Մեդվեդեւի պատվին

Մեդվեդեւի պատվին
Ամառվա շոգին, երբ ավտոշարասյունները գնում են Սեւան, Երեւան-Սեւան մայրուղու որոշ հատված փակ է, կրկին այնտեղ շինարարություն է գնում: Երեկ մեր խմբագրություն էր զանգահարել քաղաքացի Վազգեն Շուշանյանը եւ բողոքում էր, թե բարեկարգ ճանապարհը հերթական անգամ վերանորոգվում է: "Ի՞նչ է եղել դրան, որ քանդել նորից ասֆալտ են անում: Թող տանեն Կարմիրի քանդված ճանապարհները սարքեն էդ գումարներով: Երեւանում եմ ապրում, գնում-գալիս եմ Ճամբարակ: 20 տարի Ճամբարակի ճանապարհները քանդված են, ողջ շրջանը՝ ավերված, մեկը չի մտածում էնտեղի ճանապարհը կառուցի, իսկ էստեղ ամեն տարի նորոգում են: Երկու մարզ է իրար կապում այդ ճանապարհը, որը ոչ ոք չի ուզում սարքել: Նորմալ ճանապարհը քանդել են, նորից են ասֆալտ անում",- դժգոհեց քաղաքացին: Մեզ հայտնի դարձավ, որ նման ինտենսիվ ասֆալտապատման պատճառը ՌԴ նախագահ Մեդվեդեւի այցն է, որը կարճ հանգրվանելու է "Հարսնաքար" հյուրանոցային համալիրում: Ճանապարհը կարգի են բերում հատուկ Ռուսաստանի նախագահի համար: Այսինքն եթե ուզում են Ճամբարակի ճանապարհները ասֆալտապատվեին, պետք է համոզեին, որ ՌԴ նախագահն այցելեր Ճամբարակ: