Պատերազմ ոչ պետական բուհերին

Պատերազմ ոչ պետական բուհերին
Երեկ ՀՀ ԿԳ նախարարության լիցենզավորման հանձնաժողովը քննարկել է մասնավոր բուհերում կատարված ուսումնասիրությունների արդյունքները եւ 7 բուհերի վերաբերյալ լիցենզիայի կասեցման որոշում  ընդունել: Դրանք են՝ Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտը, "Մյուդ" իրավաբանական ինստիտուտը, Արմավիրի "Արարատ" համալսարանը, "Էյ Այ Յու" Արիա միջազգային համալսարանը,  "Վանեվան" ինստիտուտը, "Քավենդիշ" համալսարանը, Արտաշատի "Արտաշատ" համալսարանը: Եվս վեց բուհերի լիցենզիաները կասեցվել են մասնակիորեն: Երեւանի մենեջմենթի համալսարանի "Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում", "Լրագրություն", "Իրավագիտություն", "Թարգմանչական գործ" մասնագիտությունների գծով:



"Գալիք" համալսարանի "Իրավագիտություն", "Կառավարում", "Օտար լեզու եւ գրականություն" մասնագիտությունների գծով: Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանի "Իրավագիտություն", "Օտար լեզու եւ գրականություն", "Մանկավարժություն եւ հոգեբանություն", "Ինֆորմատիկա եւ հաշվողական տեխնիկա", "Գեղանկարչություն" մասնագիտությունների գծով: Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի "Ֆիզկուլտուրա եւ սպորտ", "Մանկավարժություն եւ մեթոդիկա", "Ֆինանսներ", "Իրավագիտություն" մասնագիտություններով: Երեւանի էկոլոգիայի, տնտեսագիտության եւ իրավունքի հայկական ինստիտուտի "Ֆինանսներ", "Իրավագիտություն", "Օտար լեզու եւ գրականություն" մասնագիտություններով եւ Երեւանի մշակույթի համալսարանի "Լրագրություն" մասնագիտության գծով:



Հանձնաժողովը նաեւ նախազգուշացրել է Երեւանի կառավարման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանին, Երեւանի հումանիտար ինստիտուտին եւ "Կովկասի ինստիտուտ" հիմնադրամին` վերացնել բացահայտված թերացումները:



Դեռեւս գարնանը ամբողջությամբ կասեցվել էր նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանի լիզենզիայի գործունեությունը: Եվս 13 բուհ լիցենզիայից զրկվել էին անցյալ տարի: Կարելի է ենթադրել, որ շուտով լիցենզիայից զրկված բուհերը կսկսեն դատական կարգով վիճարկել այս որոշումը: Անցյալում նման դատական հայցեր շատ են եղել: Եվ եթե դատարանն անաչառ լինի, ապա դժվար է ասել, թե ում օգտին կլուծվեն այդ հայցերը՝ կկարողանա՞ արդյոք ԿԳՆ-ն հիմնավորել իր որոշումները: