Էկան` Ֆլիկը, Ֆստիկը, Պստիկը

Էկան` Ֆլիկը, Ֆստիկը, Պստիկը
Երեկ "Հենարան" ակումբում բարձր արվեստի անառիկ դիրքերից ասուլիս էին տալիս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երկու դասախոս՝ ռեժիսոր, դոցենտ Աննա Հեքեքյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Լալա Մնացականյանը։ Բացի ինստիտուտից, որտեղ նրանք դասավանդում են, նրանց միավորում է նաեւ սերիալների հանդեպ բացասական վերաբերմունքը։ Աննա Հեքեքյանը խոստովանեց եւ անգամ երդվեց, որ երբեք ոչ մի սերիալ չի նայել, նույնիսկ նրանք, որտեղ խաղում են իր ուսանողները։



"Լալա Մնացականյանին շատերը ճանաչում են "Մեր բակից", սակայն նա ժամանակին ուներ մի ներկայացում, որը նրան միջազգային մրցանակի դափնի բերեց։ Այնտեղ դուք կտեսնեիք հայ մեծ դերասանուհի Լալա Մնացականյանին։ Այն, ինչ որ դուք գիտեք, դա Լալա Մնացականյանը չէ։ Թող ինքը  չնեղանա"։ Լալա Մնացականյանը չնեղացավ, ինքն էլ խոստովանեց, որ սերիալ չի նայում, այդ թվում՝ "Մեր բակը"։ Հեռուստատեսությունների փաստարկը, թե սերիալները բարձր ռեյտինգ են վայելում, նա վիճելի է համարում։ Ժողովուրդը սերիալ նայել չի սիրում, դրանք պարզապես հովանավորվում են հարուստ մարդկանց կողմից, ում ճաշակն այդպիսին է։



Աննա Հեքեքյանը համամիտ էր։ Նախորդ օրը շուկայում մեկը մոտեցել է նրան՝ չգիտես ինչից կռահելով, որ կապ ունի հեռուստատեսության եւ ռադիոյի հետ, եւ խնդրել, "որ  ասի սերիալներում այդպիսի վատ խոսքով չխոսեն"։ Ինքը պատվիրել է այդ քաղաքացուն ամեն օր զանգել հեռուստատեսություն եւ ասել՝ չենք ուզում սա։ Եթե ամեն մեկը զանգի ու ասի, գուցե այդ վատ հաղորդումների ռեյտինգը իջնի՝ կարծում է դոցենտ ռեժիսորը։ Նա նաեւ կարծում է, որ "եթե մարդն ուզում է ուտել այդ խոտը, թող ուտի։ Պարզապես թող այդ խոտը լինի ավելի որակյալ"։ Թող ընդհանրապես չլինի՝ բացականչեց Լալա Մնացականյանը։ Զարգացնելով խոտի թեման՝ Աննա Հեքեքյանը չմոռացավ հիշել նախկին իշխանություններին. "Մի ժամանակ մեր նախկին ղեկավարներից մեկն ասաց, որ գարունը կբացվի, հայ ժողովուրդը չի մեռնի։



Սարերում խոտ կա, կգնա-կհավաքի-կուտի։ Լավ է, որ մենք խոտ ուտելով կարողանում ենք ապրել, բայց ինչո՞ւ մեր հարեւանները, որ առաջ մեզնից ավելի խոտակեր էին, հիմա դարձան մեզնից ավելի բարձր։ Գուցե մենք էլ մի քիչ ավելի բարձրորակ սնունդ մատուցենք՝ հոգեւոր սնունդը նկատի ունեմ"։ Չնայած ինքը երբեք սերիալ չի նայել, նաեւ կարծիք չի հայտնել, թե դրանք պետք է փակել՝ "միայն մի պատճառով, որովհետեւ թատրոններում աշխատավարձը շատ ցածր է, եւ դերասանները, որոնք իսկապես տաղանդավոր են, որպեսզի կարողանան թատրոնում շարունակել գոյատեւել, պետք է  նկարվեն սերիալներում"։



Լալա Մնացականյանը նշեց սերիալի մեկ այլ օգտակար հատկանիշ. "Սերիալը շատ լավ  բան է այնքանով, որ դուք ճանաչում եք դերասանին։ Տարիներ շարունակ թատրոնում տաղանդավոր դերեր է խաղացել, մի հատ էժանագին սերիալում երեւաց, բոլորը նրա մասին իմանում են"։ Բայց նա կարծում է, որ սերիալներում էլ են նկարվում ոչ էնքան շնորհալիները։ "Միջակությունը գալիս-մտնում է ներս։ Լավ մասնագետները գնացին հետին պլան։  Բնականաբար, եթե լավը հեռանում է, ասպարեզը ինչ"որ մարդկանցով պե՞տք ա լցվի, է հա, եկան՝ Ֆլիկը, Ֆստիկը, Պստիկը։ Էլ չեմ խոսում սցենարիստների մասին՝ մարդկանց, որ կյանքում Շիրվանզադեին ու Շիրազին կդնեին իրար կողքը, որովհետեւ երկուսն էլ "Շ" տառով են սկսվում"։ Մի կողմ դնելով հարցը, թե ինչու չի կարելի Շիրվանզադեին ու Շիրազին դնել իրար կողքի, մի կողմ դնելով այն, թե որքանով է բարոյական, երբ սերիալում նկարահանվող դերասանը ակտիվորեն հանդես է գալիս սերիալների նկարահանման դեմ, Լալա Մնացականյանին լսելիս կարելի էր տպավորություն ստանալ, թե ինքը հետին պլան մղվածներից է։ Նա բացասական է գնահատում նաեւ այն երեւույթը, որ երգիչները զբաղվում են դերասանական արվեստով. "Ես չեմ հանդիպել դերասան, որ լավ երգելով հանդերձ, հանդգնություն ունենա մտնելու այդ ասպարեզ։ Չես իմանում՝ ինչու երգիչները որոշեցին, որ իրենք ունեն այդքան դերասանական շնորհք։



Դերասանությունը, որ աշխարհի ամենաբարդ մասնագիտություններից մեկն է, սարքեցին ջրի գին։ Դեռ երգիչները փառք են, գոնե բեմում շարժվել գիտեն, փողոցից մարդիկ բերեցին..."։ Աննա Հեքեքյանը այդ երեւույթը բացատրում է նրանով, որ Հոլիվուդում էլ նման փորձ արվեց, իսկ մենք "ամեն ինչ, որ դրսում եղել է, փորձում ենք բերել այստեղ, որպեսզի ինչ"որ ձեւով թարմացնենք եթերը"։ Բանախոսները խոսեցին նաեւ այն մտածողության մասին, որ ձեւավորում են սերիալները։ Սերիալների հերոսները միայն բացասական ազդեցություն կարող են ունենալ աճող սերնդի գիտակցության ու ենթագիտակցության վրա։ "Ո՞վ է մեր  ազգային հերոսը, ում մասին մենք պետք է նկարենք սերիալ։  Նույնիսկ ազատամարտի մասին ֆիլմերում մենք մոռանում ենք, որ այդտեղ պետք է լինի այնպիսի հերոս, որին ձգտեն նմանվել մեր երեխաները։



Ամերիկյան ֆիլմերում ոստիկաններին բարձրացնում են։ Ձեզ թվում է այդ երկրներում կաշառակերություն չկա՞։ Թող չնեղանան ինձնից հզոր պետությունները, ամենակոռումպացված երկրները դրանք են"," ասաց Աննա Հեքեքյանը։ Նա չի կարծում, թե պետք է նկարել սիրուն"փայլուն ֆիլմեր, որտեղ ամեն ինչ լավ է։ Պետք է ցույց տալ ախտը եւ ասել, որ դա վատ է։ Բանախոսների խոսքից պարզ էր, որ նրանք սովետական ավանդույթով արվեստը տեսնում են կրթական"դաստիարակչական գործառույթի տիրույթում եւ նսեմացնում ժամանցային ֆունկցիան։ Սակայն չէր հասկացվում՝ նրանք դեմ են "ցա՞ծր" արվեստին, թե՞ ցածրորակին։ Եվ իհարկե հարց էր առաջանում, թե նրանց գովաբանած եւ սերիալներին իբրեւ ցանկալի այլընտրանք առաջարկվող հայ թատրոնը իր որակով սերիալներին արդյո՞ք չի զիջում։ Բայց ասուլիսը նվիրված չէր թատրոններում տիրող աղետալի վիճակին:



Բանախոսները խոսեցին նաեւ այն ինստիտուտից, որտեղ իրենք դասախոսում են, եւ որը կադրեր է մատակարարում ինչպես սերիալներին, այնպես էլ թատրոնին։ Երկուսն էլ համամիտ էին, որ կան շատ տաղանդավոր ուսանողներ, բայց իրենք չեն կարող գուշակել, թե ինչպես կդասավորվի նրանց հետագա բեմական կյանքը։ Շատ լավ ուսանողներ ոչինչ չեն դառնում, եւ ուսանողության տարիներին աչքի չընկածները կարող են հետագայում դառնալ մեծություններ, ինչպես Հենրիկ Մալյանն էր։ Լալա Մնացականյանը գտնում է, որ տաղանդը դերասան դառնալու համար բավարար չէ, պետք է ունենալ դերասանի բնավորություն՝ չընկճվել, չկոտրվել, չնեղանալ, չընկնել-չվհատվել եւ այլն։ Աննա Հեքեքյանը, տարբերություն դնելով գրագետ դերասանի եւ վառ անհատականության միջեւ, նշեց, որ անհատականությունները լինում են տասը տարին մեկ, բայց եթե երեխայի մեջ "մի փոքր կայծ տեսնում ենք ընդունելության քննության ժամանակ, անպայման վերցնում ենք։ Որովհետեւ երեխան հետո ամբողջ կյանքում մտածում է՝ "Ես մեծ դերասան պիտի դառնայի, իմ ճակատագիրը խեղեցին""։



Բոլոր հարցերում համամիտ դասախոսների խոսքը բաղկացած էր երկար դասամիջոցի ժամանակ, սրճելու ընթացքում արտահայտվող մտքերից, որոնցից մի քանիսը շատ ուշագրավ էին, ինչպես այն, որ ռեժիսորը ծախսում է նույնքան էներգիա, որքան տիեզերագնացը, որ ռեժիսուրան կրճատում է կյանքը տասը տարով, կամ որ մարդուն օրը երեք անգամ միս տալով՝ կարելի է նրան սպանել։