Զավեշտալի է, ծիծաղելի եւ տխուր

Զավեշտալի է, ծիծաղելի եւ տխուր
Վերջերս "Ջավախք. հոս կապրենք" ֆիլմի ռեժիսոր եւ հեղինակ Հրազդան Մադոյանը հայտարարեց, թե հնարավոր է, որ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դեմ գործ հարուցի՝ գրագողության համար: Նրա ասելով՝ իր ֆիլմից մի հատված Խզմալյանն օգտագործել է իր "Արաքսից Քուռ, Արցախից Ջավախք" վավերագրական ֆիլմում: Խնդրեցինք, որ Տիգրան Խզմալյանը պարզաբանի Մադոյանի հնչեցրած մեղադրանքները. "2006-ին ես նկարահանեցի "Արաքսից Քուռ, Արցախից Ջավախք" ֆիլմը, որը բաղկացած էր երեք մասերից: Այն նվիրված էր Նախիջեւանին, Արցախին եւ Ջավախքին: Ես դա դիտում էի որպես մեր ազգային-ազատագրական պայքարի երեք փուլ. անցյալը՝ Նախիջեւանը, Արցախը, որը մեր ներկան է, եւ Ջավախքը, որը, ըստ իս՝ ապագան է:



Ֆիլմի գաղափարը ծնվեց "Արաքս-Քուռ" կազմակերպության ներսում, որը ղեկավարում էր իմ լավ ընկեր, Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը: Նկարվեց ֆիլմ, որի՝ Ջավախքի մասին պատմող հատվածում օգտագործվեցին, ինչպես դա հաճախ արվում է վավերագրական ֆիլմերում, կադրեր այլ ֆիլմերից, ինչպես նաեւ Մադոյանի ֆիլմից, եւ իմ ֆիլմի վերջում ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում նրանց ու հատ-հատ նշում անունները:



Բացի այդ, Ժիրայրն ինձ ասել էր, որ նրանք տեղյակ են այդ մասին: Դրանից հետո ֆիլմն առգրավվեց Ազգային անվտանգության ծառայության կողմից: Միաժամանակ ձերբակալեցին Ժիրայր Սեֆիլյանին, մեզ մեղադրեցին հայ-վրացական դարավոր բարեկամության դեմ ուղղված գործողություններում: Ֆիլմը մեկ անգամ ցուցադրվեց ԱՕԿՍ-ում, որին ներկա էր նաեւ պարոն Մադոյանը, դա 2006 թվականի նոյեմբերն էր: Ֆիլմի ցուցադրությունից հետո նրանք դժգոհություն հայտնեցին, ես զարմացա ու ցույց տվեցի, որ կան նրանց անունները եւ հատուկ շնորհակալությունը:



Ինչո՞ւմն էր խնդիրը, ինչո՞ւ ենք մենք իրար դեմ բաներ խոսում, երբ ունենք ընդհանուր նպատակ՝ պաշտպանել ջավախահայությանը, պաշտպանել հայ մշակույթը: Սա մարտի 1-ի շարունակությունն է, ուղղակի այստեղ ոչ թե մահակներ են օգտագործում, այլ սպառնալիքներ, եւ զոհը այդ սպառնալիքների հենց Մադոյանն է, որովհետեւ չեմ կարծում, որ այսքան տարի անց նա առանց սպառնալիքների կդիմեր այս քայլին: Զավեշտալին այն է, որ նրանք դատական գործ են ուզում հարուցել մի ֆիլմի համար, որն անգամ չի ցուցադրվել եւ արգելափակվել է: Սա զավեշտալի է, ծիծաղելի է եւ շատ տխուր, որովհետեւ այսպես են պառակտում ազգը, այդպես են ճնշում մտավորականությանը:



Սա այն է, ինչը ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել: Ես ցավում եմ ոչ նրա համար, որ ինձ մեղադրում են գրագողության մեջ: Ես 16 վավերագրական եւ երեք խաղարկային ֆիլմի ռեժիսոր եմ եւ առաջին անգամ եմ լսում նման բան, նման մեղադրանք: Ես կարծում եմ, որ այս մեղադրանքի հեղինակները ոչ թե մարդիկ են, որոնց ֆիլմից ես մի քանի կադր օգտագործել եմ, այլ նրանց դրդել են այն նույն ուժերը, որոնք ժամանակին արգելեցին իմ ֆիլմի ցուցադրությունը":