Սոցիալիստական ոգով

Սոցիալիստական ոգով
Երեկ ՀԺԿ գրասենյակում Սոցիալիստական կոնֆերանսի անդամները կրկին հավաքվել էին կլոր սեղանի: Այս անգամ սոցիալիստները մտահոգ էին երկրի սոցիալական խնդիրներով ու հատկապես վերջին 10 օրերի թանկացումներով: Սոցիալիստական կոնֆերանսի նախաձեռնող խմբի անդամները հանդիպել են Արարատի եւ Արագածոտնի մարզերի մի քանի գյուղերի բնակիչների հետ եւ տխուր պատկերի ականատես եղել: "Սոցիալական վիճակը ծանրացել է, գնաճն արդեն սահմաններ չունի, վտանգվել է ժողովրդի պարենային անվտանգությունը...",- ասաց կոնֆերանսի համակարգող խորհրդի անդամ Արամ Մարտիրոսյանը:



Նիկիտա Զարուբյանի (ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարուբյանի որդին) համոզմամբ, թվում է, թե մեր ներքին խնդիրները, ասենք` քաղաքական կոռուպցիան կամ կոռուպցիան իրավական համակարգում, չեն կարող ազդել գների վրա, բայց իրականում ազդում են, որովհետեւ պետական ինստիտուտները լավ չեն աշխատում: "Օրինակ, բոլորս գիտենք, որ Սահմանադրությունը պատգամավորին թույլ չի տալիս զբաղվել, բայց զբաղվում են",-ասում է նա: "Սա համակարգված կատաստրոֆիկ դեգրադացում է բոլոր ոլորտներում: Եթե մենք պատասխանատվություն ենք վերցնում, պետք է կազմակերպենք դիմադրություն՝ քաղաքացիական անհնազանդությունից սկսած մինչեւ հեղափոխական շարժում, որպեսզի աշխատավոր ժողովուրդը հասկանա, թե ինչ պետք է անենք",-ասաց Տիգրան Խզմալյանը:



Իսկ թե ինչու են ձախ կողմնորոշում ունեցող կուսակցությունները լռում, Խզմալյանի խոսքով` բոլորը գիտեն:  Նրանք պարզապես "կերակրատաշտակի մոտ տեղ են փնտրում եւ կաշառքի են սպասում կամ արդեն ստանում են կամ ներսի ուժերից, կամ ավելի հաճախ արտաքին գործակալություններից":



Համոզված լինելով, որ ընտրություններն այնուամենայնիվ կեղծվելու են, Խզմալյանն առաջարկում է ժողովրդի դիմադրություն կազմակերպել մինչու ընտրությունները՝ բոյկոտելով. "Եթե մենք դա չանենք, մեզ աղբի պես կնետեն  աղբաման այնպես, ինչպես բազմաթիվ կուսակցությունների ու շարժումների, եւ մենք իրավունք չենք ունենա համարել, որ 2012-ին Հայաստանում կար որեւէ սոցիալիստական կազմակերպություն": Սոցիալիստական կոնֆերանսի համակարգող խորհրդի անդամը վերջում ներկայացրեց այն առաջարկները, որոնք արվել են նմանատիպ քննարկումների արդյունքում՝ համակարգային փոփոխություններ, ազգայնացման մասին օրենքի ընդունում, ժողովրդավարության հաստատում՝ որպես դրա երաշխիք քաղաքացիների ժողովների մշտական անցկացում եւ այլն:



ՀԳ - Ի դեպ, Սոցիալիստական կոնֆերանսի սոցիալական քննարկումն սկսեց մոտ 15 րոպե ուշացումով: Քննարկման մասնակիցներն էլ հազիվ 10-13 հոգի էին՝ ներառյալ հյուրեը: Դժվար է ասել, թե  այսպիսի քննարկումներն ու դեկլարատիվ բնույթի առաջարկություններն ինչով կօգնեն քաղաքական ու սոցիալական խնդիրների բեռի տակ հազիվհազ գոյություն քարշ տվող Հայաստանին, եթե հայտնի իրողությունները հրապարակավ եւս մեկ անգամ բարձրաձայնելուց այն կողմ ոչինչ չի արվում: