Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը կփչացնի թուրք-իսրայելական հարաբերությունները

Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը կփչացնի թուրք-իսրայելական հարաբերությունները
Եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դա կփչացնի թուրք-իսրայելական հարաբերությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը`  նախապես հիշեցնելով, որ իր ղեկավարած կառույցը քաղաքական չէ, ու իր հայտարարություններն ու արտահայտած կարծիքները միայն քաղաքացիական դիրքորոշումների շրջանակում են:



«Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կողմից միանշանակ կերպով փչացնելու է թուրք-իսրայելական հարաբերությունները, միանշանակ կերպով Թուրքիայում փակելու է բոլոր ճանապարհները Իսրայելի համար»,-ասաց բանախոսը:



Ըստ Ռ. Վարժապետյանի, Հայաստանն իր պետական ծրագրերը պետք է նմանեցնի հրեական ծրագրերի մոդելին, անըդհատ գրի, տարածի Ցեղասպանության մասին, միջոցառումներ կազմակերպի այդ թեմայով, ֆինանսավորի Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերը: Ըստ համայնքի ղեկավարի, Հայոց ցեղասպանության մասին այսօր շատերը չգիտեն: «Դուք կարծում եք, հարևան Վրաստանում գիտե՞ն այդ մասին»,-ասաց նա:



Միաժամանակ բանախոսը հույս հայտնեց, որ Իսրայելի Քնեսեթը կվերանայի իր դիրքորոշումը ու հայկական ջարդերը ողբերգություն որակելու փոխարեն կանվանի Ցեղասպանություն:



«Հավատացեք ինձ, այդ հարցը կրկին ու կրկին վերանայվելու է, բայց կան բաներ, որ կապված են Իսրայելի անվտանգության, տնտեսության ու նաև բարոյական գործոնի հետ: Հրեաները համարում են, որ այն ինչ պատահեց Եվրոպայում ապրող հրեաների հետ /ի նկատի ունի Հոլոքոստը/, դա առանձնահատուկ բան էր, խելագարություն, որ կարող էր լինել մարդկության նկատմամբ: Բայց մենք չենք կորցնում հույսը, համոզված եմ, որ հարցը կրկին վերանայվելու է, թե երբ չեմ կարող ասել»,-բացատրեց նա, ընդգծելով, որ Քնեսեթում ու ընդհանրապես Իսրայելում շատ ուժեղ է թուրք-ադրբեջանական լոբբին:



Ռ. Վարժապետյանը լրագրողներին հորդորեց, որ Քնեսեթում Հայոց Ցեասպանության վերաբերյալ բանաձևի քննարկումները չկապել թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման հետ: «Քնեսեթում կան մարդիկ, ովքեր պատրաստ են, ոչ թե Թուրքիայի ինադու, այլ հասկանալով, գիտակցելով, հայ համայնքի նկատմամբ ունեցած վշտակցությունից ելնելով, ընդունել Ցեղասպանության փաստը»,-ասաց Ռ. Վարժապետյանը, հույս հայտնելով, որ տարիների ընթացքում նաև ԱՄՆ-ն է ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը:



Panorama.am