Թուրքիան Արձանագրային գործընթացից արդեն ստացել է իր ուզածի 80 տոկոսը

Թուրքիան Արձանագրային գործընթացից արդեն ստացել է իր ուզածի 80 տոկոսը
«Մի օրով սահմանը բացելը, կարծում եմ, իմաստ չունի միջպետական հարաբերությունների տեսակետից, ինչ առիթով էլ, որ բացվելու լինի»,– այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ–ի զորավարժությունների համար թուրքական զինված ուժերը հնարավոր է՝ Հայաստան գան Վրաստանի սահմանով։



Ըստ Մանոյանի, հայ–թուրքական սահմանի բացումը միջպետական հարաբերությունների տեսանկյունից իմաստ չունի, եթե անգամ այն բացվի 2, 3 օրով կամ էլ նույնիսկ մեկ շաբաթով։



Անդրադառնալով հայ–թուրքական Արձանագրություններին՝ ՀՅԴ գործիչն ասաց. «Իսկապես, այսօրվա վիճակով մենք Թուրքիային ոչ մի շահագրգռվածության տեղ չենք թողել, որ նա վավերացնի այդ անիծյալ Արձանագրությունները, որովհետև ինքն արդեն այս Արձանագրություններով ստացել է համարյա 80 տոկոսն այն ամենի, ինչ որ պետք է ստանար Արձանագրությունների վավերացման դեպքում։ Եվ 80 տոկոսը ստացել է՝ ոչինչ չտալով, քանի որ վավերացման դեպքում պետք է սահմանը բացի, շրջափակումը վերացնի»։

Կիրո Մանոյանը վստահ է, որ Հայաստանի իշխանությունները պետք է փոխեն գործընթացը սառեցնելու կեցվածքը, քանի «որ չի կարող անսահման լինել մեր սպասումը»։ Ըստ նրա, Հայաստանը «պետք է վերջակետ դնի ու հետ վերցնի իր ստորագրությունը Արձանգրությունների տակից»՝ գործընթացը շարունակելով միայն այն ժամանակ, երբ Թուրքիայում կլինեն առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստ քաղաքական ուժեր։ Իսկ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, Կիրո Մանոյանի համոզմամբ, կարելի է փաստել նաև «մի էջանոց Արձանագրությունով»։



Պարզաբանելով, թե ինչ 80 տոկոսի մասին է խոսքը, որ ստացել է Թուրքիան, Կիրո Մանոյանը նշեց, որ նախ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ընդունելուց հրաժարվեցին ԱՄՆ–ն, Անգլիան, Շվեդիան՝ ասելով, թե կողմերը որոշել են խնդիրը քննարկել Արձանագրություններով նախատեսվող ենթահանձնաժողովում։ Բացի այդ, միջազգային հանրությունը սահմանների ճանաչման հարցը սկսեց մեկնաբանել այնպես, թե Հայաստանը Թուրքիայից չունի պահանջներ։ Եվ երրորդ, ըստ Մանոյանի, Թուրքիան հնարավորություն ստացավ ԼՂ խնդրում իր կարծիքը հայտնելու միջազգային հանրության առջև։



Tert.am