Արտաքին ուժերը տարածաշրջանին տանում են դեպի պատերազմ

Արտաքին ուժերը տարածաշրջանին տանում են դեպի պատերազմ
Tert.am-ի հարցերին պատասխանել է 1992–93թթ. և 1995–99թթ Հայաստանի պաշտպանության փոխնախարար, նախկին փոխվարչապետ, այժմ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը։





– Պարոն Շիրխանյան, վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են հայկական սահմանը հատած և Ադրբեջանում հայտնված հայ զինվորների, ինչպես նաև հայ ընտանիքի մասին տեղեկություններ, լուսանկարներ, ներկայացնում նրանց հետ հարցազրույցներ։ Ձեր կարծիքով, սրանով ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը։



- Ցավոք, դավաճաններ միշտ լինում են: Եթե դավաճանն անցնում է թշնամու կողմը, վերջինս անպայման նրան կօգտագործի Հայրենիքի դեմ: Պարզ է, որ այդ մարդկանց համար Հայրենիք հասկացողությունը գոյություն չունի, և նրանք պատրաստակամությամբ կկատարեն Ադրբեջանի ցանկացած պատվեր։ Նրանք մինչև իրենց վերջին շունչը օգտագործվելու են Հայաստանի դեմ:



– Վերջին օրերին ռուսական մամուլում լուրեր են հրապարակվում այն մասին, որ Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառել C-300 հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի նման պահվածքը։



- Դա կայացած փաստ չի, հիշենք Կիպրոսը, Իրանը: Բայց եթե դա տեղի ունենա, ապա Ադրբեջանի ղեկավարությունը կարող է հանգիստ լինել, որ Բաքուն օդից հարձակման ենթարկվելու դեպքում պաշտպանված կլինի: Ընդամենը սա է: Բայց դեպքերի նման զարգացում սպասելու համար պետք է ունենալ շատ վառ երևակայություն, կամ լինել անբուժելի շիզոֆրենիկ: Նման հզորության համակարգի վաճառքի հիմքում պետք լինի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նկատառումներ: Այսօր դժվար է ասել, թե Ռուսաստանը ումի՞ց է ուզում պաշտպանել Բաքվի երկինքը: Ես ավելի շատ հակված եմ այն կարծիքին, որ այդ գործարքը չի իրագործվելու:



– Ռազմական առումով ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ համակարգերը, արդյո՞ք դրանք այնպիսի մեծ առավելություն են տալիս, որ կարող են խախտել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հավասարակշռությունը։



-С-300-ն իր տեսակի մեջ եզակի հաջողված համակարգ է և կոչված է պաշտպանելու օդուժի հարձակումներից և հրթիռակոծությունից: Հայաստան-Ադրբեջան սպառազինության բալանսի խախտման գործում շատ ավելի մեծ է Թուրքիայի, Իսրայելի, Ուկրաինայի, Պակիստանի, ԱՄՆ-ի ներդրումը, ինչի վրա ԵԱՀԿ-ն համառորեն «աչք է փակում»:



– Հայաստանում ռուսական ռազմաբազաների ժամկետը երկարացնելու Մոսկվայի առաջարկն ի՞նչ նպատակ է հետապնդում։



-Դա ինքնըստինքյան լինելու էր 2022թ.՝ գործող պայմանագրի ժամկետի լրանալուց հետո, պարզապես արվում է ավելի շուտ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում: Ռուսական ռազմական բազան հանդիսանում է Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման կարևոր մաս: Այս իմաստով ժամկետի երկարացումը արդարացված է:



–Երկու երկրների զինումը Ռուսաստանի կողմից կարո՞ղ է հանգեցնել պատերազմի վերսկսմանը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում:



- Անդրկովկասը գերմիլիտարիզացված տարածք է բոլոր չափանիշներով: Բժեզինսկին դեռ 98-ին էր նախատեսել Անդրկովկասի «բալկանիզացումը»: Բայց այս տարածքի միլիտարիզացման գլխավոր դերակատարը Ռուսաստանը չէ: Իսկ եթե զենքի կուտակումն անցնում է բոլոր թույլատրելի սահմանները, ապա պատերազմը դառնում է անխուսափելի: Ցավոք, արտաքին ուժերը տարածաշրջանին տանում են այդ ուղությամբ: