Պետությունը երիտասարդի համար խթան չի ստեղծում

Պետությունը երիտասարդի համար խթան չի ստեղծում
"Օրը ոչ մի կերպ չի նշվում, դրա համար նորմալ է, որ չգիտենք",-ասում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողուհի 21-ամյա Աելիտան՝ խոսելով Երիտասարդության միջազգային օրվա մասին: Երեկ՝ օգոստոսի 12-ին, Երիտասարդության միջազգային օրն էր:  Հայկական Ֆլեշմոբ դիվիզիան եւ Երիտասարդ առաջնորդների դպրոցը օրը հիշատակում էին սոցիալական ցանցերում, մասնավորապես Facebook-ում, միաժամանակ օնլայն ֆլեշմոբ անցկացնելով: Նրանք առաջարկում էին բոլորին որպես "ստատուս" գրել իրենց անունը եւ  "ես երջանիկ եմ, որ ես երիտասարդ եմ" արտահայտությունը: Նրանք էական չեն համարում, թե մարդն ինչ տարիքի է, կարեւորը, որ բոլորը երիտասարդ լինեն հոգով: Երիտասարդության միջազգային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1999թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ:



Իսկ որոշումն ընդունվել է 1998թ. օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով Նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել երիտասարդության իրազեկությունը երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի վերաբերյալ։ Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին։ Այս տարի "Երկխոսություն եւ փոխըմբռնում" կարգախոսով մեկնարկում է նաեւ Երիտասարդության միջազգային տարին: Ամբողջ աշխարհում երիտասարդների խնդիրները գտնվում են պետությունների ու կառավարությունների ուշադրության կենտրոնում:



Մենք էլ ունենք սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, որն ինչ-որ ծրագրեր է իրականացնում, ունենք կուսակցությունների երիտթեւեր ու երիտասարդության խնդիրների լուծման նպատակով ստեղծված կազմակերպություններ, որոնք սեմինարներ են կազմակերպում Ծաղկաձորում կամ մեկ այլ տեղ, մի լավ հանգստանում ու վերջ, իսկ լավագույն դեպքում մի քանի շնորհալի երիտասարդների կրթաթոշակ  են նշանակում: Թե ինչ արդյունավետությամբ են նրանք կարողանում լուծել երիտասարդության խնդիրները, այլ հարց է, բայց որ դրանք բազմաթիվ են, անկասկած է՝ սկսած աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն ստանալուց ու աշխատանքով ապահովվելուց, մինչեւ բնակարանային խնդիրներ: Իրենք՝ երիտասարդներն այսօր ո՞րն են համարում երիտասարդների զարգացման համար առաջնահերթ խնդիր եւ ինչպիսի՞ ապագա են տեսնում իրենց համար Հայաստանում:



Զրուցակիցս՝ Աելիտան, կարծում է, որ "տաշած քարը գետնին չի մնում" ժողովրդական արտահայտությունն այնուամենայնիվ իրեն չի սպառել, ու որքան էլ դժվարություններ լինեն, ուշիմ երիտասարդները դրանք կարող են հաղթահարել: "Ես կարծում եմ, որ ապագա ունեն այն երիտասարդները, որոնք ունեն ձգտում, այսինքն, եթե դու նպատակասլաց մարդ ես եւ ճիշտ նպատակ ունես դրված քո առջեւ, պետք է իմանաս, թե որտեղից է հարկավոր սկսել: Չեմ ասի, որ շատ-շատ լավ պայմաններ կան երիտասարդների համար, բայց երկիրը թողնելով ու գնալով չէ: Դրսում էլ բոլորը մեզ գրկաբաց չեն սպասում, եւ ամեն տեղ էլ պետք է դժվարությունների միջով անցնել: Ավելի լավ է մեր երկրում հաղթահարենք այդ դժվարությունները",-ասում է նա:



Զրուցակիցներիցս մյուսը՝ "Գլաձոր" համալսարանի ուսանողուհի 20-ամյա Մարիամը, նույնպես չի ընդունում, երբ երիտասարդությունը փորձում է իր ապագան դրսում կառուցել: "Լավ էրեխեքը թողնում-գնում են, դրա համար էլ երկիրը լավ վիճակում չի գտնվում",-ասում է նա ու հավելում, որ իր կարծիքով երիտասարդությանը խոչընդոտող խնդիրներից են ուսում ստանալու հարցում անհավասար պայմանները, այն առումով, որ ոչ բոլոր երիտասարդներն են ի վիճակի սովորել վճարովի համակարգում: Նաեւ կարեւորում է կրթության որակի խնդիրը: "Պետությունը բոլոր անհրաժեշտ քայլերը չի անում երիտասարդության զարգացման համար, գործազրկության թիվը երիտասարդների շրջանում շատ մեծ է: Սա լուրջ խնդիր է, որին կարծես այնքան էլ ուշադրություն չեն դարձնում",-երիտասարդության ամենամեծ խնդիրն է ներկայացնում 19-ամյա Արամը: "Ստացիոնար բաժնում սովորող ուսանողը, եթե նույնիսկ ինչ-որ աշխատանք էլ գտնի, չի կարող աշխատել, որովհետեւ ժամերը հարմար չեն լինում: Պետությունը պետք է այս ուղղությամբ էլ մտածի, ուսանողների համար ոչ ամբողջ աշխատանքային օրով աշխատատեղեր ստեղծվեն",-առաջարկում է նա:



"Մեր երկրում երիտասարդների կայացման համար ոչ լիարժեք պայմաններ են, բայց հուսով եմ, որ այդ ամենը կլինի, Հայաստանը դեռ նոր-նոր է զարգանում", -լավատեսական հույսեր ունի հաջորդ զրուցակիցս: Նախորդների նման նա էլ երիտասարդության թիվ 1 խնդիրը համարում է աշխատանք չլինելը. բացակայությունը. "Ամեն տեղ պահանջում են աշխատանքային փորձ, իսկ եթե դու նոր ես ավարտել, ի՞նչ անես: Չնայած նրան, որ լավ գիտելիքներ ունես, չես կարող աշխատանքի ընդունվել": "Այսօրվա երիտասարդն այս երկրում ունի այն նույն պրոբլեմները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիները: Այդ նույն կոռուպցիան, կաշառակերությունը բուհերում ծաղկում են",-ասում 24-ամյա Հրանտը՝ հավելելով, որ բոլոր խնդիրները, այդ թվում երիտասարդների, լուծելու համար համակարգային մոտեցում է անհրաժեշտ, ինչն այսօր բացակայում է:



"Հայաստանի երիտասարդությունը փոխվելու ստիմուլ չունի, նրանց դուր է գալիս իրենց վիճակը: Միջին վիճակագրական հայ տղան տապչկեքը հագնում, հելնում է դուրսը կանգնում, ու էդպես օրն անցնում է, ու ինքը համարում է, որ իր օրը շատ լավ անցավ: Պետությունը պայմաններ չի ստեղծում, որ երիտասարդը հասկանա, որ իր կյանքը կարող է ավելի լավը լինել, իսկ Ռուսաստանում մի քիչ ուրիշ է: Ռուսաստանի կապը Եվրոպայի հետ ավելի սերտ է, Եվրոպա տեսած մարդիկ ավելի շատ են, ու ամեն մեկն իր հետ մի բան է բերում",-Ռուսաստանի եւ Հայաստանի երիտասարդության միջեւ զուգահեռներ է անցկացնում մոսկվայաբնակ  հայ` 19-ամյա ուսանող Ցոլակը: "Հայաստանում շաբլոնով են ապրում, մի նպատակ ունեն՝ ամեն մեկն ուզում է կողքինից վատը չլինի, դրա համար էլ ոչ մի բան չի փոխվում",-շարունակում է նա: Ցոլակի կարծիքով՝ պետությունը պետք է իր քաղաքականությամբ երիտասարդությանը մղի ինքնադրսեւորվելու:



Հարցիս, թե Ռուսաստանում կրթություն ստանալուց հետո արդյոք իր ապագան հայրենիքում տեսնո՞ւմ է, Ցոլակը պատասխանեց. "Ես հաճույքով կգամ Հայաստան, եթե Հայաստանը գոնե դառնա Ռուսաստանից ոչ վատ, բայց այս պայմաններում՝ չէ:  Ես այստեղ ունեմ հարազատներ, ընկերներ, բայց մեկ-երկու ամիս մնում եմ այստեղ, կարոտս առնում եմ, էլ չեմ ուզում մնամ: Ինձ համար էստեղ անելու բան չկա, հեռանկար չեմ տեսնում... Ի՞նչ անեմ, առավոտից մինչեւ իրիկուն նստեմ տունը, սպասեմ մինչեւ շոգերը անցնեն, հետո հելնեմ՝ Կասկադում մի ծայրից մյուսը էթամ, գնամ տո՞ւն: Բոլորն էդպես են անում, դրա համար բան չի փոխվում":