Բանակում սպանվածների գործը խճճվում է

Բանակում սպանվածների գործը խճճվում է
Հայոց բանակում տեղի ունեցած վերջին վայրագություններն այնքան սահմռկեցուցիչ ու զանգվածային էին, որ պաշտպանության նախարարությանն այս անգամ չհաջողվեց կոծկել դրանք: Մինչ  զայրացած հասարակության մի հատված նախարար Օհանյանից ու ԶՈւ գլխավոր շտաբի պետից պահանջում է ինքնասպան լինել, հուսահատ, վշտից խելագարված ծնողներն էլ այլ գաղափար, քան հանգանակություն կազմակերպել ու ապագա հոշոտվողների դիակները պատշաճ կերպով ծնողներին հասցնելու համար անհրաժեշտ մեքենա գնել, չեն կարողացել առաջադրել:



Թվում էր, թե մարդիկ պիտի ոտքի կանգնեն, առաջին հերթին՝ ուսանողությունը, որ ապա զորակոչիկներ են, ու մայրերը, որոնց զավակներին սպասվում է "մարտունակ" բանակի շարքերը համալրելու ճակատագիրը, եւ պահանջեն, որ բանակի բարձրագույն սպայակույտը պատասխան տա, որ բացառվի նման երեւույթը: Բայց արի ու տես, որ դիակ  տեղափոխող մեքենա գնելու գաղափարն է դարձել արդիական ու դրվել քննարկման: Սա սոցիալ-հոգեբանության ոլորտում նոր երեւույթ է եւ լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Բանականության սահմանում չի տեղավորվում, որ մարդը կարող է մասնակցել նման հանգանակության, որ կարող է հաշտվել այն մտքի հետ, թե իր որդին պիտի գնա բանակ, խաղաղ պայմաններում հոշոտվի, ու նրա ապագա դին բերելու համար պետք է ազգովի մեքենա գնեն: Ի՞նչ է կատարվում մեր հասարակության հետ:



Սակայն այս երեւույթներին զուգահեռ, մթնոլորտ է նետվել Սեյրան Օհանյանին "հասարակական կարգով" պաշտպանելու գաղափարը: "Երեւակլուր" կայք-էջում երեկ հանդիպեցինք մի ուշագրավ տեղեկության: Ռուսական "Մոյ միր" ինտերնետային սոցիալական ցանցում հայտնվել է "Մենք քեզ հետ ենք, Սեյրան Օհանյան" խումբ, որը զորակցում է ՀՀ ՊՆ ղեկավարին, ու թեպետ դատապարտում են բանակում տեղի ունեցած "վերջին ողբերգական իրադարձությունները", բայց  մյուս գերատեսչություններից են պահանջում "իրենց մասով ձեռնարկել քայլեր`  նպաստել զինակոչիկների մինչբանակային պատրաստությունն ամբողջությամբ ապահովելու ուղղությամբ", Սեյրան Օհանյանից էլ պահանջում են "շարունակել ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի սկսած բանակաշինության գործը":



Ըստ երեւույթին այդ, այլ ոչ թե հրաժարականի կամ ինքնասպանության պահանջն է ձեռնտու պարոն Օհանյանին, որը ցուցք է կազմակերպել` "գործ անելու" տպավորություն ստեղծելու նպատակով: Հիշեցնենք, որ նախ փորձել էր լրատվամիջոցների ղեկավարներին համոզել, որ շատ աղմուկ չբարձրացնեն: Որոշները քանի որ չեն ենթարկվել, ստիպված է եղել "գործ անելու" պատրանք ստեղծել: Անցած շաբաթ կոլեգիայի արտահերթ նիստ էր հրավիրել ու սամասուդի սկզբունքով մեղավորներ էր բերել-կանգնեցրել նիստերի դահլիճում ու լուտանքներ թափել նրանց գլխին: Նույնիսկ իտալական արեւից հրաժարվել ու նիստին մասնակցել էր ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը: Անգամ հատուկ կարծիք էր հայտնել, բայց ի՞նչ կարծիք՝ անհայտ է:



Երեկ մենք փորձեցինք պարզել ոչ միայն Խաչատուրովի "հատուկ կարծիքի" բովանդակությունը, այլեւ պաշտպանության նախարարի հրամաններով կարգապահական տույժի ենթարկված այն զինծառայողների, պաշտոններից ազատված 8 սպաների, որոնցից յոթն արձակվել են պահեստազոր, կարգապահական տարբեր տույժերի ենթարկված "մի շարք զինծառայողների" եւ ավելի ցածր պաշտոնների իջեցվածների ու զինվորական կոչումներից զիկվածների անունները: ՊՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մուշեղ Աղեկյանին խնդրեցինք նաեւ տեղեկություն տրամադրել, թե նրանցից որոնք են կապ ունեցել սպա Արտակ Նազարյանի, Մարտունիում սպանված վեց զորակոչիկների ու այդ դեպքերից 10 օր առաջ Մարտակերտի զորամասերից մեկում սպանված Արման Ավագյանի զորամասերի հետ: Մուշեղ Աղեկյանը խնդրեց կապվել իր հետ օրվա վերջում, ասելով, որ ինքը պատրաստում է հաղորդագրություն՝ լրագրողներին տրամադրելու նպատակով:



Օրվա վերջում մեր էլեկտրոնային փոստին ուղարկեցին Սեյրան Օհանյանի հրավիրած կոլեգիայի նիստի արձանագրության այն հատվածի քաղվածքը, որի մասին արդեն նշել ենք՝ աշխատանքից ազատվածների եւ այլնի մասին, ինչ ուրբաթ օրն արդեն հայտնի էր ու տպագրվել էր: Երբ "կրկին փորձեք" պարտադրված պայմանով նորից կապվեցինք Աղեկյանի հետ ու հիշեցրինք առավոտյան հնչեցրած հարցադրումները, ասաց, որ ավելին, քան ուղարկել է, այլ տեղեկություն չի կարող հաղորդել: Սեյրան Օհանյանին պաշտպանող խմբի տրամաբանությամբ էլ "մյուս գերատեսչություններից" փորձեցինք պարզել, թե իրենք ինչ են անում:  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը մեզ տեղեկացրեց, որ վեց հոգու սպանության գործով նշանակվել են դատաձգաբանական ու դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ ու սպաներ:



Ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ցուցում է տրված ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: Ձերբակալվածներ, կասկածյալներ չկան: Նախաքննությունը վարում է ՊՆ քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով բաժինը՝ վարչության պետի գլխավորությամբ: Քննարկվում են բոլոր վարկածները, այդ թվում՝ մամուլում հրապարակված: Հսկողությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: