ԼՂՀ բանակում համակարգային փոփոխությունների մասին լուրը «դատարկաբանություն» է

ԼՂՀ բանակում համակարգային փոփոխությունների մասին լուրը «դատարկաբանություն» է
Տեղեկությունն այն մասին, թե իբր ԼՂՀ պաշտպանության բանակում տեղի են ունեցել համակարգային փոփոխություններ՝ դատարկաբանություն է ու չի համապատասպանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց (լուրը լսելուց հետո՝ նախ ծիծաղելով) ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո ԼՂՀ պաշտպանության բանակում համակարգային փոփոխություններ են սկսվել: «Դա հերթական մտացածին լուրն է, որը հասարակության մեջ որոշակի տրամադրություն ստեղծելու համար է»,-նշեց Հասրաթյանը: Նա նաեւ հավելեց, որ ԼՂՀ բանակում «ծառայությունը տարվում է ըստ զինվորական կանոնադրության պահանջների, եւ ԼՂՀ պաշտպանության բանակն ամբողջությամբ իրականացնում է իր առջեւ դրված խնդիրները»:



Ի դեպ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ներկա դրությամբ, ԼՂՀ-ում է: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղարն ընդգծեց, որ Խաչատուրովի այցը զուտ աշխատանքային է եւ այն ոչ մի կապ չունի հայկական բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերի հետ: «Այդ այցը երկու հայկական պետությունների՝ Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի միջեւ առկա ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում է»,-նշեց Հասրաթյանը:



News.am