Ում էին խանգարում
Երեկ կրթության եւ գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովը գրեթե հեղափոխական որոշում է կայացրել՝ դադարեցնելով յոթ ոչ պետական բուհերի լիցենզիաներն ամբողջովին եւ վեցի լիցենզիաները՝ մասնակիորեն: Մի կողմից, թվում է, բարձրագույն կրթության որակի նկատմամբ պետական հսկողություն է իրականացվում, եւ հանձնաժողովն անորակ կրթությունն է արմատախիլ անում: Սակայն ինչո՞ւ այսպես անսպասելի հենց այն ժամանակ, երբ պետական բուհերում թափուր տեղերը մեծ թիվ են կազմում, եւ հաջորդ տարի դպրոցները շրջանավարտներ չեն տալու: Միթե այդ թերությունները, որ հայտնաբերվել են, նոր են, եւ դրանց մասին կրթության նախարարությունն իմացավ հենց այսօր: Վերջապես, ե՞րբ են սկսելու հսկել նաեւ պետական բուհերին՝ չէ որ բարձրագույն կրթության պետպատվերը հենց պետական բուհերն են իրականացնում: Իսկ մասնավոր բուհերն ընդամենը հասարակության որոշակի խավին կրթական ծառայություններ են մատուցում՝ նրանց գրպանին ու պահանջներին համապատասխան: Այսպես ասած՝ պահանջարկ-առաջարկ սկզբունքով: Նման քայլն իրականում շատ նման է մրցակցությունը նվազեցնելու, բարձրագույն կրթության դաշտում մենաշնորհներ կամ արտոնություններ սահմանելու մտադրության: Հակառակ դեպքում այն, որ տարիներ շարունակ գործած բուհը լիցենզավորման պահանջներին համապատասխանող տարածք չունի, ինչո՞ւ է այսօր հայտնի դառնում: Ի դեպ, մասնակիորեն լիցենզիայից զրկված բուհերի կասեցված մասնագիտությունների ցանկը շատ խոսուն է. հիմնականում իրավագիտություն, օտար լեզուներ, լրագրություն: Այսինքն՝ ամենամեծ պահանջարկ ունեցողները: Ակնհայտ է, որ որոշ բուհեր ու պաշտոնյաներ ջանք չեն խնայել մրցակիցներին դաշտից հեռացնելու համար:
Կարծիքներ