Քանի դեռ կա մի ընթերցող, գրականությունը չի մեռնի

Քանի դեռ կա մի ընթերցող, գրականությունը չի մեռնի
Տարիներ առաջ մի երիտասարդ գրող աղջիկ վրդովված ասաց. "Ես ինչո՞ւ պիտի զբաղվեմ ժուռնալիստիկայով ու գրիչս փչացնեմ"։ Այդ մտածողությունը տարածված է գրողական միջավայրում, ու թեպետ լրագրողներն ու գրողները նույն համքարության մարդիկ են, նրանց մեջ համերաշխություն չկա. գրողները միշտ մի տեսակ վերեւից են նայում լրագրողներին՝ որպես մարդկանց, որ Աստծո տված շնորհքն օգտագործում են նվազ վեհ նպատակներով, լրագրողներն էլ առիթը բաց չեն թողնում գրողներին ծաղրելու։ Քանի որ Մեսրոպ Հարությունյանը համ գրող է, համ լրագրող, որոշեցի նրա հետ խոսել լրագրության ու գրականության հարաբերություններից։ Մենք նաեւ պայմանավորվեցինք չխոսել քաղաքականությունից։



- Քսաներորդ դարի լավագույն գրողները սկսել են լրագրությամբ եւ լրագրող են եղել ամբողջ կյանքում։ Հեմինգուեյը ռազմական ռեպորտյոր է եղել, Մարկեսն աշխատել է լրագրող եւ գրել մի փայլուն էսսե՝ "Աշխարհի ամենալավ մասնագիտությունը" վերնագրով։ Հայաստանում էլ կան շատ գրողներ, որ աշխատել են ժուռնալիստիկայում, հետո  դարձել են գրող։ Հակառակն էլ կա։ Նույնիսկ բանաստեղծներն աշխատել են լրագրության ոլորտում։ Ինչ վերաբերում է տարբերությանը՝ լրագրողի հետազոտության առարկան փաստն է՝ ամեն դեպքում։ Լրագրողը պարտավոր է փաստերը ճիշտ ներկայացնել, գրողը նույն փաստի շուրջ կարող է ստեղծել գրական երկ։ Ի դեպ, լրագրության մեջ կա մի ժանր, որ համարում են գրական ժանր՝ ակնարկը։ Էսօր շատ գրողների պատմվածքները քիչ են տարբերվում ակնարկից։ Որովհետեւ նշում են կոնկրետ իրադարձությունը, կոնկրետ փաստը, կոնկրետ մարդկանց, նույնիսկ առանց անունները փոխելու։ Երեւի թե էդ սահմանն այնտեղ է, որտեղ գեղարվեստը գերակշռում է փաստերի պարզ շարադրանքին։



- Իսկ միգուցե մնայունությո՞ւնն է լրագրության եւ գրականության տարբերությունը։ Չէ որ լրագրային հոդվածն ավելի կարճ է ապրում, քան գրական երկը։ Բայց կա, չէ՞, նաեւ մնայուն լրագրություն։ Կարո՞ղ է համարվել դա գրականություն։



- Կա կարծիք, թե լրագրային հոդվածը մի օր է ապրում, այսինքն մնայուն չի։ Իրականում այդպես չի՝ հետազոտողների, պատմությամբ զբաղվողների համար հարյուր տարի հետո էդ թերթը պետք է գալու։ Չնայած էսօրվա թերթերը կարդալով, ոչ մի բան չեն հասկանալու էսօրվա մասին կամ էլ առնվազն հինգ թերթ պետք ա կարդան, որ հասկանան ի վերջո ինչ ա կատարվել։



- Խոսքս այն լրագրության մասին չէ, որ պետք է հետաքրքրի հետազոտողներին, այլ նրա, որ տարիներ անց ունակ է մեզ ուղղորդումներ տալու։



- Դրանք ավելի շատ հրապարակախոսական ժանրի հոդվածներն են։ Ինֆորմացիոն բնույթի հոդվածները հետագայում տպագրելը ոչ մի իմաստ չունի, որովհետեւ ինֆորմացիան իսկապես մի օր է ապրում։



- Կա կարծիք, որ լրագրողի մասնագիտությունը մահացող մասնագիտություն է, որովհետեւ ցանկացած գրագետ մարդ ի վիճակի է ինֆորմացիա գտնել, հարցազրույց անել եւ այլն։



- Տեխնիկական հնարավորություններն իրոք բերել են նրան, որ ամեն մարդ կարողանում է ինֆորմացիա փոխանցել։ Բլոգերային շարժումը, որ ընդամենը մի քանի տարվա պատմություն ունի, յուրաքանչյուր անհատի դարձրել է կարծես թե ժուռնալիստ։ Էդ մարդիկ ինչ-որ բաներ են գրում, դրա շուրջ քննարկումներ են լինում, կան բլոգներ, որ ավելի շատ այցելուներ են ունենում, քան շատ թերթեր։ Բայց ժուռնալիստիկան իբրեւ մասնագիտություն դեռեւս չի կարող մեռնել, որովհետեւ ամեն դեպքում այդ բլոգերները կամ այդ ինտերակտիվ շփումը դեռ չի տալիս ճշգրիտ, իրական ինֆորմացիա ստանալու հնարավորություն։ Բլոգներն ավելի շատ գաղափարներ, կարծիքներ, տեսակետներ տարածելու միջոց են, քան փաստեր։ Իհարկե, տեսակետ տարածելը նույնպես մամուլի խնդիր է, բայց ժուռնալիստիկայում այդ ամենը հենված է լինում կոնկրետ փաստի վրա։ Ժուռնալիստիկան առանց փաստի դառնում է փիլիսոփայական տրակտատ, հրապարակախոսություն եւ այլն։ Ժուռնալիստիկան չի կարող մեռնել, որովհետեւ չի մեռնում ինֆորմացիան։ Ժուռնալիստիկան հնարավորություն է տալիս ինֆորմացիա փոխանցել աշխարհով մեկ։ Իսկ այդ ինֆորմացիան, մանավանդ էսօր, ոչ միայն գործարար աշխարհին, ոչ միայն ղեկավար մարդկանց, այլեւ շատ շատերին որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս։ Եթե ինֆորմացիա չունեցար, կյանքում ամենահասարակ որոշումները չես կարող իրականացնել։ Առավոտյան տնից դուրս գալիս դու նայում ես՝ արդյո՞ք անձրեւ է գալու, թե՞ ոչ, եւ ըստ այդմ որոշում ես՝ անձրեւանոց վերցնե՞լ, թե՞ չէ։ Դու որոշում ես կայացնում։ Գրականություն կարդալով՝ մարդիկ որոշումներ չեն կայացնում իրենց առօրյան փոխելու համար։



- Եթե գրականությունը մարդուն առօրյա կյանքում որեւէ ուղղորդում չի տալիս, իսկ մարդիկ մեծ մասամբ զբաղված են  առօրյա խնդիրները լուծելով, դա չի՞ նշանակում, որ գրականության դերն է կասկածելի դառնում։ Միգուցե գրականությո՞ւնն է մեռնողը։



- Գրականությունն ազդում է մարդու կյանքի ընթացքի, մարդկանց հետ հարաբերությունների կառուցման վրա։ Գրականությունն ազդում է հոգու վրա։ Եվ քանի դեռ կա մի ընթերցող, գրականությունը մեռնել չի կարող։ Իսկ ես էլ, դու էլ գիտենք, որ աշխարհում մի ընթերցող չի, որ կա։



- Բայց այսօր լրագրային հոդվածն ավելի շատ շանս ունի ընթերցված լինելու, քան նույն գրողի պատմվածքը կամ բանաստեղծությունը նույն թերթում։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ լրագրությունը գրականությունից ավելի շահեկան վիճակում է։



- Չէ, չի նշանակում։ Պարզապես թերթի ընթերցողը հենց էն ընթերցողն է, որն ուզում է ընթերցել հոդված։ Եթե մենք ունենայինք նորմալ գրական մամուլ, էդ պատմվածքը կկարդար նույնքան մարդ, որքան էդ հոդվածը՝ թերթում։ Հասարակական- քաղաքական մամուլում գրական գործեր տպագրելը նույնն է, ինչ սերիալի ցուցադրության ժամանակ գիրք գովազդես:



- Բայց ինքդ քո "Հետհեղափոխությունն իր եզրերով" վիպակը տպագրեցիր օրաթերթում։ Ա՞յն պատճառով, որ օրաթերթն ավելի շատ ընթերցող ունի, թե՞ նաեւ հաշվի էիր առել, որ թերթի ընթերցողը տարբերվում է գրական մամուլի ընթերցողից։



- Երեւի երկուսն էլ։ Բայց եթե Հայաստանում նորմալ գրական մամուլ լիներ, որ ընթերցող ունենար, այնտեղ կտպագրեի։



- Երբ այդքան կարեւորում ես լրագրության տեղեկատվական նշանակությունը՝ զրկելով լրագրողին մեկնաբանության իրավունքից, արդյո՞ք չես նեղացնում լրագրության տիրույթը։ Ի վերջո, ինֆորմացիա ստանալու համար պետք չի թերթ կարդալ, բավական է թերթել լրատվական գործակալությունների կայքերը, որտեղ էդ ինֆորմացիան շատ ավելի հակիրճ է։ Այսինքն թերթ կարդացողն ուզում է կարդալ ոչ թե պարզ ինֆորմացիա, այլ նաեւ մեկնաբանությունը։



- Դասական, ընդունված ժուռնալիստիկայում ժուռնալիստն իր տեսակետը չի ներկայացնում։ Պետք է ընթերցողին հնարավորություն տալ, որ ինքը պատկերացում կազմի։ Վերաբերմունքը որոշակի սուբյեկտիվիզմ է մտցնում։ Ես իմ ուսանողներին ասում եմ՝ դուք կարող եք ձեր կարծիքն արտահայտել, բայց հիշեք, որ ընթերցողին ձեր կարծիքը վերջին հերթին է հետաքրքրում։ Արժեքավոր կարող է լինել միայն կոմպետենտ մարդկանց կարծիքը, որոնք խորությամբ տիրապետում են խնդրին։



- Միգուցե մենք առհասարակ չշոշափեի՞նք այս թեման, եթե մեր լրագրության մեջ արժեւորեին մասնագիտացումը։



- Հա, իհարկե։ Գիտե՞ս էն անեկդոտը, որ ասում ա. "Լավ ա կարդացել էի թատերախոսությունը, թե չէ ներկայացումն ինձ դուր կգար"։



- Դու աշխատում ես մի կազմակերպությունում, որը կոչվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե եւ զբաղվում է լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությամբ։ Կուզեի խոսենք խոսքի ազատությունից եւ դրա դրսեւորումներից ոչ միայն լրագրության մեջ, այլեւ գրականության։



- Էսօրվա գրականության մեջ որոշ մարդիկ ազատությունը հասկանում են ամենապարզունակ ձեւով։ Ես ազատ եմ, բայց դա չի նշանակում, չէ՞, որ կարող եմ կանգնել այս մայթին ու միզել։  Կան, չէ՞, բարոյական սահմաններ, որ չի կարելի անցնել։



- Բայց գրականությունը չպիտի՞ ջարդի տաբուները, ընդարձակի մեր ազատության սահմանը։



- Դա ես համարեմ ազատությո՞ւն։ Ո՞րն է դա կյանքում ու գրականության մեջ անելու տարբերությունը՝ որ բառեր ես ասում ու չե՞ս անում։



- Չկա՞ տարբերություն։ Միգուցե գրականությունն այն է, ինչը մեզ հնարավորություն է տալիս գրով անել այն, ինչ որ կյանքում չէինք անի։



- Թող տպավորություն չստեղծվի, թե ես այն մարդկանցից եմ, որ ասում են՝ գռեհկացել է գրականությունը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե դու ինչ ես ուզում ասել։ Բայց այդ մարդիկ հիմնականում այդպես գրում են, որպեսզի ասեն՝ մենք ազատ ենք։ Ինչ վերաբերում է ժուռնալիստիկային, այդտեղ խոսքի ազատությունից այնքան եմ խոսել, որ այսօր արի չխոսենք։



- Այնուամենայնիվ խոսենք։ Այսօր թերթերը դառնում են որոշակի քաղաքական ուժերի ու շահերի պաշտպանը։ Եվ դա գալիս է նրանից, որ թերթը վաճառքով ինքնարժեքը չի հանում։ Որքա՞ն ազատ կարող է լինել խոսքն այդ դեպքում, եւ հնարավո՞ր է այսօր Հայաստանում ունենալ անկախ մամուլ։



- Հնարավոր է լինել անկախ  որոշակի տոկոսով։ Ո՞րն է տպագիր լրատվամիջոցի անկախությունը՝ երբ որ նա ֆինանսապես կախված է միայն ընթերցողից։ Դա չի նշանակում, որ թերթը էդ հարյուր դրամով փակում է տպագրության ծախսը։ Պարզապես ինչքան շատ մարդ է պատրաստ տալ այդ հարյուր դրամը, այնքան մեծանում է գովազդը։ Եթե դու աշխատում ես հասարակության համար, հասարակությունն արձագանքում է քեզ նույն կերպ, դու դառնում ես անկախ։ Հասարակության համար աշխատել, այսինքն բովանդակային իմաստով անկախ լինել՝ նշանակում է տալ օպերատիվ ու անկողմնակալ տեղեկատվություն, հասարակական խնդիրների վերաբերյալ հասարակության մեջ եղած բոլոր հիմնական տեսակետները  եւ վերջապես տալ թերթի տեսակետը խմբագրական հրապարակումների միջոցով։ Միայն այս դեպքում դու դառնում ես իրոք հանրային թերթ։ Հասարակությունն այդ դեպքում կարիք չի ունենում գնել չորս թերթ չորս տարբեր տեսակետներ իմանալու համար, այլ գնում է միայն քո թերթը։



- Բայց Հայաստանում հակառակը չէ՞։  Լայն սպառում ունեն այն թերթերը, որ պաշտպանում են մի տեսակետ։ Դա չի՞ խոսում այն մասին, որ հասարակությունը բեւեռացված է։



- Ես չէի ասի բեւեռացում, կասեի՝ հասարակության մեկուսացում իշխանությունից։ Բեւեռացված կարող են լինել հավասար ուժերը, բայց մեզ մոտ դրանք հավասար ուժեր չեն։ Մի իշխանություն է, որ բացարձակ կապ չունի հասարակության հետ, որին հասարակությունը չի ընտրել, որը մեկուսացված է իր մերձավոր շրջապատով, իր օլիգարխներով ու օլիգարխիկներով... Վերջը էլի բերեցիր քաղաքականության։