Անպատժելիությունը նոր հանցագործություն է ծնում

Անպատժելիությունը նոր հանցագործություն է ծնում
Բանակը հասարակության մի մասն է, եւ այն երեւույթները, որոնք գոյություն ունեն մեր հասարակության մեջ, ցավոք, նաեւ բանակ են մտնում մեր երիտասարդների միջոցով: Բայց, իհարկե, շատ բան կախված է նաեւ բանակի ավագներից, հրամանատարներից, որոնք բանակում մեր երիտասարդների հետ պետք է վերաբերվեն այնպես, ինչպես իրենց երեխաների հետ, պետք է դաստիարակեն նրանց, կոփեն, որպեսզի նրանք իսկական զինվորականներ դառնան: Ցավոք, գիտենք, որ բանակում լինում են նաեւ այնպիսիք, որոնք  հասարակությունից խորթ երեւույթներ են տանում բանակ:



Չկա այնպիսի բանակ, որտեղ այդպիսի երեւույթներ չլինեն, բայց, իհարկե, մեր ողջ հասարակության եւ հրամանատարության պարտքը պետք է լինի այդ երեւույթները բացառելը: Ցավոք սրտի, եղան զոհեր... Ի՞նչ պետք է անենք: Պետք է դպրոցից սկսած՝ մեր երեխաներին դաստիարակենք այնպես, որ բանակ գնալիս այդ վատ ու արատավոր երեւույթները չտեղափոխեն այնտեղ, որոնք բանակում ուղղակի չարիք են դառնում: Այստեղ մենք անելիք ունենք: Եթե համեմատենք տասնյակ տարիներ առաջ մեր բանակում այսպիսի երեւույթները, կրիմինալ ռազբորկաներն ու մահացու դեպքերը շատ-շատ ավելի էին:



Դինամիկան ցույց է տալիս, որ այդ հոռի երեւույթները գնալով նվազում են, բայց ցավոք, դեռ կան: Իհարկե, ես չեմ բացառում, որ համակարգային խնդիրներ էլ կան: Ես միշտ ասել եմ՝ բոլոր դեպքերում անպատժելիությունն ավելի ծանր հետեւանքներ է բերում: Եթե տեսնում են, որ մեկը վատ բան արեց ու չմարսեց, բնական է, որ մյուսներն ավելի ցինիկ ու սանձարձակ են դառնում: Այս առումով անցած օրը կոլեգիայի նիստին պաշտպանության նախարարն էլ մեծ զայրույթով արտահայտվեց, եւ շատ սպաներ հեռացվեցին աշխատանքից:



Բայց այս ամենը պետք է արվեր ժամանակին: Եթե մի քանիսը պատժվեն, ընդ որում, շատ խիստ, անպատժելիությունը չի ծնի ավելի լկտի երեւույթներ: Նույնը նաեւ հասարակության մեջ է: Մենք տեսնում ենք, որ կրակոցներ ու ինչ-որ դեպքեր են տեղի ունենում, բայց մարդիկ չեն պատժվում, եւ ինչ-որ մարդիկ ավելի են լկտիանում, սպանություններն են աճում: Դրա համար մենք բոլորս անելիք ունենք: Որպես Ազատամարտի վետերանների միության ղեկավար եմ ասում, որ մենք էլ մեղքի զգացում ունենք, մենք էլ պետք է շատ ակտիվ լինենք, այդ գործին լծվենք, մասնակցենք, քննադատենք, հետեւենք, որ մեղավորները պատժվեն, որպեսզի հետագայում այսպիսի ծանր հետեւանքների ականատես չլինենք:



Համլետ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ազատամարտի վետերանների միության նախագահ