Էդ Ալիկ Սարգսյանի կուխնյան ա

Էդ Ալիկ Սարգսյանի կուխնյան ա
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը օգոստոսի 6-ին այցելել էր Վայոց ձոր, հանդիպել Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի ոստիկանների հետ եւ իր այցի ժամանակ մարզկենտրոնի ոստիկաններին ներկայացրել նոր ոստիկանապետ Մանվել Դավթյանին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Ա. Մալխասյանից փորձեցինք պարզել նախկին ոստիկանապետ Գագիկ Պետրոսյանին աշխատանքից ազատելու պատճառը: "Նախկին ոստիկանապետը աշխատանքից հանվել է ցածր ցուցանիշների համար",- ասաց նա:



Իսկ թե ինչ է նշանակում ցածր ցուցանիշներ եւ հատկապես որ հարցերում է թերացել նախկին ոստիկանապետը, ոստիկանության լրատվականի աշխատակիցը չպարզաբանեց. "Ցածր ցուցանիշները մեկնաբանության կարիք չունեն": Սակայն մարզում շրջանառվում է, որ Գագիկ Պետրոսյանին աշխատանքից հեռացնելն անմիջական կապ ունի ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ մարզ այցելության հետ: Փորձեցինք Վայոց ձորի ոստիկանությունից ինչ-որ բան պարզել: Զանգահարեցինք Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդուարդ Կալիյանին: Վերջինս նախ հրաժարվեց հեռախոսով մեզ հետ զրուցել, հետո էլ ասաց. "Ոստիկանապետի փոփոխությունը հրապարակման բան չէ, դա, ինչպես ասում են, մեր ներքին կուխնիան է": Իսկ թե երբվանից է պետական պաշտոնյայի փոփոխությունը դարձել "ներքին կուխնիայի" գործ, պարզ չեղավ: