Հասան Ռուսիո խնդիրներին

Հասան Ռուսիո խնդիրներին
Տարերային աղետների պատճառով ծանր վիճակում հայտնված  Ռուսաստանի փրկությունը մոտ է: Տեւական ժամանակ մոլեգնող հրդեհներից տուժած բնակչության վիճակը մի  քանի օրից կթեթեւանա, քանի որ Սերժ Սարգսյանի հովանավորյալ "Միասին" շարժումը պատրաստվում է Ռուսաստան ուղարկել լուրջ օգնություն, որը հավաքվել է երեք օրվա ընթացքում: Նրանք վերջին երեք օրը Ազատության հրապարակում,  որտեղ խստիվ արգելվում է այլախոհ երիտասարդության մուտքը, հանգանակություն էին անում՝ ՌԴ տուժած բակչությանն օգնելու նպատակով: Սրտացավ քաղաքացիները "միասինների" վրանի մոտ հավաքել էին բազմաթիվ տոպրակներով հնոտիներ, հագուստ, շուշեղեն, գրենական պիտույքներ, ինչպես նաեւ գումար, որը թեեւ դեռ չեն հաշվել, սակայն վստահեցնում են, որ շատ չէ:



Իսկ հնոտիների մասով  հաջողվել է  հսկայական քանակություն ապահովել: Օրինակ, եթե Ռուսաստանը դրանից հրաժարվեր, հայկական լեռնաշխարհի բոլոր չքավորներին կբավարարեր: Սակայն մերոնք հուսահատված աղբամաններն են քրքրում եւ "Միասինի" օգնությանը չեն կարող հավակնել, որովհետեւ նրանց ուղղված հանգանակությունը բուն նպատակը չի արդարացնում, այսինքն տվյալ կազմակերպությունների լայնամասշտաբ PR չի ապահովում:



Հայաստանյան չքավորների, անօթեւան ու սոված մանուկների մասին հիշում են միայն "ճ" կլասի հասարակական կառույցները, որոնց` հանրային դեմք դառնալու համար լոկալ PR-ը բավարար է: Իհարկե, աղետի ենթարկված Ռուսաստանին աջակցելու "Միասինի" մարդասիրական ակցիան կարելի էր խրախուսել, եթե այն հանրային ուշադրությունն իր վրա բեւեռելու միտում չունենար: Իսկ մայրաքաղաքի կենտրոնում ցուցադրաբար հանգանակություն կազմակերպելը ոչ այլ ինչ է, քան սեփական գովազդ: Եթե այդքան սրտացավ են ու իսկապես ցանկանում են դժվար վիճակում հայտնված մարդկանց օգնել, թող ջանքեր թափեն ու թարմ իդեաներով դրսեւորվեն:



Ասենք, իրենց հովանավորներին ու նրանց մերձավոր օլիգարխներին դիմեն ու մարդավարի օգնություն ցուցաբերեն Ռուսաստանին, իսկ տոպրակներով հավաքած լաթերն ու քրջերն ուղարկեն աֆրիկյան հեռավոր երկրներ,  որոնք նման հանգանակության կարիքն ունեն:  Համենայնդեպս,  եթե մայրաքաղաքի "ուբորկայի" ժամանակ "Միասինի" թիկունքին են կանգնում վարչապետն ու նախարարները, ապա կարծում ենք` սոցիալապես անապահով հայ զանգվածին աջակցելու գործին էլ կաջակցեն: Հիշեցնենք, որ հունիսի սկզբին մեկնարկած "Մաքուր հայրենիք" ծրագրին, որը "Միասինի" գաղափարն էր, անձամբ աջակցեցին ու Հրազդանի կիրճը իրենց նուրբ ձեռքերով մաքրեցին Տիգրան Սարգսյանն ու իր մերձավոր շրջապատը:



ՀԳ - Հատուկ "Միասինի" համար նշենք, որ մենք բնավ  նպատակ չունեինք քննադատել կամ ծաղրել իրենց մարդասիրական ծրագիրը, պարզապես ցավալի է, որ երկրիս "միասինները" ինքնադրսեւորվելու ու կայանալու համար  շահարկում են այլ երկրներում ծագած լոկալ խնդիրները, իսկ իրենց երկրում ծագած խնդիրները չեն էլ նկատում: