Մի "կենացի" հետքերով

Մի "կենացի" հետքերով
Դեռեւս անցած տարվա սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության 18-ամյակի օրը, սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Գոշավանք պատմամշակութային համալիր էր այցելել Հայ իրավաբանների խորհուրդը` 15 երկրներից ժամանած մոտ հինգ տասնյակ իրավաբաններից կազմված, խորհրդի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Մայրաքաղաքում եռօրյա աշխատանքային քննարկումներից հետո Գոշավանք այցելած պատվիրակությունն իր հարգանքի տուրքը մատուցեց հայ մեծ իրավագետ, հայտնի "Դատաստանագրքի" հեղինակ Մխիթար Գոշի գերեզմանին ու շտապեց ճոխ "կենացներ" ասել:



"Այս մեծ մարդու մարգարեություններով ոգեշնչված` նաեւ պետք է կարողանանք մեր խնդիրները լուծել,-ասաց Գագիկ Հարությունյանը:- Չմոռանանք, որ Գոշը կարողացավ մտքի այնպիսի ընդհանրություններ անել, որ նույնիսկ այսօրվա Եվրոպային դա հասանելի դարձավ 14-16-րդ դարերում":  "Նկատելով", որ Գոշի դամբարանն անմխիթար վիճակում է (երեւի մինչ այդ տեղն էլ չգիտեին), վերոնշյալ խորհուրդը տեղում որոշեց ստեղծել հիմնադրամ` այն մեկ տարվա ընթացքում վերանորոգելու համար: Գործին խոստացել էին մասնակցել Սահմանադրական իրավունքի կենտրոնը, Հայաստանի իրավաբանների միությունը եւ "Վարդանյան" հիմնադրամը:



Չխորանալով, թե այսօր ինչ են անում իրենք` Գոշի իրավաբան հետնորդները, "այդ մեծ մարդու մարգարեություններով ոգեշնչված" ինչպես են լուծում իրավական դաշտում առկա խնդիրները, որոնց նկատմամբ շտապում են աչք փակել հանուն սեփական կարիերայի, ուզում ենք ուշադրություն հրավիրել այն փաստին, որ "կենացից" մոտ մեկ տարի անց Գոշի գերեզմանը լքյալ ու ավերակ վիճակում է: Մեր գործիչներին խորթ չէ պահի ազդեցության տակ դիվիդենտներ հավաքելու նպատակով ճոխ խոստումներ տալը: Մանավանդ, երբ դեպի իրենց են ուղղված տասնյակ տեսախցիկներ ու ձայնագրիչներ:



Այս դեպքում գուցե հայկական կոնյակն էլ էր իր խոսքն ասել: Սակայն փաստ է, որ հայ իրավաբանների խոսքն այդպես էլ խոստում մնաց: Գոշի գերեզմանը, որ Գոշավանքի ուղիղ դիմաց գտնվող փոքրիկ բլրի վրա է գտնվում, դարձել է ոչ միայն մոռացված սրբատեղի, այլ նաեւ անասունների արածելու վայր: Եվ քանի դեռ սրբավայրերի նկատմամբ վերաբերմունքն այսպիսին է, Գոշի տապանաքարին գրված` "Հիշեցեք հայ դպրության անխոնջ նվիրյալին" աղերսող գրությունը չի կորցնելու իր արդիականությունը: