Լեւոն Բարխուդարյան. Կոռուպցիայի դեմ անհրաժեշտ քայլեր չեն արվում

Լեւոն Բարխուդարյան. Կոռուպցիայի դեմ անհրաժեշտ քայլեր չեն արվում
Ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը մոտ 1 ամիս առաջ նշանակվեց Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր: Նա Հայաստանի ամենաերկարակյաց նախարարներից է եղել, բավական երկար ղեկավարել է ֆիննախը: Ընդ որում՝ նախարար նշանակվել է անկախ պետականության կայացման հենց սկզբում` 1993-ին, եւ պաշտոնից հեռացել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք՝ 1,5 տարի նրա կառավարությունում ֆինանսների նախարար աշխատելուց հետո:



- Պարոն Բարխուդարյան, նախարարի պաշտոնը թողնելուց հետո բավական ընդմիջումով Դուք կրկին նշանակվեցիք պետական պաշտոնում՝ Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր: Հնարավո՞ր է դա նաեւ ինչ-որ համաձայնության արդյունք է: Հայաստանում կիրառվում է պրակտիկան, որ բուհերի ղեկավար նշանակվում են բացառապես բարձրագույն իշխանության՝ տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի հավանությամբ:



- Ես չեմ կարող որեւէ մասնավոր մանրամասնություններ ասել: Իհարկե, հավանություն կա ղեկավարության կողմից, բայց ես չգիտեմ էդ մեխանիզմը: Ինձ առաջարկել են, ես համաձայնվել եմ: ...Սա դժվար է համարել բարձր պետական պաշտոն: Համալսարան է, ես պրոռեկտոր եմ գիտության եւ միջազգային համագործակցության գծով: Այս գործն ինձ համար նորություն չէ, խորհրդատվությամբ եւ գիտությամբ ես զբաղվել եմ վերջին տարիներին եւ չեմ դիտում այս պաշտոնը որպես պետական մեծ պաշտոն: Դիտում եմ հնարավորություն՝ ավելի ակտիվ զբաղվել գիտական աշխատանքով, համակարգել այդ աշխատանքը: Անելիքներ շատ կան: Մանավանդ, որ վերջերս զբաղվում եմ նաեւ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության մշակմամբ եւ բուհում աշխատելն ինձ շատ օգնում է: Մեծ բարեփոխումների անհրաժեշտություն կա բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում:



- Իսկ հնարավո՞ր է սա ճանապարհ է կրկին դեպի նախարարի պաշտոն:



- Ես դա չէի ցանկանա եւ չեմ կարծում:



- Այսինքն հիմա չեք ուզում նախարար լինել:



- Իհարկե ոչ: Նախարար լինելը մեծ պարտականություն է, ծանր, անշնորհակալ եւ ինքնամոռաց աշխատանք է: Փոխարենը կարելի է էս տիպի աշխատանք կատարել եւ աշխատանքով վաստակել ավելի, քան նախարարը:



- Հնարավո՞ր է նաեւ քաղաքական որոշակի ծրագրեր ունեք:



- Ոչ մի քաղաքական ծրագիր չունեմ, որեւէ կուսակցության անդամ չեմ:



- Առաջիկայում հնարավո՞ր է անդամակցեք որեւէ կուսակցության:



- Չեմ կարծում: Այսօր ես այդ մասին չեմ մտածում:



- Դուք երկար տարիներ կառավարության անդամ եք եղել, ֆինանսների նախարար, ինչպե՞ս եք գնահատում ներկա կառավարության, ֆինանսների նախարարի, վարչապետի աշխատանքը:



- Ֆինանսների նախարարությունում բոլորն իմ ընկերներն են եւ իմ կոլեգաները: Իհարկե շատ դրական եմ գնահատում: Այսօրվա վարչապետի հետ նույնպես աշխատել ենք: Բավական երկար ճանապարհ ունենք անցած եւ միասին ենք համակարգել ազգային դրամի ներդրման գործընթացը: Բնականաբար դրական եմ գնահատում:



- Դուք ՀՀ տնտեսական նոր քաղաքականության հիմնադիրներից եք: Ինչպե՞ս եք գնահատում տնտեսական ներկա քաղաքականությունը: Անցել է 20 տարի, ի՞նչ ունենք այսօր: Գնահատականներ կան, որ մոնոպոլիզացված տնտեսություն ունենք, տնտեսություն, որ ծառայում է մի քանի հոգու, տնտեսական քաղաքականությունը չի նպաստում փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը եւ այլն:



- Գիտեք, մի փոքր ծայրահեղ կարծիքներ են: Նախ պետք է հստակեցնենք՝ ինչ է նշանակում տնտեսական քաղաքականություն: Երկու հիմնական տարրերից է դա բաղկացած: Մեկն այն է, ինչ կա օրենսդրության մեջ, եւ այն, ինչ իրականում է կատարվում: Տնտեսական քաղաքականությունը, ցավոք, երկատված է, հակասություն կա այս երկու տարրերի միջեւ: Մինչեւ 90-ականների վերջերը տնտեսության հիմնական ուղղությունը ազատականացումն էր՝ եւ արտաքին, եւ ներքին տնտեսական հարաբերություններում, նաեւ բիզնես միջավայրն ավելի թափանցիկ դարձնելը: Եվ դա արվել էր նրա համար, որ այդ ազատականացումը խրախուսի առեւտուրը եւ նպաստի գործարար միջավայրի զարգացմանը: Բայց որքանով է դա իրագործվում, սա է հարցը: Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ տնտեսությունը մոնոպոլիզացված է: Տնտեսության կենտրոնացվածության, մենաշնորհացվածության աստիճանը մեծ է: Պետական կառավարումը միանում է հարուստ օլիգարխներին, իսկ դա արդեն կարող է բերել ռիսկեր, որ հնարավոր է միակողմանի որոշումներ ընդունվեն: Պետական ծառայությունը միշտ պետք է տարանջատված լինի բիզնեսից եւ շատ հստակ: Զարգացած արեւմտյան երկրներում, որտեղ կա ժողովրդավարություն, Դուք կտեսնեք դա ամենուրեք: ԱՄՆ-ում եթե պետական ծառայողը ճաշում է բիզնեսմենի հետ, պետք է ինքը վճարի:



- Ձեր կարծիքով շեղումներ եղե՞լ են այն տնտեսական քաղաքականությունից, որն իրականացվել է սկզբում:



- Կան: Դա մոնոպոլիզացվածության աստիճանն է: Այդ տենդենցը շատ է ուժեղացել:



- Նախկինում չկա՞ր մոնոպոլիզացիա:



- Իհարկե նման չափերի չկար, եւ զարգացվածության աստիճանն էլ այնպիսին չէր, որ այսքան ուժեղ լիներ: Չկար: Ես կիսում եմ այն կարծիքը, որ ժամանակին պետք էր կանխատեսել եւ կանխել դրա զարգացումը: Ինչ որ ինձանից կախված էր, ես արել եմ: Բայց հետո տնտեսությունը շատ ավելի միակողմանիորեն գնաց մոնոպոլիզացման ուղղությամբ, եւ մոնոպոլիզացիան հիմա շատ-շատ է: Ցանկացած իշխանության ժամանակ անհրաժեշտ քայլեր չեն արվում կոռուպցիայի դեմ: Եթե նորմալ պայքար լինի, շատ մարդիկ չեն լքի Հայաստանը: Բացի տնտեսական ցուցանիշներից, մարդկանց վերադարձը Հայաստան կխոսի սոցիալական արդարության մասին: Սա շատ կարեւոր ցուցանիշ է նաեւ զարգացման առումով:



Եթե ամփոփենք այս կիսամյակի արդյունքները, մենք կտեսնենք, որ բավական դրական տենդենցներ կան, տնտեսության դրական աճ կա՝ 6,8 տոկոս ՀՆԱ աճ, այդ թվում արդյունաբերությունը՝ 12 տոկոս, ցավոք, գյուղատնտեսությունը 13 տոկոս անկում ունի, շինարարությունն ունի 4 տոկոս աճ: Ի դեպ, ինֆլյացիան մի փոքր ավելի բարձր է, քան նախատեսվում էր՝ 7,3 տոկոս, տարվա ընթացքում նախատեսվում էր 6,2 տոկոս: Երբ նայում ենք տնտեսության աճի կառուցվածքը, թե ինչի հաշվին է աճը տեղի ունեցել, տեսնում ենք, որ, օրինակ, արդյունաբերության մեջ եղել է հանքարդյունաբերության, մետալուրգիայի հաշվին, որովհետեւ միջազգային գները բարձրացել են: Սա ցույց է տալիս մեր տնտեսության կախվածությունն արտաքին միջազգային գներից: Դրական տենդենցները նաեւ նրանով են բացատրվում, որ մասնավոր տրանսֆերտներն աճել են ՌԴ-ից: Սա մատնում է մեր տնտեսության ցավոտ, թույլ կողմերը: Սա ցույց է տալիս մեր տնտեսության կոնցենտրացված լինելը: Պետք է տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացվի: Այո, մենք պետք է շատ ուշադրություն դարձնենք նույն գյուղմթերքների վերամշակմանը, որը տեղական հումքից է կախված, տեղական հումքի վերամշակմամբ արտադրության զարգացմանը: Ես կողմ եմ գիտելիքահենք տնտեսությանը, բարձր տեխնոլոգիաներին, բայց կան ոլորտներ, որ անհրաժեշտ է զարգացնել: Այս ուղղությամբ պետք է քայլեր արվեն՝ պետք է ապահովվի մրցակցային միջավայրը, մենաշնորհներն են շատ խանգարում, ներդրումային միջավայրը, ներդրումային մթնոլորտը պետք է բարելավվի, որ սփյուռքը սկսի լուրջ ներդրումներ անել: Մոնոպոլիզացիան լուրջ խոչընդոտ է: Խոչընդոտ է նաեւ կառավարման ապարատում կատարվող ռեֆորմների դանդաղումը: Կոռուպցիան, որի մասին շատ ենք խոսում, կապված է դրա հետ: Մարդը, ով 2-2,5 մլրդ. դոլարի բյուջեի  նախագիծն է պատրաստում, չի կարող ամսական մոտ 120 հազար դրամ աշխատավարձ ստանալ: Փոխնախարարը չպետք է ստանա շուրջ 400 ԱՄՆ դոլարին համարժեք աշխատավարձ: Չի լինում էդպես: Հնարավոր չէ այս պարագայում հաջողություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում:



- Տպավորություն կա, որ մեր երկրում կոռուպցիան ոչ թե ինչ-որ անձանց նախաձեռնությունն է, այլ համակարգված է՝ ներքեւից վերեւ:



- Դժվարանում եմ ասել: Էդպես չի, որ բոլոր չինովնիկներին ասում են դուք պետք է կոռումպացված լինեք: Չեմ կարծում: Ես չինովնիկներ գիտեմ, որ բոլորովին կապված չեն կոռուպցիայի հետ: Բայց էնտուզիազմով 20 տարի ապրել չի լինում: Էնտուզիազմով 2-3 տարի են ապրում: Ինչպես 90-ականների սկզբում էր: Այն ժամանակ ողջ ժողովուրդն էր էնտուզիազմով ապրում: Ես չեմ մոռանա ժողովրդի համախմբվածությունը իշխանությունների շուրջ, ինչի շնորհիվ մենք հասանք մեծ հաղթանակների եւ նվաճումների թե Ղարաբաղում, թե առաջինն էինք, որ հասանք մակրոտնտեսական հավասարակշռության ողջ Կովկասում, եւ առաջինն էինք միջազգային պրակտիկայում, որ փակված ատոմակայանը վերաբացեցինք:



- Պարոն Բարխուդարյան, Դուք երկար տարիներ աշխատել եք Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, հետո եղել եք Ռոբերտ Քոչարյանի կառավարության անդամ, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք պրոռեկտոր նշանակվեցիք: Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները այս երեք քաղաքական թիմերի հետ:



- Ես բոլորի հետ ունեցել եմ բաց երկխոսություն եւ հարաբերություն: Կան եւ դրական, եւ բացասական կողմեր, բայց դա արդեն անձնական դիտարկումների ոլորտից է: Ես տնտեսագետ եմ, ինձ հուզում են ոչ դրական միտումները, որ ես տեսնում եմ տնտեսության մեջ: Բավական դրական եմ գնահատում այս տարվա ընթացքում տնտեսության արձանագրած աճը, սակայն նույնիսկ այս տեմպերով զարգանալու դեպքում 2008թ. նախաճգնաժամային ցուցանիշներին մենք կվերադառնանք 2011թ. ավարտին, 3 տարի անց: