Հանրապետական Հրաչի, “կատելնու” եւ Ռիտա Սարգսյանի մասին

Հանրապետական Հրաչի, “կատելնու” եւ Ռիտա Սարգսյանի մասին
Թիվ 18 հատուկ դպրոցի տարածքում կա "կատելնի" կոչվող խարխուլ տարածք՝ սաների ահն առաջացնող: Դաստիարակները նրանց տանում են այնտեղ ծեծելու, առավոտ շուտ վազեցնելու, վախեցնելու: Ծեծելու գործում առանձնանում են տնօրեն Ծովինար Գեւորգյանի հավատարիմը՝ Կարեն Հովհաննիսյանը, եւ նրա "լակոտները", որոնք կապ չունեն դպրոցի հետ, բայց միշտ գալիս են "պադդերժկա" անելու: "Կատելնին" երեխաներն էլ են օգտագործում՝ այնտեղ են նետում միզոտ շորերը, որպեսզի դաստիարակները չտեսնեն ու իրենց չպատժեն: Այլ երկրների առաջին տիկնայք սովորաբար զբաղվում են բարեգործությամբ կամ իրենց բարձրաստիճան ամուսինների առաքինություններն ընդգծելով: Բայց "Հայաստան" կոչվող ՍՊԸ-ում առաջին տիկինը կարող է իրեն թույլ տալ խառնվել պետական մարմինների իրավասությանը, "տանիք" կանգնել, դպրոց փակել-բացել: Արդյունքում՝ ուղղակի անհարմար վիճակում հայտնվել՝ իր ներկայությամբ օգնելով օրինախախտներին:



Երեկ պատմել էինք, թե ինչպես է ՀՀ նախագահի տիկինը ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի միջնորդությամբ հովանավորչական "ժեստ" արել, այցելելով փակման ենթակա թիվ 18 հատուկ դպրոց, որի տնօրենը՝ Ծովինար Գեւորգյանը, Ալվարդ Պետրոսյանի վաղեմի բարեկամն է: Արմեն Աշոտյանը, որը նույնպես ներկա էր, նախարարություն է վերադարձել լավ տրամադրությամբ: Բացառված չէ, որ նա դպրոցը լուծարելու որոշումը չկայացնի, թեեւ հարցի շուրջ ուսումնասիրությունները շարունակվում են: Շարունակում ենք նաեւ մեր հետաքննությունը: Բազմիցս գրել ենք Ծովինար Գեւորգյանի խարդավանքների մասին՝ երեխաներին ոստիկանություն քարշ տալու, նրանց ստորացուցիչ "սեռական" փորձաքննությունների ենթարկելու, շանտաժով սուտ ցուցմունքներ գրել տալու, անհնազանդների դեմ քրեական գործեր հարուցելու փաստերի մասին: Համապատասխան ձայնագրությունները ներկայացրել ենք նաեւ ոստիկանություն եւ  դատարան՝ նախկին փոխտնօրեն, ազատամարտիկ Ուռումյանի գործի շրջանակներում:



Քիչ չեն ապացույցները, որ Գեւորգյանը շանտաժով է ստիպել երեխաներին զրպարտել ուսուցչին: Երեկ զրուցեցինք եւս մեկ "զոհի"՝ երկկողմանի ծնողազուրկ Հրաչ Մանուկյանի հետ: 18-ում նա եւ սան է եղել, եւ դաստիարակ, հետո ԿԳՆ-ն այս նույն շենքում նրան սենյակ է տվել: Հետագայում անցել է անցանկալիների շարքը, ազատվել աշխատանքից եւ դուրս շպրտվել նաեւ իր խղճուկ կացարանից: Այժմ կնոջ եւ փոքրիկ երեխայի հետ բնակվում է մի խարխուլ միջանցքում, ուրիշի հարկի տակ: Առաջին ատյանում մանկատան նախկին սանն իր բնակտարածքի համար դատը շահեց: Վերաքննիչում պարտվեց: Ըստ Հրաչի՝ Գեւորգյանը, կաշառելով դատավորներին, հաղթել է եւ վտարել է իրեն: Իսկ երբ Հրաչն ասել է, որ կդիմի նախագահին, Գեւորգյանը պատասխանել է. "Քո ինքնակոչ նախագահից ես չեմ վախում":



Կոնֆլիկտը, ըստ Հրաչի, սկսվել է, երբ տնօրենն իրեն առաջարկել է երեք դրույք ձեւակերպել, ասելով. "Մեկի կեսը քեզ տամ, մեկի կեսը ինձ կվերցնեմ": Հրաչը չի համաձայնվել, վախեցել է: Մյուս առաջարկն Ուռումյանի դեմ ցուցմունք գրելն է եղել: "Ես քեզ ավելի մեծ սենյակ կտամ",- առաջարկվել է Հրաչին: "Ես հրաժարվեցի: Քննիչն էլ, Նաիրի Ղալումյանը, Ծովինարի կողմից էր: Ասում էր՝ ցուցմունք գրի, որ Ուռումյանը խմած ուզել է երեխա գցի պատուհանից դուրս: Ես չհամաձայնվեցի, ասեց՝ հել դպրոցից": Ամենաբուռն վեճը տնօրենի եւ մանկատան նախկին սան Հրաչի միջեւ տեղի է ունեցել քաղաքական հողի վրա: Հրաչ Մանուկյանը ՀՀԿ անդամ է, ինչով հպարտանում է: "Ընտրություններից առաջ ես իմ սենյակում Հանրապետականի երկու դրոշ էի կախել: Ծովինարը տեսավ, ասեց. "Էս ի՞նչ ես կախել: Հանի, ՀՅԴ-ի դրոշը պետք է կախես: Լավ կլնի, որ ձայներ էլ բերես": Ինքն ասեց. "Դու լսե՞լ ես Ալվարդ Պետրոսյան: Ինքն իմ մեջքին է, ուզո՞ւմ ես քո մեջքին էլ լինի"": Երեկ, իմանալով, որ նախագահի տիկինը եւ Ալվարդ Պետրոսյանը պաշտպանում են Ծովինար Գեւորգյանին, նվիրյալ  հանրապետական Հրաչ Մանուկյանը վրդովված զանգահարեց խմբագրություն եւ ասաց. "Էս տնօրենի նման չկա, լուչշե դպրոցը փակվի, քան ինքը մնա աշխատանքի: Էրեխեքին գործ տվող ա դաստիարակում: Իրան որ ասեք, նկարի նենց կենդանի, որ աշխարհում գոյություն չունի, նաղդ նկարող ա: Հիմա էլ էդ երեխեքին ա սովորացնում: Մեկին փող ա տալիս, մեկին տուն ա ուղարկում: Երեխեքը գողություն են անում, մուրացկանություն: Ես տեսնում եմ որտեղ են էդ երեխեքը: Աղջկեքը Սովետաշեն տղա են կպցնում: Արդեն սալդատ ա գնում էդ դպրոց: Գիշերվա կեսին սալդատը ի՞նչ գործ ունի դպրոցում: Իսկ տղաները" Ինձ երեխեքն ասեցին. "Ընկեր Հրաչ, գիտե՞ք, որ երեխեքից մի քանիսը գնում են "գալուբոյների" այգում փող են աշխատում: Բա էդ եղավ տնօրենի գո՞րծ: Ասում ա գնացեք, ինչքան ուզում եք, մնացեք, հետո կգաք դպրոց: Իրան ձեռ ա տալիս, որ էնտեղ հաց ուտող էլ չլինի, իրա գրպանը դնի": "Ճի՞շտ է, որ Ուռումյանի գործով որպես "տուժող" անցնող Լեւոն Ա.-ին վախեցնելով սուտ ցուցմունք է գրել տվել",- հարցրի Հրաչին: "Ես եմ տեսել ոնց ա Կարենը ծեծում Լեւոնին: Իրան ծեծում էին ահավոր: Կարենը քացու տակ էր առնում":