Անվճար, բայց ոչ հասանելի բուժօգնություն

Անվճար, բայց ոչ հասանելի բուժօգնություն
Երեկ մեր խմբագրություն էր զանգահարել մի կին եւ դժգոհում էր պոլիկլինիկաներում ցուցաբերվող անվճար բուժօգնությունից: Նա անձամբ էր առնչվել այդ խնդրին, որից վերջերս շատերն են բողոքում: Մեզ զանգահարած կնոջ աղջիկը մի քանի օր առաջ վատ է զգացել, երիկամի հատվածում ուժեղ ցավեր է ունեցել: Մայրը մտածել է, թե երիկամներում քար է կուտակվել, եւ ցավերը հենց դրա հետեւանք են. "Գիշերը մի կերպ լուսացնելուց հետո շտապօգնություն կանչեցինք, եւ մեզ ասացին, որ դիմենք պոլիկլինիկա եւ այնտեղ կարող ենք անվճար բուժօգնություն ստանալ":



Նրանք դիմում են Աջափնյակ համայնքի թիվ 6 պոլիկլինիկա: Թաղային բժշկուհին նայում է աղջկան եւ ասում, որ պետք է սոնոգրաֆիա անել, բայց պատճառաբանում է, որ իրենց մոտ սարքը հին է եւ քարը ցույց չի տա: "Ի՞նչ է դա նշանակում, եթե անվճար է, ուրեմն պետք է անորակ ու փչացած տեխնիկա՞ օգտագործեն եւ խաբեն մարդկանց: Ես նկատեցի նաեւ, որ ստուգող բժիշկն էլ բան չէր հասկանում: Այնտեղ շատ քիչ են լավ, բժշկական կրթությամբ մասնագետները",- ասում է աղջկա մայրը՝ Լյուբա Ազատյանը: Աղջկան, ամեն դեպքում, ստուգել են, բայց տեղեկացրել են, որ սարքը հին է, ու խնդիրը չի երեւա: Հետո խորհուրդ են տվել դիմել այլ հիվանդանոց: "Ինձ ցույց են տալիս վճարովի տեղեր: Ես ինքս էլ գիտեմ վճարովի տեղերը, բայց չեմ կարող օգտվել դրանցից:



Մենք ընտանիքով գործազուրկ ենք: Հանրապետական հիվանդանոցում, եթե չեմ սխալվում, սոնոգրաֆիան 8 հազար դրամ է: Ես պետք է նաեւ դեղեր առնեմ, բայց այդքան փող չունեմ: Ես ուզում եմ օգտվել անվճար բուժօգնության իմ իրավունքից, բայց, փաստորեն, անիմաստ է, հա՞",- ասում է Լյուբա Ազատյանը: Ի դեպ, սա միակ դեպքը չէ: Վերջերս մեզ ծանոթ մեկն այցելել էր Կենտրոնի թիվ 17 պոլիկլինիկա՝ ոտքի զննության համար, բայց նրան եւս պատասխանել էին եւ խորհուրդ տվել գնալ ավելի մասնագիտացված հիվանդանոց, քանի որ իրենց տեխնիկան կարող է լավ չբացահայտել խնդիրը: Ավելի մասնագիտացված հիվանդանոցում նա, բնականաբար, պետք է օգտվեր վճարովի բուժծառայությունից: Երբ քաղաքացին դիմում է պոլիկլինիկա՝ անվճար բուժօգնություն ստանալու համար, նա գիտի, որ կան ավելի մասնագիտացված հիվանդանոցներ, բայց դրանք շատ թանկ են եւ հասանելի չեն շատերին:



"Ես չեմ կարող աղջկաս տանել ուրիշ հիվանդանոց: Ես ոչ մի միջոց չունեմ դրա համար": Հետեւաբար պոլիկլինիկաները եւ առողջապահական մյուս հաստատությունները քաղաքացիներին չպետք է "պաս տան" մեկը մյուսին ու սոցիալապես անապահով քաղաքացիների միջոցներով իրենց գրպանը լցնեն: Շատ պոլիկլինիկաներում հրաժարվում են տրամադրել անվճար բուժօգնություն, ինչը նախատեսված է օրենքով, հրաժարվում են անգամ զննության ժամանակ տրամադրել ռենտգենի ժապավեններ, մինչդեռ դրանք գնում են պետությունից հատկացված միջոցներով: "Ես մնացած պոլիկլինիկաները չգիտեմ, բայց կոնկրետ թիվ 6 պոլիկլինիկայում տեխնիկան շատ հին է: Հին է կամ էլ դիտավորյալ են ասում, թե հին է: Նրանք մտածված են այդ ամենն անում: Դիտավորյալ են հին տեխնիկա դնում, վատ մասնագետներ ընդունում",-ասում էր զանգահարած կինը:



Պոլիկլինիկաների՝ քաղաքացիներին այլ հիվանդանոցներ "պաս տալու" սովորությունն ապացուցում է քաղաքացու հետեւության ճշմարտացիությունը: Նույնն պրոցեսն էլ կրկնվում է հիվանդանոցներում. հիվանդին մի բաժնից ուղարկում են մեկ այլ բաժին, հազար տեսակ հիվանդություն են "բացահայտում" նրա մոտ եւ վերջում, երբ բժիշկները բոլորն էլ ստանում են իրենց "հասանելիքը", հանկարծ պարզվում է, որ իրենց դիմած քաղաքացին բոլորովին ուրիշ հիվանդություն ունի կամ էլ, վերջին հաշվով, լիովին առողջ մարդ է:



Քաղաքապետարանի առողջապահության վարչությունից ասացին, որ ապրիլ ամսին քաղաքապետի որոշմամբ նոր բուժսարքավորումներ են տրամադրվել թիվ 1, 12, 22, Նորագավիթի, Սովետաշենի եւ մի քանի այլ պոլիկլինիկաների: Իսկ Աջափնյակի 6-րդ պոլիկլինիկան դուրս է մնացել, քանի որ. "Այդ պոլիկլինիկան սեփականաշնորհված է եւ մեզ չի ենթարկվում: Սեփականատերը Գրիգորյանն է: Քաղաքապետարանը պարտավոր չէ տեխնիկայով վերազինել այդ պոլիկլինիկան: Դրա համար պատասխանատու է առողջապահության նախարարությունը",- ասաց քաղաքապետարանի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Վանուհի Սեդրակյանը:



Առողջապահության նախարարությունից էլ մեզ ասացին, որ բուժհաստատությունները սարքավորումներով վերազինելը իրենց քաղաքականության ուղղություններից մեկն է ( այդ թվում եւ թիվ 6 պոլիկլինիկան), եւ իրենք զբաղվում են այդ գործով: Նախարարությունը գնում է սարքավորումներ ու բաժանում է բուժհաստատություններին: Առայժմ ավելի շատ ուշադրություն է դարձվում մարզերին, բայց Երեւանին էլ չեն մոռանում: Փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանի խոսքով` վերջերս կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն բժշկական սարքավորումների շահագործման առավելագույն ժամկետը չպետք է գերազանցի արտադրողի եւ լիազոր մարմնի՝ առողջապահության նախարարության կողմից  տրված ժամկետին:



Բուժհաստատությունն այլեւս իրավունք չի ունենալու շահագործել տեխնիկան գործարանային եւ լիազոր մարմնի կողմից տրված ժամկետից ավելի: "Հակառակ դեպքում  դա արդեն հակասելու է կառավարության որոշմանը, եւ կարող է բուժհաստատությունը զրկվել լիցենզիայից",- ասաց փոխնախարարը: Մնում է, որ որոշումը չմնա թղթի վրա եւ բուժհաստատությունները վերազինվեն ոչ միայն տեխնիկայով, այլեւ լավ մասնագետներով: