետ, որը մեկ գիշերում ծերացավ,- արցունքը խոսքին խառնեց Աիդան:- Քույրս ուզում էր երջանիկ երեկո վայելել իր ընտանիքի հետ, բայց սպանվեց, որովհետեւ հաբռգած, հարբած, մի ողորմելի կնոջ կողքը դրած այս մեկը վստահ է, որ ոնց էլ վարի մեքենան, անպատիժ է մնալու: Իրա հույսը էդ անպատժելիությունն է": Աիդայի մտքերը բառերից արագ էին վազում, ինչպես ժամանակին վազում էին Գայանեի մտքերը:



Վկաների հարցաքննությունն ավելի բուռն էր: Հատկապես երբ կանչվեց Ղալաջյան ազգանունով մի պատանի, որն ամբաստանյալի քեռորդին էր: Նա պատմեց, որ Վահանի կողքին է եղել վթարի ժամանակ, բայց չէր կարողանում ոչ մի ճշտող հարցի պատասխանել: Նա չգիտեր, թե ինչ շոր էր հագել Վահանն այդ օրը, էլ ովքեր են մասնակցել երշիկի արտադրամասում իրավախախտ վարորդի որդու ծննդյան առթիվ կազմակերպված ուտուշ-խմուշին, ինչու էին հատկապես այդ արտադրամասում իրենք որոշել լակել: Նա մեղադրող Սեփոյանի օգնությամբ հազիվ "հիշեց", որ մեքենայի առաջամասում էր նստած: Իսկ երբ հայտնեց, որ շտապօգնության մեքենայով գնացել է Գայանեի հետ հիվանդանոց, Աիդան չդիմացավ. "Դու չես եղել այնտեղ, ես տեսել էմ շտապօգնության միջի մարդկանց: Վահանի հետ եղածը աղջիկ էր: Դու չէիր, սուտ ես խոսում":



Դատավորն իհարկե անմիջապես օգնության հասավ ամբաստանյալին եւ հանդարտեցրեց տուժողի իրավահաջորդին: Ընդհանրապես նախագահողը չէր տիրապետում դահլիճին: Կարծես դիտավորյալ անհնազանդություն էր հրահրում: Անտեղի նկատողություններ էր անում լուսանկարող լրագրողներին, նրանց վկայականներն էր ստուգում, խոստանում էր բողոքել խմբագիրներին, զոհվածի հարազատներից րոպեն մեկ պահանջում էր ներողություն խնդրել, վիրավորում էր դահլիճում հավաքված մարդկանց: Օրինակ այսպես. "Էսքան անկարգապահ մարդ ո՞նց է հավաքվել մի դահլիճում": Կամ. "Ագրեսիվները արդեն դու՞րս են եկել": Նա նաեւ իրեն թույլ տվեց  քննադատել իրավահաջորդի պաշտպան Հակոբ Ճարոյանին, խորհուրդ տալով նրան ինչ-որ բան չհասկանալու դեպքում հարցնել կողքին նստած երկրորդ պաշտպանին՝ Գիվի Հովհաննիսյանին:



Դատավորի ռեպլիկներից՝ "Չեղած տեղը ինչո՞ւ եք պրոբլեմ ստեղծում", "Ոչ էական բաների վրա եք ֆիքսվում", տպավորություն էր ստեղծվում, թե նա պաշտպանում է ամբաստանյալին կամ էլ, հույզեր հրահրելով, փորձում է մարդկանց հունից հանել, ապա դատավարությունը դռնփակ շարունակելու հարց քննարկել, այսպիսով ազատվելով եւ լրագրողներից, եւ Գայանեի բարեկամներից ու ընկերներից, եւ կաշառք ստանալու մասին նրանց բացականչություններից: