Քո աչքի գերանը

Քո աչքի գերանը
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սահմանապահ ծառայության պետական ակադեմիայի բացման արարողության ժամանակ ծրագրային ելույթ է ունեցել, որտեղ ոչ միայն գովերգել է իր երկրի սահմանապահներին, այլեւ իր հորը՝ "մեծն առաջնորդին": Ապա խոսել է իր երկրի սահմանների մասին եւ ասել, որ դրանք հուսալիորեն պաշտպանված են: "Մենք կվերականգնենք մեր երկրի տերիտորիալ ամբողջականությունը",- ասել է նա եւ հոխորտացել. "Անհրաժեշտ պահին բոլոր ռազմական կառույցները կգործեն որպես մեկ միասնական բռունցք եւ կվերականգնեն Ադրբեջանի ամբողջականությունը: Դրա համար անհրաժեշտ են ուժեղ տնտեսություն եւ հզոր ռազմական պոտենցիալ: Իսկ Ադրբեջանը երկիր է, որն ունի եւ հզոր տնտեսական, եւ ռազմական պոտենցիալ": Ապա հարեւան երկրի նախագահը նկարագրել է, թե ինչպես են աճում իր երկրի ֆինանսական եւ ռազմական եկամուտներն ու ծախսերը: Եվ մի ուշագրավ միտք եւս. Ալիեւն ասել է, որ բյուջեում ամենամեծ ծախսերի բաժինը ռազմական ոլորտինն է: "Չէ որ մենք ապրում ենք պատերազմական վիճակում: Պատերազմը դեռեւս ավարտված չէ: Մենք յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինենք եւ պատրաստ ենք մեր հողերն ազատագրելուն",- ասել է նա: Անշուշտ, պետք չէ այս ելույթը չափից դուրս կարեւորել՝ նման ելույթներ շատ են հնչել: Դրանք ուղղված են ներքին լսարանին: Մերոնք էլ են նման ելույթների մեծ մասնագետներ: Սակայն մեր ուշադրությունը գրավեց այն ծաղրալի-հեգնական տոնը, որ Իլհամ Ալիեւի ելույթի մասին խոսելիս որդեգրել էր երկրիս գլխավոր լրատվական ծրագիրը: Դա ոչ թե հերոսության եւ թշնամուն "կերցնելու" լրագրողական պրոֆեսիոնալ աշխատանք էր, այլ խեղճության ու վատ տոնի դրսեւորում: Նաեւ սեփական երկրի պաշտոնյաներին քննադատել չկարողանալու արդյունք: