Մշակույթի նախարարությունը մենակ Հ1-ին է փող տալիս

Մշակույթի նախարարությունը մենակ Հ1-ին է փող տալիս
Շուրջ 5 տարի է, ինչ Գյումրիում գործում է "Վան" հեռուստաստուդիան, որի հիմնական առաքելությունը ֆիլմարտադրությունն է: Հեռուստաստուդիայի տնօրեն Վահան Ղազարյանի հավաստմամբ՝ իրենց ողջ գործունեության ընթացքում նկարահանել են բազմաթիվ փաստավավերագրական ֆիլմեր` սեփական միջոցներով,  սակայն երկրաշարժի 20-ամյակին նվիրված մեծամասշտաբ ֆիլմին աջակցելու համար դիմել են  վարչապետին, այնտեղից նամակը վերահասցեագրվել է մշակույթի նախարարություն:



"Մշակույթի նախարարությունից մեզ պատասխանում են, որ "20 տարի անց" վավերագրական եւ երկրաշարժին հաջորդող անհետաձգելի փրկարարական աշխատանքները ներկայացնող գիտաճանաչողական, ուսումնական ֆիլմերի ստեղծման համար նախատեսված գումարները հատկացվել են "Փաստավավերագրական ֆիլմերի "Հայկ կինոստուդիա" ՊԱՈԿ-ին, որն արդեն սկսել է ֆիլմերի նկարահանման աշխատանքները: Շատ լավ կլիներ, եթե դա իսկապես այդպես լիներ, բայց երկրաշարժի մասին ո՞վ ավելի լավ կներկայացնի՝ գյումրեցին կամ սպիտակցի՞ն, թե՞ երեւանցին: Եվ ո՞ւր է իրենց նկարահանած ֆիլմը, լավագույն դեպքում պիտի ցուցադրված լինի Հանրային հեռուստաընկերությամբ: Մեր ֆիլմը, առանց մշակույթի նախարարության հովանավորության, ներառել էր բավական մեծ մասշտաբներ: Երբ Մոսկվայում Ն. Ռիժկովի հետ  հարցազրույց էինք վարում, նա շնորհակալություն էր հայտնում մեր կառավարությանը, մշակույթի նախարարին, որ իրեն չեն մոռացել, հիշում են, բայց Ռիժկովն ի՞նչ իմանար, որ մեր  հարգարժան նախարարը ցանկություն չի հայտնել իմանալ, թե ինչ ենք նկարում",- ասում է "Վան" հեռուստաստուդիայի տնօրեն Վահան Ղազարյանը:



Առաջին ֆիլմի համար սեփական միջոցներով նկարահանելուց հետո հեռուստաստուդիան սկսել է երկրորդ ֆիլմը` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Այս անգամ էլ է Վահան Ղազարյանը դիմել մշակույթի նախարարություն ու դարձյալ ստացել նմանօրինակ պատասխան. "2010թ. պետական աջակցությամբ իրականացվող ֆիլմարտադրության ծրագրերն արդեն ձեւավորված են, ուստի չենք կարող աջակցել Ձեր նախագծին": "Մենք մեկ անգամ եւս համոզվեցիք, որ մշակույթի նախարարը մարզային ստուդիաներին բանի տեղ չի դնում, պարտադիր պիտի Հ1  լինենք: Երկրորդ ֆիլմը մենք կարող ենք նկարահանել խոշոր բիզնեսմենների աջակցությամբ, կտեղադրենք նրանց գովազդը, բայց չէ որ մենք խոսելու ենք ոչ թե մասնավորի, այլ պետության մասին",-ասում է Վահան Ղազարյանը:



Ծանոթանալով "Վան" հեռուստաստուդիային ուղարկված նամակ-պատասխաններին՝ կարելի է ենթադրել, որ մշակույթի նախարարությունը, դեռ տարին չսկսված, արդեն գիտի ինչ ֆիլմի համար ինչքան գումար պետք է տրամադրի:



Անժելա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ