Բանակը չի փոխվել

Բանակը չի փոխվել
Բանակում տեղի ունեցած վերջին սպանությունների հետ կապված Facebook-ում քննարկումներ սկսվեցին: Հրանտ Աբրահամյանն առաջարկեց ստորագրահավաք կազմակերպել Facebook-ում՝ ի պաշտպանություն զոհերի: Սրա հետ կապված բանավեճ սկսվեց, այսպես կոչված՝ ազգայնականների ու թրքալիբերալների միջեւ: Այդ բանավեճն ըստ էության սկսվել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո: Ես կարծում եմ, որ ոչ մի տարբերություն չկա, թե ով է հայերին սպանում: Սպանում են Ադրբեջանի ՊՆ-ի հրամանո՞վ, թե՞ հայկական բանակի հրամանատարի: Իսկապես տարբերություն չկա, թե ով է ՀՀ քաղաքացիների վրա կրակում: Այստեղ մեզ համար ազգությունը երկրորդական պետք է լինի, երբ մարտի 1-ի դեպքերից սկսած՝ անընդհատ սպանություններ են տեղի ունենում երկրում: Ասենք, մարդու համար որեւէ տարբերություն չկա՝ օլիգարխի մեքենայի տակ ընկնի, թե թուրքի գյուլլից մեռնի: Դրա համար ծիծաղելի է, երբ մարդիկ Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում են թրքալիբերալիզմի կամ թրքաբոլշեւիզմի մեջ: Դա պրիմիտիվ խոսակցություն է, երբ մարդիկ փորձում են պիտակավորել մյուսներին: Այլ բան է,  երբ համաձայն չես տվյալ կարծիքի հետ եւ ունես քո կարծիքը, այլ է, երբ պիտակավորում ես: Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցած վերջին դեպքերին, ապա ես կարծում եմ, որ եթե ներքին գործերի նախարարությունը ավելի շատ թքած ունի հասարակության վրա ու հասարակությունից մի տեսակ անկախ է, հասարակությունն էլ ավելի քիչ լծակներ ունի ներազդելու ներքին գործերի նախարարության վրա, ապա բանակը հասարակությունից  կախված է այսպես թե այնպես:



Կախված է, որովհետեւ հասարակությունն է իր անդամներին տրամադրում բանակի համար: Եթե այսպես շարունակվի, ես կարծում եմ, որ օրինակ՝ կարելի էր կոչ անել բոյկոտել առաջին զորակոչը կամ երկրորդը: Ես ինքս 95-97թթ. եղել եմ բանակում եւ չեմ կարծում, որ այդ ժամանակների բանակի եւ այսօրվա բանակի միջեւ ինչ-որ տարբերություն կա: Եթե սպանությունների թիվը նույնն է մնացել, ուրեմն կարելի է ասել, որ մեծ առումով փոփոխություններ չկան: Այն, ինչ կատարվում է բանակում, դա է ապացուցում:



Արթուր ՊԵՏՐՈՍՅԱՆ

արվեստագետ