Մեր լեզուն թողել ենք 20-րդ դարում

Մեր լեզուն թողել ենք 20-րդ դարում
Վերնագիրը, որ բացում է սույն հոդվածը, որեւէ հեգնանք չի պարունակում իր մեջ:  Իրականում այն հրավեր է՝ մտորելու մեր օրերում բավականին բազմաշերտ մի խնդրի` այն լեզվի մասին, որ մենք կրում ենք, ավելի ճիշտ` տարբեր ոլորտներում նրա կիրառելիության մասին, եւ խնդրի բազմաշերտությունը կապված է հենց դրա հետ: Սկզբից եւեթ ցանկանում եմ ընթերցողին խնայել այսօրվա եթերից հնչող գռեհիկ հայերենի մասին չարչրկված դատողություններից, այդ մասին առանց ինձ էլ շատ խոսողներ կան, թեեւ բոլորս ենք ականատես, որ սայլը համառորեն տեղից չի շարժվում: Ավելին` արդյո՞ք խնդիրը չունի ավելի խոր պատճառներ, որոնց մասին նույնիսկ չենք էլ մտածել: Այն դիտարկումները, որ անելու եմ ստորեւ, հուսով եմ գոնե մասամբ լույս կսփռեն այդ պատճառների վրա:



Դեռ վաղ մանկությունից մեր գիտակցությանը մեր լեզուն մատուցվում է որպես հազարագանձ, հինավուրց, մեսրոպատառ, ոսկեղենիկ եւ այլ գեղեցիկ ու պոետիկ մակդիրներով: Որեւէ կերպով այս մակդիրները վիճարկելու մտադրություն չունեմ: Սակայն ասելով, որ մենք ոսկեղենիկ լեզվի կրող ենք, ամենեւին չենք հեշտացնում մեր առօրյա հաղորդակցությունը: Որեւէ մեկի հետ խոսելուց առաջ մենք, բնականաբար, նրան չենք ասում. "Իսկ հիմա ուշադիր` ես խոսելու եմ հազարագանձ լեզվով": Մենք միանգամից ասում ենք այն, ինչ ցանկանում ենք ասել, իսկ թե որքանով է դա մեզ հաջողվում՝ արդեն առանձին խնդիր է:



Որքանո՞վ է այսօր հայերենն արտացոլում այն իրողությունները, որոնք ի հայտ են գալիս մարդկային գործունեության ամենաարդիական ոլորտներում, որքանո՞վ է նրա բառապաշարը հարմար այդ ոլորտները սպասարկելու համար: Այստեղ է, որ միանշանակ պատասխան տալը դժվար է: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ահռելի արագությամբ զարգացող աշխարհում, ներգրավվելով միջազգային հասարակական-քաղաքական եւ տնտեսական տարբեր գործընթացների մեջ, մենք ստիպված փոխառում ենք օտար բառեր՝ այդ գործընթացներում առկա երեւույթները բնութագրելու կամ պարզապես անվանելու համար: Ստիպված՝ որովհետեւ այլ տարբերակ կարծեք թե չունենք: Հատկապես երիտասարդ սերունդը հաճախ է մեղադրվում օտարահունչ բառեր օգտագործելու մեջ. նրանց խոսքը հեղեղված է թրեյնինգներով, բեք օֆիսներով, մոնիթորինգներով, բրաուզերներով, դեսքթոփներով ու ֆլեշկաներով:  Իհարկե, միջին տարիքից բարձր շարքային հայաստանցու համար այս ամենը, եւ շատ ուրիշ բառեր, ոչ այլ ինչ է, եթե ոչ խոսքային թափոն (ցավոք, աղտոտումը միայն բնապահպանական խնդիր չէ): Եվ, բնականաբար, այդպիսի բառերով խոսողները պետք է մեղադրվեն սնոբիզմի` որոշակի արտոնյալ խավին իրենց պատկանելությունը վերագրելու եւ ցուցամոլության մեջ: Բայց ասացեք խնդրեմ, այդ ո՞վ մի պահ մտահոգվեց այդ մարդկանց օգնելու, հայերեն համարժեքներ առաջարկելու հարցով: Մեր գիտնական-ակադեմիկոսները օբյեկտիվ, հիմնականում տարիքային պատճառներով կտրված են այդ իրողություններից:



Այսօր չի կարելի պնդել, թե հայերենի բառապաշարը միատարր է եւ ճկուն: Այսինքն` մի կողմից ունենք գրական-բանաստեղծական բավականին տարողունակ բառապաշար եւ հասարակական-քաղաքական կյանքին վերաբերող նորացված բառապաշար, ինչպես` հեղափոխություն, նախագահ, վարչապետ, տնտեսություն` առաջվա ռեւոլյուցիայի, պրեզիդենտի, մինիստրի եւ էկոնոմիկայի փոխարեն, կամ հին բառամթերքի նորացված կիրառություն, օրինակ` նախարար, մարզպետ եւ այլն, մյուս կողմից` հիմնականում հասարակական կյանքին եւ նորագույն տեխնոլոգիաներին վերաբերող օտարաբանություններ, որոնք հայերենում համարժեքներ չունեն կամ ունեն չհաջողված համարժեքներ, ինչպես վերոնշյալ թրեյնինգը, բեք օֆիսը, բրաուզերը եւ այլն: Ունենք նաեւ այնպիսի հաջողված նորաբանություններ, որոնք կարծեք թե ավելի ու ավելի լայն կիրառություն են ստանում, ինչպես` կարծրատիպ, համացանց, կայք, ներբեռնել, ձեւաչափ, շնորհանդես, առաջվա ստերեոտիպի, ինտերնետի, սայթի, դաունլոդի, ֆորմատի եւ պրեզենտացիայի փոխարեն: Եվ իհարկե պետք չէ մոռանալ առօրյա խոսակցական ռեգիստրին պատկանող հիմնականում ռուսերեն բառամթերքի աղավաղմամբ ստացված բառերը:



Այսքանից հետո ինչպե՞ս հասնենք փոխըմբռնման, եւ այս պատճառով չէ՞ արդյոք, որ զանազան "հումորային" հաղորդումները եւ հեռուստասերիալները, որոնք աչքի են ընկնում հայերենի հաճախ շինծու եւ անհավանական թվացող աղավաղումներով, այդուհանդերձ ավելի մատչելի են շարքային հեռուստադիտողին եւ հատկապես այդ խեղաթյուրված լեզուն  արագորեն յուրացնող երեխաներին, որն էլ պայմանավորում է այդ հաղորդումների հաջողությունը: Ակնհայտ է, որ ունենք մեր լեզվի բառապաշարը հավասարակշռելու անհրաժեշտություն: Եթե ոչ, ապա այս վիճակը կնպաստի, եթե իհարկե արդեն չի նպաստել, հասարակության բեւեռացվածությանը`անշուշտ ամենեւին չլինելով դրա միակ պատճառը:



Եթե հիշենք բաբելոնյան աշտարակաշինության շատ պատկերավոր պատմությունը, ապա կարձանագրենք, որ Աստված բազմալեզվությունն ուղարկեց չարացած մարդկությանը՝ որպես պատիժ, այսինքն, որպեսզի մարդիկ դժվարանան միմյանց հասկանալ: Ստացվում է, որ այսօր մենք ինքներս մեզ կամավոր դատապարտում ենք միմյանց չհասկանալուն:  Արդյո՞ք բեւեռացման բավարար պատճառ չէ: Մասնատումը, ինչպես նաեւ միաբանությունն սկսվում է լեզվից` որպես մտածողության առարկայական դրսեւորում:



Բնականաբար լեզուն չի կարող զերծ մնալ օտարաբանությունների ներթափանցումից, եւ որոշ դեպքերում զավեշտալի կլիներ այն "բտել" արհեստածին նորաբանություններով: Կան իրողություններ, որոնք որեւէ  կոնկրետ երկրի ծնունդ են եւ, բնականաբար, կրում են այդ երկրի ժողովրդի կողմից տրված անվանումը, ինչպես օրինակ` մարզաձեւերի, երաժշտական ոճերի անվանումները կամ, օրինակ, մեր դուդուկը, որ ամենուր դուդուկ է կոչվում:  Լեզուն նաեւ պետք է ունենա տարբեր հասարակական շերտեր, սակայն այսօր ժամանակակից հայերենը մի տեսակ տարերային եւ չկառավարվող զարգացումների զոհ է: Ունենալով բառակազմական հրաշալի հնարավորություններ` մասնագիտական տարբեր ոլորտներում մեր լեզուն ավելի  ու ավելի հաճախ չի բավարարում լիարժեք հաղորդակցության պահանջները: Տպավորություն է ստեղծվում, թե մենք մեր լեզուն թողել ենք 20-րդ դարում: Ինչու՞ այն դեպքում, երբ դա հնարավոր է, օտար բառերը չփոխարինել հայերենի ներքին միջոցներով կազմված բառերով, ինչու՞ թրեյնինգին չասել, օրինակ, աշխատավարժանք, սիվին (CV) չփոխարինել սեղմակենսագրությամբ (նկատի ունենալով, որ ինքնակենսագրությունը խորհրդային իրողություն է, մանրամասն եւ անպայման ձեռագրով շարադրված փաստաթուղթ), ինչու՞ մոնիթորինգին  չասել ստուգադիտում եւ չունենալ դրանից ածանցյալ ստուգադիտել (մոնիթորինգ իրականացնել) եւ ստուգադիտորդ (մոնիթորինգ իրականացնող) հարմար եւ գեղեցիկ համարժեքները:  Օրինակները կարելի է շարունակել:



Եվ որպես վերջաբան: Այսօր այնպես է ստացվել, որ հասարակական ցանցերն  ու բլոգներն այն եզակի վայրերից են, որտեղ դեռ կարելի է խնդիրներ լուծել բաց քննարկումների միջոցով, որոնց մեծամասամբ մասնակցում են կիրթ եւ մեր խնդիրների հանդեպ սրտացավ անձինք: Ուստի աններելի կլիներ այդ հնարավորությունը չօգտագործել՝ հայերենի շուրջ քննարկումներ կազմակերպելու եւ հանրային կարծիքին ու գործածությանը նոր բառեր առաջարկելու համար: Այդ պատճառով էլ  Facebook հասարակական ցանցում նախաձեռնվել է "Նոր հայերեն բառեր" խմբի ստեղծումը:



Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ