Սպանությունները որպես սուիցիդ

Սպանությունները որպես սուիցիդ
Օրերս կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը հրապարակեց 2010 թվականի սուիցիդի վիճակագրությունը: Ըստ դրա, հունվարից հունիս ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի 317 դեպք է եղել, ինչը 25,8 տոկոսով (65 դեպքով) շատ է, քան անցյալ տարի: Առաջին հայացքից պատճառաբանված ավելացում է, եթե հիշենք, թե ինչ հուսալքություն, սոցիալական եւ տնտեսական ցնցումներ բերեցին մարտի մեկն ու ճգնաժամը: Սակայն տեղեկանքում արտացոլված որոշ թվեր ուղղակի անտրամաբանական են եւ հակասում են հոգեբանության օրինաչափություններին: Ստացվում է, որ 2010 թվականին 138 ինքնասպանության փորձ է եղել 2009-ի 105-ի դիմաց: Ավելացումը կազմում է 31,5 տոկոս:



Ինքնասպանությունների փորձերը եղել են համապատասխանաբար 179 եւ 147, եւ ավելացումը կազմել է ավելի քիչ՝ 21,7 տոկոս: Այլ կերպ ասած, սուիցիդի աճն ավելի մեծ է, քան դրա փորձերինը, ինչը հակասում է հոգեբանության օրինաչափություններին եւ հասարակ տրամաբանությանը: "Հնարավո՞ր է արդյոք, որ սա իրականություն լինի",- հարցրեցինք Նուբարաշենի հոգեբուժարանի ղեկավար, հոգեբույժ Արմեն Սողոյանին: Նա ծիծաղեց եւ ասաց. "Սրանք նկարած թվեր են: Սովորաբար սուիցիդի փորձերն ավելի շատ են լինում": Հակասությունը մի բան կարող է նշանակել. ոստիկանության տեղեկություններն ինքնասպանությունների մասին ուռճացված են: Մահացության այդ տողի տակ են մտել նաեւ սպանությունների այն բոլոր դեպքերը, որոնք ՀՀ իրավապահ մարմինների կողմից որակվել են որպես սպանություններ: Նորմալ երկրներում գուցեեւ այդպես է, բայց ոչ Հայաստանում, որտեղ իրավապահները սովորություն ունեն սպանության դեպքերը որպես ինքնասպանություն ներկայացնել: