Մարտի են ելնում Արցախի բլոգերները

Մարտի են ելնում Արցախի բլոգերները
Ստեփանակերտում օգոստոսի 11-ին մեկնարկած "BarCampArtsakh 2010" երիտասարդական ինտերակտիվ "ոչ կոնֆերանս"-ի բացման արարողությանը մասնակցում են վեց տասնյակ երիտասարդներ Հայաստանից եւ Ղարաբաղից։ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարն իր ողջույնի խոսքում այն միտքն է հայտնել, որ "ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԼՂՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտը համարվում է գերակա ճյուղ":



Միջազգային "Internet World Stats" մոնիտորինգային ընկերության կողմից 2010 թ. հուլիսի 1-ին հրապարակված թվային տվյալները՝ տարբեր պետություններում ինտերնետից օգտվողների վերաբերյալ, միանգամայն այլ պատկեր են ներկայացնում։ "Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա ճյուղ" համարող Հայաստանն ու Արցախը խայտառակ ձեւով զիջում են վերոհիշյալ ոլորտը գերակա ճյուղ չհամարող Վրաստանին ու Ադրբեջանին։ Այսպես՝ Հայաստանում ինտերնետից օգտվում է բնակչության 7 տոկոսը (208 հազար մարդ), այն դեպքում, երբ Վրաստանում ինտերնետից օգտվում է բնակչության 28,3 տոկոսը (1,3 մլն. մարդ), իսկ Ադրբեջանում՝ 44,4 տոկոսը (3 մլն. 689 հազար մարդ)։



Բայց զավեշտալին դա չէ միայն։ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը կից գործող տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը (որ վերոնշյալ ոլորտի փոխնախարարի ամուսինն է) գտնում է, որ շատ կարեւոր է տեղեկատվական պատերազմում հաղթանակ տանելը եւ այնպես անել, որ մեր բլոգերները ոչ մի բանով չզիջեն թուրքական ու ադրբեջանական բլոգերներին։ "Մենք նպատակ ունենք ակտիվացնել տեղեկատվական դաշտը, քանի որ գաղտնիք չէ, որ բավականին զիջում ենք մեր հարեւաններին հենց տեղեկատվական դաշտում։ Ինտերնետ մտնելիս, Ղարաբաղի մասին տեղեկություններ որոնելիս թուրքական եւ ադրբեջանական կեղծ տեղեկություններ ենք ստանում, իսկ դա անընդունելի է",- ասաց նա։



Ըստ երեւույթին, Արցախում արդեն հույսները կտրել են ղարաբաղյան հարցում տեղի իշխանությունների ցուցաբերած ամորֆ ու ողորմելի գործելաոճից եւ որոշել են սեփական բլոգերներով առաջ տանել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը։ Թվում է կատակ է, սակայն պարզվում է, որ Արցախի պաշտոնական շրջանակներում լրջորեն հավատում են դրան։ Ոմանց թերեւս թվում է, թե Ղարաբաղի բլոգերները շուտով խուճապ են առաջացնելու ինտերնետից օգտվող 3,6 մլն. ադրբեջանցիների բանակում եւ տեղեկատվական պատերազմում ծնկի են բերելու ադրբեջանցիներին։



Իսկ գուցե իշխանությունները հենց նրա՞ համար են ստեղծել "բլոգերներ ստեղծող" այս կենտրոնը, որպեսզի իրենցից հեռու վանեն այդ "անիծյալ" ղարաբաղյան խնդրի ծանր ու պատասխանատու բեռը։ Դա նաեւ հնարավորություն կտա իրենց ազատ ժամանակը բացառապես օգտագործել սեփական բիզնեսի եւ այլ "օրախնդիր" հարցեր լուծելու համար։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ