Դեմոկրատիան ու բռնապետությունը

Դեմոկրատիան ու բռնապետությունը
10 օրից ավելի է՝ ողջ աշխարհի ուշադրությունը բեւեռված է Մոսկվայի վրա: Աշխարհի շատ երկրներից հատուկ տեխնիկա եւ մասնագիտական օգնություն են ուղարկում Ռուսաստանի մայրաքաղաք՝ աննախադեպ շոգի հետեւանքով ծագած հրդեհները հանգցնելու համար: Արդեն խոսում են տասնյակ միլիարդավոր դոլարների վնասի մասին, մահացությունների դեպքերն են կտրուկ աճել, խուճապ է տիրում, մարդիկ փողոցներում քայլում են դիմակներով: Թվում է՝ տարերային աղետ է, կլիմայական կատակլիզմ, որոնցից ոչ մի երկիր երաշխավորված չէ, եւ որոնց դեմ պայքարելը հեշտ չէ: Սակայն, այնուամենայնիվ, այդ իրավիճակն ու աղետի մասշտաբները մի քանի եզրահանգումների տեղիք են տալիս: Մեծ ռուսական կայսրությունը, որ զարմանալի հարմարվող ազգաբնակչություն ունի եւ իր գոյության ընթացքում ամենադաժան փորձություններին անգամ դիմակայել է, այս դեպքում չի կարողանում հանգցնել սովորական հրդեհներն ու անգամ իր եվրոպականացված ու բարեկեցիկ մայրաքաղաքի նորմալ կենսագործունեությունն ապահովել: Ինչո՞ւ: Այդքան բնական հարստությունները, մարդկային ռեսուրսները, ժողովրդի դիմացկունությունը, բոլոր պետական ուժերի մոբիլիզացիան տվյալ դեպքում չեն օգնում: Կարծում եմ բանն այն է, որ տոտալիտար համակարգերը հենց նման էքստրեմալ վիճակներում դառնում են անզոր ու խեղճ՝ իրենց առջեւ դրված խնդիրները լուծելու անընդունակ: Հենց նման իրավիճակներում են դրսեւորվում դեմոկրատական հասարակարգի հզորությունն ու կենսունակությունը: Ցանկացած խնդիր բռնապետության պայմաններում դառնում է դժվար լուծելի, իսկ դեմոկրատական հասարակարգը կարողանում է անգամ կենցաղային, կլիմայական, հոգեբանական, տարբեր խնդիրների լուծմանը ստեղծագործաբար մոտենալ եւ ոչ ավանդական լուծումներ գտնել: