Պետությունը թող զսպի

Պետությունը թող զսպի
"Տնտեսվարող սուբյեկտն ունի մի խնդիր՝ շահույթ ստանալ:  Եթե շահույթ ստանալու համար թեկուզ փոքր նախադրյալներ են լինում, նա անմիջապես նետվում է իր շահույթը մեծացնելու: Հիմա դրան գերշահույթ կասեն թե նորմալ շահույթ՝ տնտեսվարողի համար նշանակություն չունի: Նա իր ձգտման մեջ իրավացի է, բայց պետությունն ինչի՞ համար գոյություն ունի: Պետությունը միշտ ինչպես առանձին քաղաքացիներին, այնպես էլ տնտեսվարողներին ամենատարբեր ձեւերով  զսպաշապիկներ պետք է հագցնի ոչ թե վատ իմաստով, այլ, որ ընդհանուր վեկտորը չշեղվի: Հիմա եթե պետությունը համապատասխան միջամտություն չի ցույց տվել, տնտեսվարողին դուք իրավունք չունեք մեղադրելու, մեղադրեք պետությանը",-մեզ հետ զրույցում մեկնաբանելով վերջին շաբաթվա ընթացքում լայն սպառման ապրանքների եւ առաջին հերթին ալյուրի ու հացի թանկացումը, նշել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Բոստանջյանի կարծիքով՝ տնտեսվարողը մշտապես հետեւում է միջազգային շուկային, իսկ եթե մի քիչ առաջ են անցնում, դա հարցի այլ կողմն է, որովհետեւ պետությունը միշտ պետք է պատրաստ լինի իր երկրի համար ոչ ցանկալի երեւույթները կասեցնելուն: Մեր հարցին, թե արդյո՞ք պետությունը, տվյալ դեպքում իրավասու մարմինը՝ ՏՄՊՊ հանձնաժողովը, արդյունավետորեն իրականացնում է այդ վերահսկողությունը, այն դեպքում, որ տարեսկզբից միայն թանկացումներ տեսանք, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. "Վարչապետն ինքը ասաց, որ մենք ունենք կառավարման որակի բարձրացման խնդիր":