"Երեխու" ուսումը կիսատ մնաց

"Երեխու" ուսումը կիսատ մնաց
Օգոստոսի 13-ին մենք "Ուսանողն ու տնօրենը նույն անձի մեջ" հոդվածում ներկայացրել էինք, որ գյուղնախարարը աշխատանքից ազատել է չորս գյուղատնտեսական քոլեջների տնօրեններին ու նոր մարդիկ ընդունել: Գյումրիի քոլեջի տնօրեն է ընտրվել Գագիկ Վարդանյանը, որը նույն քոլեջի երկրորդ կուրսի ուսանող է եւ հայտնի է նրանով, որ ուսման վարձերը չի մուծել, իսկ նախկին տնօրենին աշխատանքից ազատել էին վարձերի հավաքման հարցում թերանալու համար: Նույն օրը Գագիկ Վարդանյանը Գյումրիից հասել էր Երեւան, որ պատասխաներ մեր գրածին: Նա տեղեկանք էր վերցրել նույն քոլեջի տնօրենի պաշտոնակատարից, որ ինքը՝ Գ. Վարդանյանն ուսանում է քոլեջի հեռակա բաժնի երկրորդ կուրսի "Էկոնոմիկա" հաշվապահական հաշվառում եւ աուդիտե կուրսում,  առաջին կիսամյակի վարձը մուծել է, իսկ երկրորդի վարձը մուծելու ժամանակը չի դեռ:



Նաեւ ասում էր, որ իր ղեկավարած քոլեջում ինքը չի սովորելու՝ տնօրեն ընտրվելուց հետո գործերը ետ է վերցրել: Նա նաեւ գրավոր պատասխան է ուղարկել մեզ, որտեղ չնայած իր զայրույթն է հայտնում հոդվածի կապակցությամբ, բայց գրեթե ոչինչ չի հերքում: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:



"Այսօր, ընթերցելով "Հրապարակ" օրաթերթում ինձ վերաբերող հոդվածը, չէի կարող անտարբեր անցնել, քանի որ գրվածն իրականության հետ ոչ մի կապ  չուներ: Ես` 1998թ.-ին Գյումրիից  մեծամասնական ընտրակարգով  ընտրված  պատգամավորս, լինելով նաեւ Գյումրու տեղական  ինքնակառավարման  համակարգում՝ որպես  քաղգործկոմի պատգամավոր, ավագանու անդամ, ղեկավարելով մարզային նշանակության խոշոր պետական կառույցներ, բոլոր նախադրյալներն  ունեցել եմ  մասնակցելու ՀՀ  գյուղնախարարության կողմից հայտարարված Շիրակի գյուղատնտեսական քոլեջի տնօրենի տեղի համար հայտարարված մրցույթին:



Ինձ՝ որպես արդար ու ազնիվ  կենսագրություն ունեցող գյումրեցու, ողջ Գյումրին ճանաչում է ու վստահում: Ասածիս վառ  ապացույցն է, որ ես, մասնակցելով  տեղական եւ համապետական  ընտրություններին, միշտ էլ ստացել եմ գյումրեցիների  աջակցությունը եւ  վստահության հազարավոր քվեներ, ինձ ձայն են տվել գյումրեցիները՝  ականատես լինելով իմ կատարած աշխատանքին եւ ապրած կյանքին: Չլինելով ո՛չ մականունավոր, ո՛չ օլիգարխ, ապրել եմ իմ արդար  վաստակով, ունենալով մեր ազգին ու ժողովրդին արժանապատիվ նախնիներ, շարունակել եմ իրենց գործը, բարձր պահելով մեր գերդաստանի պատիվը:



Այո՛, ունենալով բարձրագույն մանկավարժական կրթություն,  եւ նախկինում, եւ ներկայումս  աշխատելով  գյուղատնտեսության ոլորտում,  նպատակահարմար եմ համարել ստանալ նաեւ նեղ մասնագիտական կրթություն,  դրա համար էլ հեռակայել եմ ե՛ւ գյուղքոլեջում, ե՛ւ Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը "Սոցիալական  աշխատանք" մասնագիտությամբ: Օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաթղթերս  ներկայացրել եմ գյուղնախարարություն` մասնակցելու մրցույթին: Եվ մինչ մրցույթին մասնակցելը, իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել քոլեջից: Ուսման վճարի պարտք չունեմ: Այնպես որ, ինչ գրված է, դա իրականության հետ ոչ մի կապ չունի, դա սուտ եւ կեղծ  տեղեկատվություն է:



Ես մրցույթին պահանջվող բոլոր չափորոշիչները ունեցել եմ, դեռ մի բան էլ ավելի՝ ինձ հետ հայտ են ներկայացրել նաեւ երեք  թեկնածուներ: Ես անկուսակցական եմ, ոչ մի կուսակցության անդամ չեմ, ինչ է, պարտադիր պետք է կուսակցակա՞ն լինեմ, որ մասնակցեմ որեւէ թափուր պաշտոնի մրցույթին: Ի պատիվ ՀՀ գյուղատնտեսության նախարար պարոն Ալավերդյանի՝ արդարացիորեն պետք է փաստեմ, որ  բազմակողմանի ձեւավորված հանձնաժողովը մրցույթի ընթացքում ցուցաբերեց անկողմնակալ մոտեցում, եւ ոչ մի ակնարկ չեղավ կուսակցական պատկանելության մասին, ինչը ես  բարձր եմ գնահատում: Ասելիքներս շատ են, սակայն բավարարվենք այսքանով":