Լրագրողի ճակատագիր

Լրագրողի ճակատագիր
Երբ մարդը որոշում է իր կյանքը նվիրել լրագրությանը, նա ընտրություն է կատարում՝ ապրել նորմալ մարդկային կյանքով, ունենալ ընկերներ ու հարազատներ, ութժամյա աշխատանքային օր, ամենամյա արձակո՞ւրդ, թե՞ նվիրվել մի տաժանակիր ու անշնորհակալ աշխատանքի: Մի անհասկանալի "վամպիրի", որը խժռում է ամբողջ ժամանակդ, նորմալ վաստակ չի ապահովում եւ քեզ դարձնում է իր հավերժական ստրուկը: Եթե դու իրապես ծառայում ես քո ընտրած մասնագիտությանը եւ առանց ժամ ու պատարագի լրագրող ես աշխատում, այսինքն՝ հասարակությանը տեղեկացնում ես այն ամենի մասին, ինչ կատարվում է երկրում ու քո շրջապատում, դու չես կարող ապրել այնպես, ինչպես բոլորը: Լրագրողի մասնագիտությունն ընտրած անձը պետք է հրաժարվի ընկերներ, ընտանիք, նորմավորված աշխատանքային օր, մարդկային նորմալ հարաբերություններ ու բարեկեցիկ առօրյա ունենալու մտադրությունից: Նա պետք է հասկանա, որ իր ընտանիքն առաջինն է տուժելու իր մասնագիտությունից: Պետք է գիտակցի, որ անձնական կյանքը շարունակ վտանգվելու է, քանզի ամենավճռական պահին ինքը կարող է զբաղված լինել կամ պարզապես չի կարողանալու լինել  իր կյանքի ընկերոջ կողքին: Նրա մտերիմները պետք է ըմբռնումով մոտենան նրա աշխատանքին, հասկանալով, որ լրագրողի հետ են կապել իրենց կյանքը: Իսկ դա նշանակում է ամենօրյա զրկանքներ, բաժանումներ, բոլոր ծանոթ-բարեկամների հետ հարաբերությունների խզում, քանի որ լրագրող կողակիցդ պարբերաբար "անցնելու" է նրանց վրայով: Լրագրող կին ունեցողները պետք է հասկանան, որ տաք ճաշ, մաքուր գուլպաներ ու տանն իրեն մշտապես սպասող կին ունենալը անիրականանալի երազանքների ոլորտից է: Իսկ լրագրող ամուսին ունեցողները պետք է հրաժարվեն օրը ցերեկով, խաղաղ պայմաններում ամուսնուն տեսնելու հեռանկարից: