Մայրամուտից մինչեւ արեւածագ կամ նախարարի գիշերային կյանքը

Մայրամուտից մինչեւ արեւածագ կամ նախարարի գիշերային կյանքը
Բանակաշինության գործին զուգահեռ, տարածաշրջանի ամենամարտունակ բանակի ղեկավարները շինում են նաեւ Երեւանը, կառուցապատում են, շատ դեպքերում՝ ապօրինի: Ընդ որում, մաուզերիզմից մինչեւ քաղաքաշինություն ընկած նրանց գծային էվոլյուցիան զարմանալի երկերեսանիություն ունի: Մի դեպքում՝ դիսցիպլինար խստության պատրանք է, մյուս դեպքում՝ շվայտության, պոռնկության, խաղամոլության ու մարդկային բոլոր արատների գիշերային արտահայտություն: Ցերեկային լույսի տակ քաղաքային լանդշաֆտի սովորական օբյեկտ երեւացող նրանց անշարժ գույքը լուսնի լույսի ներքո փոխակերպվում է մարդկային բնազդների ստորին դրսեւորումներից սնվող մոնստրի, որն ապահովում է գեներալիտետի  անհոգ ու հարուստ կյանքը:



Մենք արդեն անդրադարձել ենք ԶՈւ գլխավոր շտաբի պետ Խաչատուրովի բիլիարդի ակումբին, որ գիշերները պետական շատ պաշտոնյաների համար ծառայում է որպես թղթախաղի որջ: Եթե "մարտունակ" բանակում տեղի չունենային վերջին զանգվածային սպանությունները, միգուցե ոչ Խաչատուրովի, ոչ էլ ՊՆ նախկին ու ներկա ղեկավարների կասկածելի ծագմամբ ունեցվածքի մասին մարդիկ մեզ չպատմեին իրենց ունեցած տեղեկությունները: Երեւանի Օղակաձեւ այգում երկնաքարի պես հայտնված "Հին Հռոմը", օրինակ, պատկանում է ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի որդիներից մեկին, թեպետ խոսում են նաեւ այն մասին, որ նախարարի որդին արդեն վաճառել է "մշակութային նշանակության" այդ պատկառելի  շինությունը: Իսկ ահա միջնադարի հայ մտածողներից մեկի անունը կրող Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում՝ Սայաթ-Նովայի վրա գտնվող "Պիրամիդա" օբյեկտը, ինչպես բնակիչներն են պնդում, պաշտպանության ներկա նախարար Սեյրան Օհանյանի ապրուստի միջոցներից մեկն է:



Ի դեպ, այն կցակառույց է, որը սարքելու համար անհրաժեշտ է եղել բնակելի շենքի բնակիչների թույլտվությունը: Բայց քանի որ շոշափվել է Սեյրան Օհանյանի անունը, ոչ ոք չի համարձակվել ծպտուն հանել: Միայն շենքի բնակիչներից մեկն է  դժգոհել, ու նրա ձայնն էլ կտրել են "մարդասիրական" ժեստով՝ ամբողջությամբ վերանորոգել են բնակարանն ու տեղադրել ձայնամեկուսիչ պատուհաններ, երեւի օբյեկտից հնչող ոռնոցը խլացնելու ու դժգոհի գիշերային հանգիստն ապահովելու նպատակով: Եվ ահա Սայաթ-Նովա փողոցի վրա կառուցված "Պիրամիդան" մայրաքաղաքի հյուրերին ու քաղքենիներին ցերեկները ծառայում է որպես սովորական սրճարան, իսկ գիշերը վերածվում է չժանգոտվող ձողերի շուրջ գալարվող երկարաոտ ուկրաինուհիների ու ռուս աղջիկների թամաշատեղիի: Բայց պաշտպանության նախարարի օբյեկտը ազգաբնակչության մտավոր զարգացմանն էլ է ծառայում: "Պիրամիդայի" մի հատվածն օգտագործվում է որպես խանութ: Այնտեղ վաճառում են համակարգիչներ: