Փորձել է կոռուպցիայի դեմ պայքարել, զրկվել է աշխատանքից

Փորձել է կոռուպցիայի դեմ պայքարել, զրկվել է աշխատանքից
Արմենակ Խաչատրյանը 2005թ. նոյեմբերից աշխատել է "Շիրակջրմուղկոյուղի" ՓԲԸ-ում  որպես տեխնիկական տնօրեն, բայց 2009-ին իր համոզմամբ բոլորովին անհիմն պատճառներով հեռացվել է աշխատանքից: Հուլիսի 13-ին, երբ սովորականի նման աշխատանքի է գնացել, օրվա կեսին հանկարծ վատ է զգացել եւ սրտի շրջանում բողոքներով տեղափոխվել է Երեւանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոն ու երկու օր անց սրտի վիրահատության ենթարկվել: Դեռ նախավիրահատական շրջանում է եղել, երբ հիվանդանոցում տեղեկացրել են, որ ընկերությունը առեւտրային կազմակերպությանը (Էմ-Վի-Վի դեկոն Ջի-Էմ-Բի-Էյջ, Էմ-Վի-Վի էներջի Էյ-Ջի ընկերություններն ու "Էյ-Ի-Ջի սերվիս" ՍՊԸ-ի կոնսորցիումին) տալու կապակցությամբ ինքը ենթակա է աշխատանքից ազատման: Այդ փոփոխությունից հետո տվյալ պաշտոնն ուղղակի անվանափոխվել է՝ տեխնիկական տնօրինության տնօրեն, սակայն գործառույթները մնացել են նույնը:



Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նույնաբովանդակ ծանուցում է ստացել: Այն ընթացքում, երբ արդեն նախկին տեխնիկական տնօրենը հիվանդանոցում ապաքինվում էր, տեղի է ունեցել "Շիրակջրմուղկոյուղի" ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստը, որտեղ էլ որոշվել է Արմենակ Խաչատրյանին ազատել իր պաշտոնից: Արմենակ Խաչատրյանը վստահ է, որ իրեն ապօրինաբար են պաշտոնից հեռացրել՝ աշխատանքային օրենսգրքի մի շարք դրույթների խախտմամբ: Նախ, իրեն գործազուրկի կարգավիճակի արժանացնելու որոշումը կայացվել է այն ընթացքում, երբ ինքը անաշխատունակ վիճակում է գտնվել, բացի այս, կազմակերպությունների վերակազմակերպումը կամ պարտավորական, կամ այլ իրավունքներ ունեցող անձանց փոփոխությունը հիմք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար:



Սա էլ բավարար չէ՝ տեղի է ունեցել նաեւ ընկերության կանոնադրության խախտում այն առումով, որ աշխատանքային պայմանագրի լուծումը չի մտնում ընկերության տնօրեննների խորհրդի իրավասությունների մեջ: Դա կարող է անել միայն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը: Արմենակ Խաչատրյանն իր իրավունքների պաշտպանությամբ դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը, սակայն, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, հայցը մերժել է: Վճիռում պարզապես նշվել է, որ ընկերությունում հաստիքի կրճատում է տեղի ունեցել, թեեւ հաստիքի կիճատում իրականում չի եղել, այլ տեղի է ունեցել պաշտոնի անվանափոխություն: "Շիրակջրմուղկոյուղի" ՓԲԸ  տեխնիկական տնօրենի պաշտոնը վերանվանվել է տեխնիկական գծով տեղական տնօրեն, իսկ գործառույթները մնացել են նույնը: Արմենակ Խաչատրյանը դիմել է նաեւ վերաքննիչ դատարան:



Հայցն այս անգամ էլ է մերժվել՝ կրկին այն հիմնավորմամբ, թե նախկին հաստիքի կրճատում է տեղի ունեցել եւ ստեղծվել է նոր հաստիք, որը, բացի "Շիրակջրմուղկոյուղի" ՓԲԸ տեխնիկական տնօրենի ֆունկցիաներից, իր մեջ ներառել է նաեւ "Լոռիջրմուղկոյուղի" եւ "Նոր ակունք" ՓԲԸ-ների տեխնիկական տնօրենների ֆունկցիաները: Արմենակ Խաչատրյանը չի ընկրկել եւ պատրաստվում է վճռաբեկության բողոք ներկայացնել: Իսկ իրեն պաշտոնից հեռացնելու այս ամբողջ պատմության պատճառը Արմենակ Խաչատրյանն ուղղակի հաշվեհարդարն է համարում, ընկերությունը կոնսորցիումին տալու հանգամանքը՝ ընդամենը պատրվակ: "Ես  2005թ. նոյեմբերից աշխատել եմ "Շիրակջրմուղկոյուղի" ՓԲԸ-ում, բայց արդեն 2006թ. կեսերին զգացի տնօրենի չարաշահումներն ու կոռուպցիոն դրսեւորումները: Ընկերության միջոցներն ու գույքը փոշիացնում էր, ընկերության միջոցները վատնում ի նպաստ անձնական շահերի:



Չարաշահումները վերաբերում էին ընկերության 2006 թ. եկամուտների ու ծախսերի նախահաշվում տարվա կեսին եկամուտների շուրջ 150 մլ դրամ չափով պակասելուն, ինչը շարունակվել է նաեւ հաջորդ տարիներին, երկրաշարժից հետո վերականգնված Գյումրու կեղտաջրերի մաքրման կայանի եւ Արեւիկ գյուղի պոմպակայանի փոշիացմանը, 450-1000 մմ տրամաչափի մոնտաժված խողովակներին, որոնք վաճառվել են եւ այլն: Նախազգուշացրեցի տնօրենին՝ Վարդան Հովսեփյանին, ոչ մի բանի տեղ չանցավ: Տեղյակ պահեցի նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալին՝ Գագիկ Խաչատրյանին, որից հետո՝ նախագահ Անդրանիկ Անդրեասյանին: Տեսա, որ անհետեւանք է մնում, 2006 եւ 2009թթ. ստիպված եղա գրավոր զեկուցագրով տեղյակ պահել Անդրեասյանին, որ ընկերության գույքը թալանվում է, ձեռնարկեք անհրաժեշտ միջոցներ:  Դա 1 կամ 2 միլիոն դրամի բան չէր, այլ դոլարի",-պատմում է Արմենակ Խաչատրյանը՝ հավելելով, որ զեկուցագրերն էլ անհետեւանք  "բումերանգի նման խփեցին" իրեն:



"Եթե ժամանակին կանխեին այդ կոռուպցիոն դրսեւորումները, այդքան չէր խորանա, բայց չկանխեցին, չարգելեցին, ըստ էության աջակցեցին, եւ վերջում էլ իմ գրած զեկուցագրերը պատճառ հանդիսացան, որ ինձ աշխատանքից ազատեն: Գուցե դրանով հույս ունեին, որ այդ խոսակցությունները կվերանան, թեեւ ինձ աշխատանքից ազատելը Վարդան Հովսեփյանի ստորագրությամբ չի եղել",-շարունակում է "Շիրակջրմուղկոյուղի" ՓԲԸ նախկին տեխնիկական տնօրենը: Ի դեպ, հետաքրքիր էր զեկուցագրեր ներկայացնելու Արմենակ Խաչատրյանի մոտիվացիան. "Ես զեկուցագրերը գրել եմ՝ ելնելով հանրապետության նախագահի նախընտրական ծրագրից՝ պայքար կոռուպցիայի դեմ, վարչապետի ամենօրյա պահանջներից բնակչությանը՝ աջակցելու այդ պայքարին, բացի դրանից, ի պաշտոնե ես պարտավոր էի այդ քայլին գնալու": Ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու իշխանությունների կոչին արձագանքելով՝ Արմենակ Խաչատրյանն ուղղակի գործազուրկ է դարձել: