Պատգամավորի կրակոցներից տուժածը կգնա մինչեւ վերջ

Պատգամավորի կրակոցներից տուժածը կգնա մինչեւ վերջ
"Իմ հետ կապված ոչ մի դատավարություն էլ չի գնում: Գործը կասեցվել է նախաքննության փուլում, դատաքննություն չկա",- երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց զինդատախազի նախկին օգնական, արտաշատցի ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո): Ի՞նչ հիմքով է քրգործը կասեցվել մեր հարցին պատգամավորը  չպատասխանեց. "Ես դատախազ չեմ: Դատախազ աշխատել եմ, բայց հիմա չեմ իմանում ինչ հիմքով ա կասեցվել": Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Երասխ-Երեւան ավտոճանապարհին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը երկաթյա ձողով (ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով) հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված "Բրաունինգ" տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ:



Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին: Այնուհետեւ նաեւ ծեծի էր ենթարկել նրան. Զադոյանը ոտքերի հարված էր ստացել գլխին, որը դարձել էր ուղեղի ցնցման պատճառ, վնասվել էին նաեւ նրա կողերը: Զադոյանը բարեբախտաբար ողջ էր մնացել, նա տեղափոխվել էր "Էրեբունի" բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին եւ 3 վիրահատության ենթարկվել: Նշեք, որ  Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել եւ ցանկացել հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով:



Պատգամավորի հետ կապված գործը բավական աղմուկ հանեց, սակայն առավել ուշագրավ է գործի քննությունը. Կարո Կարապետյանն այդպես էլ այս գործով ոչ մեղադրյալ, ոչ տուժող չճանաչվեց. ավելին՝ սկզբում երկուսն էլ սույն գործով անցնում էին որպես վկա, հետո Արթուր Զադոյանին, որը բարեբախտության շնորհիվ էր պատգամավորի կրակոցների արդյունքում ողջ մնացել, ներգրավեցին որպես մեղադրյալ: Իսկ ավելի ուշ կասեցրին գործի վարույթը:



Նախօրեին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց կրակոցների արդյունքում մի շարք  վիրահատություններ տարած Արթուր Զադոյանի բողոքը: Վերջինս պահանջում էր վերացնել հարուցված քրգործը կասեցնելու մասին դատախազության որոշումը եւ իրեն ճանաչել ոչ թե մեղադրյալ, այլ տուժող, կամ դատել երկուսին էլ: Գործում ասվում է, որ Կարո Կարապետյանը միջին ծանրության վնասվածք է ստացել:



"Պատգամավորի գլխին խփել եմ, միջին մարմնական վնասվա՞ծք եմ պատճառել, թող ինձ դատեն: Մենք ուզում ենք, որ դատ լինի, բացահայտվի ինչ է կատարվել: Անհիմն կասեցրել են գործի քննությունը: Գտնում եմ, որ դատարանի մերժումը օրենքի շրջանակում չի",- երեկ մեզ հետ զրույցում ասաց Զադոյանը՝ իր առողջական վիճակի մասին հավելելով. "Ոտքս չի ծալվում, բայց ես շատ ավելի վատ վիճակում եմ եղել, գնացել եմ առերեսման: Էն, ինչ որ պատճառաբանում են գործը կարճելու համար, լրիվ անհեթեթություն է": Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը կարճման որոշման համար հիմք էր համարել Արթուր Զադոյանի ծանր հիվանդությունը, որի դեպքում անհնար է քննչական գործողություններ կատարել եւ շարունակել գործի քննությունը:



Քննչական գործողություն ասելով` քննչական մարմինը նկատի է ունեցել կոնկրետ հետեւյալ գործողությունը. Ա. Զադոյանն իր կիսագուլպայի մեջ պետք է ատրճանակ դնի եւ վազի մոտ 10 մետր, որպեսզի նախաքննական մարմինը համոզվի` դա հնարավո՞ր է, եւ նրա գուլպայի մեջ կարո՞ղ էր իսկապես զենք լինել, թե՞ ոչ: Քանի որ Արթուրը հենակներով է տեղաշարժվում, անհնար են համարել քննությունը շարունակել: Զադոյանի պաշտպան Մարինե Թովմասյանի պնդմամբ` գործով ձեռք չի բերվել որեւէ ապացույց, որը կվկայեր, որ Արթուրի մոտ զենք է եղել, չկա որեւէ եզրակացություն, որ Արթուր Զադոյանը ծանր հիվանդ է եւ չի կարող մասնակցել մի շարք քննչական գործողությունների: Արթուր Զադոյանը որոշել է գնալ մինչեւ վերջ ու հասնել արդար դատավարության այս գործով:



"Կարո Կարապետյանը իր մոտիկների միջոցով տարածում է, թե վերեւից ներքեւ ես իմ հարցերը լուծել եմ, ես ուժեղ եմ, ես պրոբլեմ չունեմ, բայց հո ամեն ինչ փողով չի՞: Գնալու եմ մինչեւ վերջ: Ինքը պետք է պատժվի: Որ փող ունի, ի՞նչ, ամեն ինչ փո՞ղը պիտի որոշի: Մարդ էլ կա, չէ՞, էս հանրապետությունում արժանիք ունեցող",- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորից տուժածը:  Այժմ Զադոյանի պաշտպանը սպասում է դատարանի մերժման գրավոր տեքստին, նաեւ՝ մերժման հիմնավորմանը, որ բողոքարկի այն: "Ինձ թվում է՝ դատարանն էլ կդժվարանա պատճառաբանություն գրել: Եզրակացություններով ու Զադոյանի ցուցմունքներով, ես կարծում եմ, ինքը լրիվ տուժողի կարգավիճակում է: Այնպես որ, մեր դիմումի մերժումը օրենքի շրջանակում չէ",- երեկ մեզ հետ զրույցում ասաց Զադոյանի պաշտպան Մարինե Թովմասյանը: