Ահարոն Ադիբեկյանը ոչ միայն ռեյտինգ է բարձրացնում, այլեւ…

Ահարոն Ադիբեկյանը ոչ միայն ռեյտինգ է բարձրացնում, այլեւ…
Հայաստանը միշտ առանձնացել է ինքնասպանների ցածր թվով: Էստոնիայում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Լիտվայում 100 հազար բնակիչներից կյանքին վերջ է տալիս տարեկան 25-42 մարդ: Մեզանում 100 հազարից ընդամենը 2 մարդ է որոշում դիմել ծայրահեղ քայլի: Սոցիալական եւ առողջապահական ոլորտների պատասխանատուների համար սա ինքնահանգստացնող փաստարկ է: Եթե Ռուսաստանում եւ եվրոպական երկրներում ինքնասպանության փորձ անողների համար հատուկ կլինիկաներ եւ մասնագիտացված հոգեբանական կենտրոններ են գործում, հետսուիցիդալ թերապիան պարտադիր է այս քայլին դիմողների համար, ապա մեզանում չկա ոչ մի ծանրակշիռ հետազոտություն, իսկ բուժումը սովետական ժամանակներից էլ վատն է:



Այն ժամանակ նման մարդկանց գոնե հոգեբուժարաններ էին տանում: Այժմ դա էլ չկա, եւ հոգեբուժարաններն ու բերդերը հսկողություն են սահմանում միայն ինքնասպանության փորձ կատարած իրենց հիվանդների նկատմամբ: Ճիշտ է, կան նաեւ վստահության հեռախոսներ, որոնց բացվելն ու փակվելը մեկ է լինում Հայաստանում տիրող տոտալ անվստահության պայմաններում: "Սոցիոմետր" սոցիոլոգիական կենտրոնը վերջերս սկսել է դասընթացներ անցկացնել հոգեթերապեւտների համար, աշխատել վարքային պրոբլեմներ ունեցող մարդկանց հետ, ինչպես ընդունված է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:  Կենտրոնի ղեկավարի՝ Ահարոն Ադիբեկյանի հետ զրուցեցինք ինքնասպանության պատճառների մասին: Բայց շուտով սահուն անցանք  միասեռականության եւ տղամարդկային իմպոտենցիայի թեմային:



- Ձեր կարծիքով, ինչո՞ւ են Հայաստանում շատացել ինքնասպանները:



- Ամենաշատ ինքնասպանություն կատարում են էստոնացիք եւ հունգարացիք: Հետո գալիս են բողոքական երկրները, կաթոլիկ, եւ շատ քիչ են ինքնասպանները իսլամական աշխարհում: Ճապոնիայում սուիցիդը ընդունելի ակտ է եւ չի դատապարտվում: Մենք մեր ստանդարտներով մոտ ենք իսլամական աշխարհին, որտեղ քիչ է ինքնասպանությունը: Հիմա եթե 25 տոկոս ավելացում կա, նշանակում է, որ մենք արդեն ինտեգրվում ենք միջազգային շուկա եւ սկսում ենք շուկայական վարքագծով առաջնորդվել: Տեսեք, ճգնաժամի հետեւանքով աշխարհում մի քանի տասնյակ միլիոնատեր ինքնասպան եղան, հարյուրավոր մարդիկ: Բայց էլի եմ ասում` շուկայական երկրների համեմատ մեզ մոտ մոտավորապես 10 անգամ նվազ է ինքնասպանությունների քանակը:



- Մեզ մոտ շարժն է բարձր: Իսկ իրենց մոտ հաստատուն թվեր են:



- Դա պահպանելու համար մենք ունենք ավանդույթ, բայց հայը պատրաստ չի դիմել մասնագետի: Ծնողը մեկ էլ իմանում է, որ իր երեխան հոմոսեկ է: Ի՞նչ պիտի անի էդ ծնողը: Ո՞ւմ դիմի: Իսկ հոմոսեկների թիվն աճում է, որովհետեւ մեր դաստիարակությունը կորցրել է ազգային նկարագիրը: Ծնողն էլ ծնող չի, գործազուրկ է, որ երեխան ուզի նրա պես դառնա: Ամեն ինչ մեզանում խառնվել է:



- Դուք վստահության հեռախոս եք բացում, բայց մեզ մոտ չեն վստահում այդ ծառայությանը, ինչո՞ւ եք բացում:



- Արտասահմանի փորձն է ցույց տալիս, որ 100-ից մոտ 30 դեպքերում այդ ծառայությունների օգնությամբ դիմողը հետ  է կանգնում իր գաղափարից: Մեզ մոտ այս մշակույթը դեռ չկա: Մարդը, լինելով անելանելի վիճակում, դիմում է տատիկին կամ պապիկին, կամ ընկերուհուն, կամ հարեւանին, բայց ոչ մասնագետի: Դրա համար էլ էդ հեռախոսները չեն աշխատում, մասնագետներն էլ նստած են տանը:



- Մեր ազգը խոսող եւ պատմող է: Առաջ հեռախոսով էր շատ խոսում, իսկ հիմա հեռախոսավճարը բարձր է, եւ մարդկանց սթրեսները մնում են ներսում: Դա դեր խաղո՞ւմ է:



- Հազար դրամի էլ թող հեռախոսով խոսեն: Հոգեբանները ամենանվազագույն գներով են փորձում օգնություն ցուցաբերել, բայց էլի դանակը հասնում է ոսկորին, նոր գալիս, ասում են՝ մի բան արեք:



- Ձեզ մոտ գալի՞ս են հոգեբանական օգնություն ստանալու:



- Շատ քիչ: Այս տարի` մի երկու տասնյակ: Գալիս են, երբ որ արդեն օգնելու բան չկա: Մարդը արդեն ընտանիքից գնացել է, նոր կինը գալիս է: Ասում եմ՝ մարդուդ բեր, դու խի՞ ես եկել: Իրար հետ պետք է աշխատել:



- Ասում եք` մինիմալ գներով: Ինչքա՞ն են այդ մինիմալ գները:



- Սկսվում է ժամը 5 հազարից 10, 15 հազար: Նայած ինչ մասնագետ է: Երբ որ գալիս ես հոգեթերապեւտի մոտ, նա պետք է ասի, թե ինչ արդյունքի է հասնելու: Ասում է` ուզո՞ւմ ես այս արդյունքը: Ասում ես՝ այո: Ուրեմն պետք է 6 հատ սեանս անցկացնի: Ամեն մեկն արժե, ասենք, 100 դոլար: Երբ հասնում է արդյունքի, ասում է՝ ինձ էդքան էլ ավելացնում ես: Հոգեթերապեւտին, որն ասում է, թե ինչ արդյունքի պետք է հասնի, կարելի է վստահել:



- Իսկ եթե չի հասնո՞ւմ:



- Եթե չի հասնում, ասում է` կներես, ես քեզ չեմ կարող օգնել: Բայց իմ ծախսած ժամանակի համար պետք է վճարես: Նույնը, որ գնում ես բժշկի մոտ: Եթե դեղերը չեն օգնում, հո չե՞ս ասում բժշկին` դեղիս փողը հետ տուր:



- Հոգեթերապեւտի ծառայության համար հաճույքո՞վ են վճարում, թե՞ սա համարում են "ստից" բուժում:



- Օրինակ, մարդը վախ ունի, դրա համար էլ անդամը չի կանգնում: Կնիկը դժգոհում է, չի հասկանում ինչ է կատարվում: Մի տեղ ինտերնետում կարդում է, որ ինքը կարող է հոգեբանական պրոբլեմ ունենա: Գալիս է, երեք սեանսում վերականգնում ենք: Որ ասում ենք մուծվի, ասում ա. "Ախպեր, հետս երկու ժամ զրուցել ես, դրա համար 300 դոլար ե՞ս ուզում": Չի հասկանում, որ դա էլ է դեղի պես բան:



- Բայց 300 դոլարը թանկ չի՞:



- Է հա՜: Ի՞նչ ա եղել: Երկու ժամ հետդ զրույց են արել, անդամդ կանգնում է, երջանիկ մարդ ես դառել, կնիկդ բավարարված է, ընտանիքդ չի քայքայվում: Երեսուն հազարն էլ է քիչ տալը: