"Հրապարակի" նոր կայքի մասին

"Հրապարակի" նոր կայքի մասին
"Հրապարակ" օրաթերթի կայքի` hraparak.am-ի արտաքին ու բովանդակային փոփոխությունն ամենեւին էլ աննկատ չանցավ, ինչը փաստում է առնվազն երկու հանգամանք: Նախ` այդ փոփոխությունն անմիջապես անդրադարձավ կայքի հաճախելիության թվի վրա` առաջին իսկ ամսվա ընթացքում այն մեծացնելով ավելի քան 50 տոկոսով (այս թիվը, ինչպես ցույց են տալիս մեր ուսումնասիրությունները, շատ արագ աճելու միտում ունի): Կայքի փոփոխությանն անմիջապես արձագանքեցին նաեւ ընթերցողները` նամակներով, զանգերով: Հարցերը, առաջարկություններն ու կարծիքները բավական առատ էին, սակայն միեւնույն ժամանակ հիմնականում նույնաբովանդակ, եւ հենց այդ էր պատճառը, որ որոշեցինք անդրադառնալ կայքի հետ կապված մի քանի կարեւոր հանգամանքների, որոնք որոշակի թյուրիմացության պատճառ են հանդիսացել:





Թյուրիմացություն 1. Հիմա կայքն ավելի շուտ է թարմացվում, քան առաջ




Այս կապակցությամբ ուզում ենք տեղեկացնել, որ կայքը ոչ թե թարմացվում, այլ սկսում է գործել ավելի վաղ, քան առաջ: Այս երկու երեւույթների տարբերությունը հետեւյալն է: Մեր ընթերցողները կայքի թարմացում ասելով հիմնականում նկատի ունեն "Հրապարակ" օրաթեթի թվային տարբերակի հայտնվելն ինտերնետում:



Անշուշտ, նույն օրվա համարում տպագրված որոշ նյութեր կարելի է գտնել կայքում արդեն առավոտ վաղ, սակայն ցավով նշում ենք, որ դա ամենեւին չի նշանակում, որ այդ ժամին համացանցում արդեն կարելի է կարդալ ամբողջ թերթի տարբերակը: Հիմնականում ընթերցողներին թյուրիմացության մեջ էր գցել օրաթերթի առաջին էջի մեծ նկարի եւ խմբագրականի առկայությունը կայքում, ինչից ոմանք ենթադրել էին, որ` ահա, ամբողջ թերթն արդեն ներկայացված է թվային տարբերակով: Իրականում թերթի ամբողջական տարբերակին հնարավոր կլինի ծանոթանալ միայն երեկոյան դեմ` օրվա ընթացքում աստիճանաբար ընթերցելով որոշակի հաճախականությամբ ավելացվող նյութերը: Սակայն նույնիսկ այս պարագայում մենք չենք կարող խոստանալ, որ այն ամենը, ինչ կկարողանայիք կարդալ տպագիր "Հրապարակում", դուք կգտնեք hraparak.am կայքում: Բայց սա արդեն հաջորդիվ խոսելիք թեմա է:



Թյուրիմացություն 2. Hraparak. am կայքը "Հրապարակ" օրաթերթի հայելային արտացոլանքն է ինտերնետում



Այս ձեւակերպումը նույնպես չի համապատասխանում իրականությանը: Hraparak.am-ը "Հրապարակ" օրաթերթին զուգահեռ գործող լրատվական նախագիծ է, որն աշխատում է օրաթերթի տեխնիկական, ինֆորմացիոն եւ մարդկային ռեսուրսների օժանդակությամբ: Որն է այս երկու համակարգերի տարբերությունը: Նախկինում նույն անվանումով կայքում երեկոյան որոշակի ժամի տեղադրվում էին այդ օրվա թերթում տպագրված նյութերը, եւ այն մարդիկ, ովքեր թերթը գնած չէին լինում, հնարավորություն էին ստանում այն ընթերցել ինտերնետում: Դա տեխնիկապես հնարավոր է նաեւ հիմա, սակայն այլեւս գոյություն չունի որոշակի ժամ, երբ ընթերցողը կարող է այն ամբողջությամբ տեսնել ինտերնետում, ինչպես նաեւ չկա պարտավորություն այս կայք-նախագծի ղեկավարի կողմից` տեղադրել նյութերն այն հերթականությամբ կամ մեկնաբանությամբ, ինչպես նրանք տեղ են գտել տպագիր տարբերակում: Ասել կուզի` հնարավոր է, որ նյութերը տեղադրվեն որոշակի կրճատումներով, հնարավոր է որոշներն ընդհանրապես չտեղադրվեն, հնարավոր է նաեւ, որ այս կամ այն նյութը կայքում հայտնվի մասնատված` առանձին լուրերի տեսքով: Ամեն դեպքում` "Հրապարակ" օրաթերթի մշտական ընթերցողները միշտ էլ կարող են իրենց սիրելի թերթը գտնել կրպակներում կամ բաժանորդագրվել:



Բայց այս ամենին զուգահեռ էլ կայքն ունի իր անվիճելի առավելությունները: Դրանցից առաջինը նոր, օպերատիվ, հետաքրքիր, ասում են նաեւ` ակնահաճո օնլայն թերթի առկայությունն է ձեր առօրյայում, որտեղ մենք, հետաքրքիր վերլուծություններին, լրագրողական սենսացիոն հետաքննություններին, զավեշտալի հարցազրույցներին եւ հայտնի ու պատկառելի մարդկանց հրապարակախոսություններին զուգահեռ, կներկայացնենք նաեւ օրվա լրահոսի հատընտիրը` մաղելով անպիտան լուրերն ու տեղ տալով իրապես հետաքրքիր եւ զրույցին կամ մտածելուն սնունդ տվող լրատվությանը: Բացի այդ, դուք այստեղ կկարողանաք լսել աուդիոնյութեր, թերթել ֆոտոռեպորտաժներ եւ ֆոտոպատմություններ, վայելել աշխարհում ամենաշատ շրջանառվող տեսանյութերը, մի խոսքով` լինել տեղեկատվության կենտրոնում: Մենք ժամանակի ընթացքում ամեն ինչ կանենք, որպեսզի մեր կողմից ձեզ տրամադրվող ցանկացած տեղեկություն կամ էմոցիա որոշակի դրական հետք թողնի ձեր առօրյայում եւ պիտանի լինի ձեզ: Ամեն ինչ կանենք նաեւ, որպեսզի լրատվամիջոցի եւ ընթերցողների կապը դառնա առավելագույնս ինտերակտիվ:



Կայքում հնարավոր կլինի նյութերը դասակարգել ըստ նախասիրությունների` ըստ խորագրերի, ըստ հեղինակների, ըստ թեմաների եւ այլն: Լիարժեք կգործի նաեւ փնտրման համակարգը` հնարավորություն տալով շատ արագ գտնել պահանջվող թեման կամ նյութը: Շուտով կգործարկենք նաեւ մեկնաբանությունների համակարգը, եւ դուք կկարողանաք ձեր կարծիքները թողնել ցանկացած նյութի տակ այն ընթերցելուց հետո: Մնացած ամեն ինչին կարող եք ծանոթանալ ինքներդ` պարզապես այցելելով hraparak.am կայք:



"Հրապարակ" թերթն ու hraparak.am-ը լավ գործընկերներ են եւ աշխատում են մեկը մյուսի համար, մեկը մյուսին աջակցելով, բայց դրանք նույնը չեն, նույնական չեն:



Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ

Hraparak.am նախագծի պատասխանատու