Գուցե այլ երկրներում էլ
Գուցե բոլոր երկրներում էլ նման իրադարձություններ կատարվում են: Եվ գուցե իրավացի է Վահան Շիրխանյանը, երբ ասում է, որ բոլոր պետությունների բանակներում էլ զոհեր են լինում, եւ պետք չէ "հիստերիայի" մեջ ընկնել մի յոթ զոհի կապակցությամբ: Սակայն, չգիտես ինչու, ես այլ բան չեմ կարողանում մտածել, քան այն, թե տեսնես Վահան Շիրխանյանի որդին ծառայե՞լ է բանակում, եւ եթե նրա մտերիմների ու հարազատների մեջ զոհեր լինեին, արդյո՞ք նա նույն կերպ կխոսեր: Գուցե ոչ մի արտառոց բան չկա այն բանում, որ երկու երիտասարդ աղջիկ մուտք են գործել 73-ամյա մի կնոջ բնակարան, կապկպել, ապա ծեծել նրան եւ տարել մոտ 400 հազար դրամ գումար եւ ոսկեղեն: Բայց ես կրկին չեմ կարողանում այլ բան մտածել, քան այն, թե այդ աղջիկներին տեսնես մա՞յր է ծնել, նրանք տատ, քույր, մայր ունե՞ն: Իսկ գուցե սրանք որբանոցո՞ւմ են մեծացել. մանկահասակ տարիքում սրանց փողոց են շպրտել, ու նրանք իրենց դառը մանկության մո՞ւռն են այս կնոջից հանել, նրան նույնացնելով իրենց փողոց շպրտած մոր հետ: Գուցե բոլոր երկրներում էլ պետական չինովնիկը՝ բնապահպանական տեսչության պետը եւ իր տեղակալը ստուգումներ են անցկացնում տարբեր կազմակերպություններում եւ ստուգումների արդյունքներն ամբողջությամբ ցույց չտալու համար, ինչպես մերոնք, մեծ գումար են պահանջում՝ 5 մլն. դրամի չափով: Գումարը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ներկայացուցիչները մշակման ենթարկելուց հետո տվել են տեսչապետին ու կաշառքը ձեռքին բռնել տվել: Բայց ես այնուամենայնիվ կրկին մտածում եմ՝ տեսնես այս տեսչապետն ու իր տեղակալն ինչքա՞ն աշխատավարձ էին ստանում, եւ արժե՞ր 5 միլիոնի համար գնալ այդ քայլին, 7 ու 10 տարվա ազատազրկման պատժի դատապարտվել եւ զրկվել պատիվ-հարգանքից:
Կարծիքներ