Ոչ թե "Լեւոն... Լեւոն", այլ` "անոթի ենք, անոթի ենք..."

Ոչ թե "Լեւոն... Լեւոն", այլ` "անոթի ենք, անոթի ենք..."
Օգոստոսի 17-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա հայ աբստրակցիոնիստ նկարիչների համատեղ ցուցահանդես: Ցուցահանդեսին կմասնակցեն Աշոտ Աշոտը, Նարեկ Ավետիսյանը, Արկադի Բաղդասարյանը, Աշոտ Հարությունյանը, Լեո Լեոն, Գարիկ Կարապետյանը, Մարիամ Խաչատրյանը, Հենրի Խաչատրյանը (Սեւ), Քիքին, Արթուր Օշականցին եւ ուրիշներ: Ցուցահանդեսի կազմակերպիչն է կանադահայ Գեւորգ Գասապյանը, որի քանդակները նույնպես ներկայացված կլինեն ցուցահանդեսին: Գեւորգ Գասապյանի գործերն այսօր ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Կանադայում եւ Սիրիայում:



Ըստ Գ. Գասապյանի՝ ֆիգուրատիվ քանդակներն այսօր մեզ բան չեն ասում, դրանք միայն հիշողություն են: Նա մեզ պատմեց, որ աշխարհի տարբեր խոշոր պատկերասրահներում այսօր ցուցադրվում է միայն ժամանակակից արվեստ, չնայած դրան, Հայաստանում արվեստի այս տեսակը դեռեւս այնքան էլ ընդունված չէ եւ լավ չի ընդունվում Նկարիչների միության կամ պատկերասրահների տնօրենների կողմից. "Ժամանակակից նկարիչների եւ Նկարիչների միության միջեւ այստեղ մեծ հեռավորություն կա: Հայաստանում տհաճությամբ են նայում ժամանակակից արվեստին, պատկերասրահների տնօրենների աշխարհը դեռեւս հարյուր տարի առաջվա աշխարհն է, իրենք առաջ չեն գնացել: Եթե իրենք ուզում են ժամանակակից տեխնիկա ունենալ, լավագույն մեքենաները, լավագույն բջջայինները, ապա ինչո՞ւ են մերժում ժամանակակից արվեստը, չէ որ կյանքն առաջ է ընթանում, եւ այսօր ժամանակակից նկարիչը խնդիր չունի նկարելու այնպես, ինչպես իրենից հարյուր տարի առաջ են նկարել: Իրենք իրավունք չունեն ժամանակակից սերնդին հեռու պահել այսօր ստեղծվող արվեստից: Այս բանը հաշվի առնելով, ահա ես հավաքեցի թե Հայաստանում եւ թե դրսում ապրող հայ ժամանակակից աբստրակցիոնիստների, համախմբեցի եւ կազմակերպեցի այս ցուցահանդեսը":



Գ. Գասապյանն առաջին անգամ Հայաստան է եկել 88-ի երկրաշարժից հետո, զբաղվել բարեգործությամբ, այնուհետեւ որոշել է ընտանիքով տեղափոխվել հայրենիք: 98-ին ընտանիքով տեղափոխվել են Հայաստան, 7 տարի ապրելուց հետո վերադարձել Կանադա. "Երեխաներս պետք է ուսում ստանային, հասկացա, որ այստեղ կրթությունն ավելի շատ ձեւական բնույթ է կրում: Երիտասարդ աղջիկները համալսարան գնալիս ավելի շատ հետաքրքրվում են իրենց մեյքապով": Գ. Գասապյանն այսօր մեծ փոփոխություն է տեսնում Հայաստանում. "Հայաստանին մեջ աղքատություն չկա, աղքատ մարդիկ կան, այո, բայց ես նայում եմ ինչպես են հագնվում Երեւանում կանայք, միշտ փայլուն ու կոկիկ տեսքով, բարձր կրունկներով, ամենեն շքեղ հագուստներով, փողոցներով ինչ մեքենաներ են երթեւեկում... սրճարանները լիքն են, երեկոյան տեղ չի լինում նստելու: Ասիգա որոշ չափով փոփոխություն չէ՞: Կգնահատեմ ու կքաջալերեմ իգական սեռին: Կզարմանամ, թե որքան առաջընթաց են իրենք ապրել: Ամբողջ երկրի ծանրությունը, աշխատուժը իրենց վրա են վերցրել: Տղամարդիկ շատ ետ են ցավոք սրտի":



Հարցիս՝ արդյո՞ք մենք ունենք այսօր այն իշխանությունը, որը պարոն Գասապյանը կցանկանար տեսնել հեռվից, նա պատասխանեց, որ այսօր ամբողջ աշխարհում են խարդախություններ եւ անօրինականություններ տեղի ունենում, եւ ամեն ինչ թաքնվում է համակարգիչների ետեւում, անգամ ամենազարգացած երկրներում եւ անգամ Միացյալ Նահանգներում: Իմ այն դիտարկմանը, որ այդ երկրներում մարդիկ այդքան մոլեռանդ չեն զբաղվում քաղաքականությամբ, որովհետեւ իրենց կենսամակարդակը բավական բարձր է, զրուցակիցս պատասխանեց. "Այստեղ գալիս-հանգում ենք այն եզրակացության, որ ցույցերի ժամանակ մարդիկ չպետք է գոռային՝ Լեւոն... Լեւոն..., այլ պետք է գոռային՝ անոթի ենք, անոթի ենք...: