Ազատ ու անկա՞խ

Ազատ ու անկա՞խ
Օգոստոսի 20-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների երկօրյա գագաթաժողովը որոշակի անհանգստություն է մտցրել հայաստանյան կյանքում: Նախ, հայտնի դարձավ, որ Երեւանի կենտրոնի որոշ փողոցներ են փակ լինելու: Հետո տեղեկացանք, որ փողոցային առեւտրով զբաղվողներին ասել են, որ այդ օրերին "գործի դուրս չգան": Ապա պարզվեց, որ որոշ տեղերում հապճեպ ասֆալտապատում ու նորոգման աշխատանքներ են գնում, անգամ "լյուկերն" են զոդում: Հասկանալի է, որ անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկվելու: Երեկ մեզ ասացին նաեւ, որ Կասկադի մերձակայքի սրճարաններին են զգուշացրել, որ այդ օրը չաշխատեն: Հավանաբար, Հիլլարի Քլինթոնին Գաֆեսճյան թանգարան տանելուց հետո որոշել են, որ հիմա էլ ԱՊՀ նախագահներին պետք է տանեն, որ "պարիտետը" պահպանվի: Անշուշտ, մի քանի երկրների նախագահների ժամանումը Հայաստան կարեւոր իրադարձություն է մեր կյանքում: Եվ միանգամայն հասկանալի են եւ այս "աժիոտաժը", եւ երկիրը պատշաճ ներկայացնելու ջանքերը, եւ ժամանակավոր սահմանափակումներն ու այլ միջոցառումները: Մի բան է միայն տհաճ, որ մեր երկիրը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել ռուսական կայսրության "ֆորպոստի" կարգավիճակից: Ոչ մի ձեւով չի կարողանում ազատվել ոչ խորհրդային ու հետխորհրդային ժառանգությունից, ոչ ԱՊՀ ու ՀԱՊԿ կեղծ-արհեստածին համակարգերից: Ոչ Պուտին-Մեդվեդեւ զույգի հանդեպ առանձնահատուկ ակնածանքից ու կախումից: Եվ ինչպե՞ս կազատվի, երբ մեր տնտեսությունը ժամառժամ ավելի ու ավելի շատ է կախման մեջ ընկնում ռուսական կապիտալից ու քաղաքականությունից: Երբ ռազմաբազաները վերացնելու փոխարեն դրանց պայմանագրերն են երկարացվում եւ պայքար է գնում Հարավային Կովկասում նրա համակրանքն անմասն վայելելու համար: