Պատրաստվում են ուրանի հետախուզողներին հանել մարզից

Պատրաստվում են ուրանի հետախուզողներին հանել մարզից
Կապանի ավագանու անդամ, ուրանի հանքերի դեմ առաջինը պայքար սկսած "Ազատամարտ" կոմիտեի անդամ Խորեն Հարությունյանի խոսքով, արդեն 10 օրից ավելի է, ինչ համայնքի ավագանու ուղերձը պաշտոնապես ուղարկված է կառավարություն, բայց պատասխան չկա: Հիշեցնենք, որ  ավագանին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից խնդրել էր չեղյալ հայտարարել ՀՀ կառավարության 2008թ. մարտի 6-ի թիվ 234-Ն որոշումը, որով  նախատեսվում են ուրանի հանքավայրի որոնողական-հետախուզական աշխատանքներ իրականացնել Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում:



Ավագանու անդամը չի կարող ասել՝ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքո՞վ են շարժվում իշխանավորները, որ չեն պատասխանել ուղերձին, սակայն ինքն անձամբ երեկ եղել է Լեռնաձոր, Փիրմազա, Փուխրուտ գյուղերում, ու պարզվել է` որոնողական աշխատանքները վաղուց են սկսել: "Ճիշտ է, մեխանիզմներ դեռ չեն աշխատում, բայց փնտրում են եւ ոսկի, եւ պղինձ, եւ ուրան: Չնայած գյուղացիների պատմելով մեկ ամիս առաջ տրակտորներ էին աշխատում",-ասում է Խ. Հարությունյանը: Նրա հավաստմամբ՝ աշխատանքների մեծ մասը` 80 տոկոսը, արդեն ավարտվել է:



Հետաքրքիր է, որ անցած ամիս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գրիգորյանն ասել էր, որ Լեռնաձորում թերեւս ուրանի պաշարները քիչ են: Եթե հիմա պարզվի, որ այլ մետաղներն են շատ, ապա "Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն" ՓԲԸ-ն այդ պատրվակի տակ կսկսի ուրանի երկրաբանահետախուզական լայնածավալ աշխատանքներ: "Այդ դեպքում այլ ելք չկա, քան հավաքվել ու հետախուզողներին հանել տարածքից: Չպետք է թույլ տանք, որ մեզ աստիճանաբար դեպի մահ տանեն",-ասում է Խ. Հարությունյանը:



Սակայն հայ-ադրբեջանական հակամարտությամբ անցած ազատամարտիկը հավատում է  դեռ, որ իշխանությունները չեղյալ կանեն նախկինում ընդունված որոշումը ու հարկադրված չեն լինի հեռացնել հետախուզողներին Սյունիքից: Տարածքում աշխատող երկրաբանները պատմել են, որ եթե հաստատվի ուրանի պաշարների գոյությունը, ապա հորատանցքեր են փորվելու մինչեւ 50մ խորությամբ:  Ամեն դեպքում, շարունակվում է նաեւ ստորագրահավաքը ուրանի հանքերի դեմ, ու արդեն 11 հազարից ավելի ստորագրություն է հավաքվել: "Ցանկացողները շատ են, հնարավորությունները՝ քիչ, կամավորների միջոցներով ենք իրականացնում, ֆինանսական միջոցները սուղ են, հազիվ ենք հասցնում ծերը ծերին",-ասաց Խ. Հարությունյանը: