Վարչապետի գլուխն էին կորցրել

Վարչապետի գլուխն էին կորցրել
Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երեկ բազմել էր Տիգրան  Սարգսյանի գահին: Նա մի քանի օրով վարչապետի տեղն է զբաղեցնելու, մինչ Տիգրան Սարգսյանը կվերադառնա արձակուրդից: Թեեւ վարչապետի աթոռը թափուր չէր մնացել, սակայն կառավարության նիստի կարգապահությունը հիմնովին խաթարվել էր:  Նախարարներն իրենց պահում էին անկարգ աշակերտների նման: Այնպես, ինչպես պահում են վերջիններս, երբ դասղեկին այլ ուսուցիչ է փոխարինում, եւ նրանք, առիթից օգտվելով, փախչում են, ազատ ելումուտ անում կամ դասի կեսից հեռանում: Նախարարներն էլ օրակարգի իրենց "փայը" զեկուցելուց հետո հեռանում էին՝ Արմեն Գեւորգյանին թողնելով դատարկ աթոռների հետ: Նիստի վերջում մնացել էին մի քանի պարտաճանաչներ: Իսկ դասը ամենից շուտ լքել էր Սեյրան Օհանյանը: Առանցքային դեմքերն էլ ափալ-թափալ ետեւի դռնով հեռանում էին, երեկ նույնիսկ Հրանուշ Հակոբյանը  բարերարների ճեմուղի ստեղծելու նախագծի մասին զեկուցելուց հետո հեռացավ կառավարության ետնամուտքից: Իրենցից տարիքով շատ երիտասարդ փոխվարչապետին ենթարկվելը, հավանաբար, նրանց ինքնասիրությանը կպչում էր:



ՉԱՐԵՆՑԱՎԱՆՑԻՆԵՐԻՆ ԱՀԱԲԵԿԵԼ ԷԻՆ ՀԱՐԿԱՀԱՎԱՔՆԵՐԸ



Տիգրան Սարգսյանի բացակայությունը ոչ մի կերպ չէր ազդել հասարակական բողոքի ալիքի վրա: Հակառակը՝ կառավարության առջեւ երեկ ավելի բազմամարդ էր. կառավարության որոշումների դեմ բողոքելու էին եկել Չարենցավանից ու Գյումրիից: Թեեւ նույնիսկ բողոքավոր հասարակությանը քաջ հայտնի կառավարության աշխատակից  Ալեքսանդր Ղազարյանն էր արձակուրդում, ու եթե նախկինում Ղազարյանի միջամտությամբ մի նամակ գոնե կարողանում էին գցել փոստարկղ, ապա այս անգամ այդ էլ չէր ստացվում: Մի խոսքով, երկար կանգնելուց հետո վերջապես "ներսից" մեկը եկավ ու մարդկանց ուղեկցեց անցագրային բյուրո՝ նամակը հանձնելու: Չարենցավանից եկել էին պտուղ-բանջարեղեն վաճառող անհատները: Իրենց մոտ լեզու չէին գտել հարկայինի հետ ու հասել էին Երեւան: Իրենցից պահանջում են, որ ՀԴՄ-ով աշխատեն, իսկ դա իրենց ձեռք չի տալիս, քանի որ "հոտած պամիդոր ու բիբար են ծախում" ու եթե ՀԴՄ խփեն, իրենց ոչ մի կոպեկ օգուտ չի մնա: "Մենք Չարենցավանի կուլտուրական բոմժերն ենք, ուղղակի լվացված ենք, թե չէ մյուս բոմժերից ոչնչով չենք տարբերվում: Դաշտից մի երկու յաշիկ պամիդոր եմ առնում, տանում-ծախում, որ մի երկու կիլո մնա՝ իմ երեխեն ուտի, իմ երեխի կերածից հարկ են ուզում, ասում են՝ եկեք ՀԴՄ կտրոն տվեք",-վրդովված, իրար հերթ չտալով՝ ասում էին վաճառականները:



Նրանք պնդում էին, որ արդեն տարածքի վարձ են տալիս "քաղսովետի ֆիքսած" գնով՝ մոտ 3 հազար դրամ: "Մերը հաց չի, որ չծախենք՝  վազվրատ անենք, մերը փչացող ապրանք ա, ծախում ենք, փողը տալիս ենք գյուղացուն, կարող ա փչանում ա՝ հիսուն դրամով ենք ծախում, մի հատ էլ ՀԴՄ խփե՞մ": Առեւտրականներին Երեւան էին հասցրել Չարենցավանի հարկայինի պետ Հակոբ Հակոբյանի սիստեմատիկ ճնշումները: Վերջինս արդեն հասցրել է մի քանի անգամ ակտ գրել՝ մոտ 300 հազար դրամի չափով, ինչն էլ "հազիվ փակել են",  իսկ ՀԴՄ-ով աշխատել ուղղակի ի վիճակի չեն: "Կոպիտ ձեւով, չորով ասում են՝ մտեք հարկային դաշտ ու ՀԴՄ տվեք",-բորբոքված ասում էին չարենցավանցիները:



ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ԴԱՐԴԻՆ ԷԼ ԴԱՐՄԱՆ ՉԱՐԵՑԻՆ



Գյումրիի արհեստագործական ուսումնարանի  աշխատակազմին գործազրկություն է սպառնում, ավելի ճիշտ՝ սեպտեմբերից այլեւս չեն աշխատելու, քանի որ  կառավարության որոշմամբ ուսումնարանը վերամիավորվել է  Գյումրիի երկաթգծի տեխնիկական քոլեջին: Ուսումնարանի տնօրենը տեղյակ չէ աշխատակիցների երեւանյան բունտից, իսկ վերջիններս իրենց գլխին կախված վտանգի մասին տեղեկացել են կայքերից, իրենք արձակուրդում են, եւ ոչ ոք չի զգուշացրել, որ սեպտեմբերից այլեւս ուսումնարան չեն մտնելու: "50 հոգանոց կոլեկտիվը գործազուրկ է մնալու, որովհետեւ ընդունելություն թույլ չեն տվել: Մեր հարյուրամյա ուսումնարանը փլուզեցին՝ կառուցելով նորը",-ասում էր  ուսումնարանի խոհարար-վարպետ Անահիտ Ադամյանը:



Գյումրիի քաղաքապետարանից ու մարզպետարանից խոստացել են խնդրի մասին բարձրաձայնել վերադասին, սակայն ուշացնում են, "ուսումնական պրոցեսին էլ բան չի մնացել": "Խնդրում ենք կառավարությանը որոշումը վերանայել, այս տարի 110 շրջանավարտ ունենք, իսկ հիմա՝ 154 անվճար սովորողներ, որոնք շարունակելու են արդեն վճարովի: Մեր դիմորդները վճարունակ չեն, 9-ամյա կրթությամբ երեխաներ են, որոնք մեր ուսումնարանում անվճար էին սովորում, իսկ քոլեջում 65-70 հազար դրամ է",-զայրացած պատմում էր ուսուցիչներից մեկը: Նրանք մեզ ասացին նաեւ, որ Աշոտյանի մոտ էլ են եղել, որը ոչնչով չի օգնել, նույնիսկ այս վերամիավորված քոլեջում անվճար տեղեր չի խոստացել, ստացվում է՝ ուսումնարանի անվճար սովորող ուսանողները կրթությունը շարունակելու են 70 հազար դրամ վճարով: