Երեւան ջան, փոշոտ փողոցներիդ մեռնեմ...

Երեւան ջան, փոշոտ փողոցներիդ մեռնեմ...
21-րդ դարի սկիզբը մեզ համար կրկնեց իր նախորդի` 20-րդի  նույն ժամանակահատվածի պատկերը, մի քիչ գույնը փոխված, գուցե ավելի քաղաքակիրթ երանգով: Թուրքից հոշոտված, խեղված, կոտորված ու կոտորակված մեկուկեսից երկու միլիոն սրբի պես անմեղ, ստեղծող ու շինարար ժողովուրդը անտարբեր աշխարհի աչքի առաջ թեթեւ ձեռքով մորթվեց,  տեղահանվեց, սփռվեց ու սփյուռքվեց: Թուրքական մորեխն անցավ այրելով ու  ամայացնելով մեր այգեստանները, անկուշտ ու արնախում երախով սրբապղծելով մեր հավատի ու սիրո տաճարները:



Ու հիմա էլ անամոթաբար մեծ լավություն անողի կերպարանք առած՝ խաչ է դնում Աղթամարի վանքի գագաթին ու աշխարհով մեկ աղաղակում ու հրավերքներ սարքում: Ու ցավն էն է, որ մենք ազգովի հալումաշ ենք լինում էդ մտքից: Էլ ոնց կլիներ: Հիմա էլ գնանք էդ մի մատ կղզու վրա ոտնատակ լինենք: 18 հազար տոմս են վաճառել անամոթաբար, այն դեպքում, երբ  Աղթամար կղզու վրա 500 մարդ արդեն տեղ չեն ունենա քայլելու ու շնչելու: Գիշատիչը նոր խնջույք է սարքել ու պիտի հրճվի իր արածից, եւ  հիացած ու հավատացող հայ մարդը, ինչպես եւ հարյուր տարի առաջ, պիտի կրկին հավատա: 21-րդ դարը աչքերը փակ կրկնում է իր նախորդի գործը: Սփյուռքը հալվելու, պակասելու փոխարեն աճել ու բազմապատկվել է:



Կառուցող, արարող հայը դարձյալ բռնել է գաղթի ճանապարհը: Աշխարհը կարծես փոքրացել, մի բուռ է դարձել: Հայրենիքը դատարկվում է իր տերերից: Հեռանում են մեծ խմբերով, առանց երկար-բարակ մտածելու: Եթե անցած դարի վերջերին մի քանի գաղութներ ունեինք, հիմա աշխարհի շատ երկրներում բազմաթիվ ու բազմապիսի գաղութներ կան իրենց անտերուդուս գաղթականներով: Ու չեն էլ մտածում վերադառնալու մասին: Աստված իմ, Լոս Անջելեսի գավառում այսօր մեկ միլիոնից ավել հայեր են ապրում: Տարբեր ազգերի ու քաղաքակրթությունների այս ամեհի խառնարանում, ինչպես բանաստեղծը կասեր, "Ուր ամեն ինչ իմն է ու իմը չէ ոչինչ...": Ուր շունը տիրոջը չի ճանաչում, բայց դա կարեւոր չէ, որովհետեւ Տերը իր բոլոր "շներին" լավ էլ ճանաչում ու  տիրություն է անում:



Այստեղ քաոսը կանոնակարգված է սիրտ խառնելու չափ, ուր յուրաքանչյուր կենդանի շունչ կարեւորված  ու ապահովագրված է, ուր հայկական գաղութն այնքանով է տարբեր գետտոյից, որ ցանկության դեպքում կարող են մի հարվածով տեղափոխել ուրիշ նահանգ:  Ու գնա նորից սկսիր ամեն ինչ:



Եվ մենք դարձյալ հավատում ու ապավինում ենք օտարին, ծառայամտորեն հպարտանալով նրանց երկրի կարգուկանոնով, ապրելակերպով: Ինքս էլ 20 տարի առաջ մի ամբողջ կայացած ու անխտիր բարձրագույն կրթություն ստացած 32 հոգանոց մի չքնաղ գերդաստան տարա իմ ետեւից: Տարա խառնելու օտարի քարուփոշուն: Տարա, տեղավորեցի ու ինքս վերադարձա: Վերադարձա, որ ամեն Աստծո օր հեռախոսով լսեմ հեծեծանքներն ու սիրտ դաղող խոսքերը. "Մեզ տարար թողեցիր ու ինքդ վերադարձար...": Ու ականջիս մեջ միշտ հնչում է Լոս Անջելեսի փողոցում միայնակ քայլող, ինքն իրեն խոսող ծեր կնոջ մրմունջը. "Երեւան ջան, փոշոտ փողոցների՜դ մեռնեմ...":



Սամվել ՍԵՎԱԴԱ

գեղանկարիչ