Աղիքային վարակի դեպքեր կան, բայց անհանգստանալու կարիք չկա

Աղիքային վարակի դեպքեր կան, բայց անհանգստանալու կարիք չկա
Հատկապես ամռան ամիսներին, ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, համաճարակային իրավիճակը ռիսկային է դառնում, մասնավորապես նկատելիորեն աճում են աղիքային վարակով հիվանդացության դեպքերը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ամռան ամիսներին աղիքային վարակի տարածման համար  առկա են սաստիկ շոգը, մարդկանց կողմից պտուղ-բանջարեղենի եւ շուտ փչացող սննդի օգտագործման կանոնների խախտումները:  ՀՀ ԱՆ Հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության մասնագետների հավաստիացմամբ՝ ներկայումս երկրի համաճարակային իրավիճակը կայուն է, վարակների սրացումներ չկան: Թեեւ սեզոնին բնորոշ աճել է աղիքային հիվանդությունների թիվը, ինչը, սակայն, նորմայի սահմաններում է եւ չի գերազանցում միջին շեմը:



Արձանագրված դեպքերի մեջ գերակշռում են երեխաները: Տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Անահիտ Ավետիսյանը սա պայմանավորեց երեխաների թույլ իմունիտետով: Ամռան ամիսներին աղիքային վարակի ծագման տեսանկյունից լուրջ խնդիր կարող է դառնալ արհեստական ջրավազաններում լողանալը: Թեեւ արհեստական ջրավազաններում լողանալը խստիվ արգելվում է, երեւանցիներն անտանելի տապից փրկվելու համար շարունակում են "զովանալ" արհեստական լողավազաններում՝ առանց մտածելու հետեւանքների մասին: Տեսչության իրավական ապահովման բաժնի պետ Նունե Բակունցի խոսքով՝ արհեստական ջրավազաններում որեւէ կերպ հնարավոր չէ ապահովել առողջության համար անվտանգ պայմաններ, եւ ջրի անգամ փոքրիկ քանակության ներթափանցումն օրգանիզմ բավարար կարող է լինել աղիքային վարակի ծագման համար: Նունե Բակունցի խոսքով՝ ՏԻՄ-երը պարտավոր են համապատասխան ցուցանակներ տեղադրել ավազանների տարածքում, որոնց վրա պետք է գրված լինի, որ այնտեղ լողանալն արգելվում է:



Բացի այս, խիստ կարեւոր է նաեւ սպասարկման նորմերի պահպանումը: Իսկ այն դեկորատիվ ջրավազաններում, որոնք շատրվաններ չունեն, այսինքն կանգային են,  եւ ջրի մակերեսի տատանում չկա, պետք է ջուրը փոխվի առնվազն 10 օրը մեկ անգամ: Դա հարկավոր է մալարիայից խուսափելու համար, որպեսզի ջրի մակերեսին գտնվող միջատների ձվիկները թրթուռներ չդառնան: Անահիտ Ավետիսյանի խոսքով` տեսչության միջատաբանները պարբերաբար մոնիտորինգ են անցկացնում ջրականգերում՝ ապրիլ ամսվանից սկսած, որը տեւելու է մինչեւ նոյեմբեր:



"Խախտումներ իհարկե լինում են, լինում են դեպքեր, երբ ջուրը ուշ է փոխվում, բայց այդպիսի դեպքերում տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, տնօրինությանը դիմելու միջոցով այդ հարցերը լուծվում են, բայց արտառոց դեպքեր չունենք: Չկան նաեւ այնպիսի դեկորատիվ ավազաններ, որտեղ դա սկզբունքորեն չիրականացվի",-վտահեցրեց Անահիտ Ավետիսյանը: Ջերմության, ընդհանուր թուլության, լուծի (հատկապես արյունախառը) դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ դիմել բժշկի եւ չզբաղվել ինքնաբուժմամբ, իսկ կանխարգելման համար առաջին հերթին պահպանել մաքրություն եւ չօգտվել բացօթյա սննդի կետերից, որոնց սանիտարահիգիենիկ պայմանները, մեղմ ասած, անմխիթար են: