Ի՞նչ են թաքցնում Թուրքիայում կորած հայուհու հարազատները

Ի՞նչ են թաքցնում Թուրքիայում կորած հայուհու հարազատները
Թուրքիայում կորած Հայաստանի քաղաքացի, Չարենցավան քաղաքի բնակչուհի  Աննա Դավթյանի ծնողները հրաժարվեցին որեւէ տեղեկություն հաղորդել իրենց դստեր մասին: NEWS.am-ը  այցելել է Չարենցավան` հանդիպելու եւ զրուցելու 29-ամյա Աննայի ծնողների հետ, սակայն ապարդյուն. Աննայի հայրը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, ասելով, թե «երեխան մահացել է, մնացած ամեն ինչն այլեւս ինձ չի հետաքրքրում», իսկ մայրը, ինչպես տնեցիները վստահեցրին, դստեր կորստի վշտից հանգստացնող հաբեր էր ընդունել եւ քնել:



Մեր հարցերին հրաժարվեց պատասխանել նաեւ Աննայի կրտսեր քույրը` 14-ամյա Անին, եւ անսպասելի ագրեսիվ տոնով հայտարարեց, թե հարկ չի համարում քրոջը վերաբերող հարցերին պատասխանել: Իսկ երբ  նկատեցինք, թե մեր նպատակը Աննայի մահվան հանգամանքների վերաբերյալ որոշ տեղեկություններ ճշտելն է, քանի-որ տարբեր վարկածներ են առաջ քաշվում, նա կոպիտ տոնով պատասխանեց. «Մենք թքած ունենք բոլոր տեսակի խոսակցությունների վրա, ինչ ուզում են, թող խոսեն»:



Ի դեպ, երբ փորձեցինք հարեւաններից որոշ մանրամասներ ճշտել 29-ամյա կնոջ մասին, նրանք եւս ձեռնպահ մնացին որեւէ տեղեկություն հայտնելուց: Միայն հաստատեցին, որ Աննան հղի է եղել, եւ, որքան իրենց է հայտնի` ազգությամբ անգլիացի ընկեր է ունեցել, ում մի քանի անգամ տեսել են Աննայենց տուն գնալիս: Ի դեպ, մինչ մենք զրուցում էինք հարեւաններից մեկի հետ, նրանց տուն մտավ Աննայի քույր Անին, ով նախքան այդ դեմքի զվարթ արտահայտությամբ քայլում էր փողոցում, եւ  հորդորեց մեզ դադարեցնել հարցուփորձը: «Եթե ես հարկ համարեի, ձեզ  տեղեկություն կտայի,  ին՞չ եք հարեւաններին հարցաքննում»,-դժգոհեց  նա:



Տպավորություն ստացանք, որ Թուրքիայում խորհրդավոր պայմաններում կորած հայուհու շրջապատի մարդիկ ինչ-որ բան են թաքցնում, իսկ թե ինչ` կպարզենք առաջիկայում:



Նշենք, որ 29-ամյա Աննա Դավթյանի ծնողները օգոստոսի 8-ի երեկոյան Թուրքիայից վերադարձել են Հայաստան, ուր մեկնել էին կորած դստերը փնտրելու նպատակով: Աննա Դավթյանը, հիշեցնենք, մոտ երկու շաբաթ առաջ՝ հուլիսի 17-ին, անհետ կորել էր: Նրա դիակը հայտնաբերվել էր օրեր առաջ: Ըստ ստացված տեղեկությունների` Աննայի մայրը 90 տոկոս հավանականությամբ ճանաչել է դստեր մարմինը, թեեւ դեմքն անճանաչելիորեն այլանդակված է եղել: Այժմ ընթանում է ԴՆԹ-ի փորձաքննություն, որի արդյունքները հայտնի կդառնան մոտ երկու ամսից: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն էլ NEWS.am-ին հայտնել է, որ նախարարության կողմից քայլեր են ձեռնարկվում՝ Աննայի դիակը վերադարձնելու ուղղությամբ:



Հիշեցնենք, որ հայուհու կորած լինելու մասին առաջինը հայտնել էր թուրքական Sabah օրաթերթը: Ըստ լուրերի՝ Աննան նախ մեկնել էր Դուբայ, այնուհետեւ` Թուրքիայի Անթալիա քաղաք՝ ընկերոջ մոտ: